Հրավիրվել էին նաեւ Ղարաբաղում գործող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնցից ոչ բոլորն էին ներկա լսումներին, իսկ եղածներն էլ այդքան ակտիվ չէին: Մի շարք առաջարկություններով հանդես եկան ՀՅԴ եւ «Շարժում 88» կուսակցությունները: Նրանց առաջարկները վերաբերում էին տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացմանը, իշխանությունների գործունեությունը ժողովրդի կողմից վերահսկելուն, վարչապետի նշանակմանը, փոխվարչապետի ինստիտուտի վերացմանը եւ այլն: Լսումների ընթացքում պարզաբանումներ էր տալիս Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Զալինյանը: ՀՅԴ-ն արտահայտեց վարչապետի նշանակման մասին իր կարծիքը, նշելով, որ վարչապետը պետք է նշանակվի ոչ թե նախագահի կողմից, այլ՝ Ազգային ժողովի ձայների մեծամասնությամբ: ՀՅԴ անդամ Վահրամ Բալայանը հայտնեց նաեւ այն կարծիքը, որ հանրապետության վարչապետը, նախարարները պետք է լինեն ԼՂՀ քաղաքացիներ: Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի կարծիքով, դրանով «հարցականի տակ ենք դնում այն բոլոր հայերի հոգեւոր եւ զգայական ձգտումներն Արցախ աշխարհի նկատմամբ, որոնք չեն հանդիսանում ԼՂՀ քաղաքացի»: Հարցին անդրադարձել է նաեւ ԱԺ անկախ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը, որը շեշտել է, որ վարչապետի, նախարարների եւ որոշ պատասխանատու պաշտոններում պետք է ԼՂՀ քաղաքացիներ լինեն: Սփյուռքահայերի մասին խոսելով, նա հայտնեց այն կարծիքը, որ վերոնշյալ պաշտոններ զբաղեցնելու ցանկություն ունեցող սփյուռքահայը պետք է գա Ղարաբաղ, ապրի որոշ ժամանակ, ծանոթանա եւ ուսումնասիրի ոլորտը՝ նոր զբաղեցնի համապատասխան պաշտոնը: ՀՅԴ-ն հանդես է եկել նաեւ մեկ այլ առաջարկով, ըստ որի, Ղարաբաղի քաղաքացիներին պետք է հնարավորություն տրվի իրենց իրավունքները միջազգային համապատասխան ատյաններում պաշտպանելու համար: Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Զալինյանն ասաց, որ «չենք կարող նման իրավունք սահմանել, որովհետեւ եթե մենք իրավունք ենք սահմանում մեր Սահմանադրության մեջ, պետությունը պարտավոր է այդ իրավունքն ապահովել: Չենք կարող սահմանել այդ իրավունքը, որովհետեւ մենք չճանաչված պետություն ենք, երկրորդը՝ այդ միջազգային մարմինների, ատյանների անդամ չենք, որպեսզի կարողանանք մեր քաղաքացուն այդպիսի հնարավորություն ընձեռել»:
Հաջորդ օրը լսումներին հրավիրվել էին հ/կների ներկայացուցիչները, որոնք, ի տարբերություն քաղաքական գործիչների՝ բավական ակտիվ էին:Նրանց առաջարկները հիմնականում վերաբերում էին մարդու իրավունքների պաշտպանությանը, ԱԺ դերի բարձրացմանը, կառավարության գործունեության՝ հանրային վերահսկողության հնարավորությանը, պետական կառավարման համակարգի զարգացմանը, իշխանության թեւերի տարանջատմանը, դատա-իրավական, պետության եւ հասարակական կազմակերպությունների հարաբերությունների ձեւավորմանը եւ այլն: Լսումներին ներկա ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը փաստեց, որ վարչապետի նշանակման վերաբերյալ առաջարկությունները քննարկման փուլում են, եւ, ըստ ամենայնի, նախագծում կմտցնեն այդ փոփոխությունը, ըստ որի, վարչապետին կհաստատի ԱԺ-ն: Տեղեկացնենք, որ Սահմանադրության հանրաքվեն նախատեսվում է անցկացնել այս տարվա դեկտեմբերին: