Մեղքը «Նաիրիտի՞նն» է

29/09/2006

«Նաիրիտ» գործարանի ետադարձ ջրերի խողովակաշարի պայթյունի մասին պաշտոնական եզրակացությունն առայժմ չի հրապարակվել, սակայն մի քանի փաստեր հիմք են տալիս ենթադրելու, թե պատճառն այնուամենայնիվ պետք է փնտրել ոչ թե նույն խողովակաշարից օգտվող այլ ձեռնարկություններում, այլ հենց «Նաիրիտում»։ Մասնավորապես, իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ հենց պայթյունի հաջորդ օրը «Նաիրիտի» ղեկավարությունը ձեռնարկության բազմաթիվ աշխատակիցների արձակուրդ է ուղարկել։ Բացի այդ, պայթյունից վնասված ավտոմեքենաների տերերին հենց «Նաիրիտն» է դրամական փոխհատուցում առաջարկել։

«Նաիրիտ» գործարանի ետադարձ ջրերի խողովակաշարում շաբաթ օրը տեղի ունեցած աննախադեպ պայթյունի պատճառները դեռեւս չեն բացահայտվել:

Պայթյունից արդեն 5 օր է անցել, սակայն համապատասխան մարմիններն այդ դեպքի մասին պաշտոնական ոչ մի բացատրություն չեն տալիս: «Նաիրիտ» գործարանի տնօրեն Կարեն Իսրայելյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ բացատրությունը կլինի միայն հանձնաժողովի եզրակացությունից հետո, որը հավանաբար կլինի վաղը: Իսկ մինչ հայտնի կդառնա, թե հանձնաժողովն ինչ է եզրակացրել, պայթյունի պատճառի հնարավոր վարկածներն ավելանում են: Դրանք կապված են գազալցակայանների, «Մաքուր Երկաթ» գործարանի եւ այլ կազմակերպությունների հետ, որոնք օգտվում են նույն կոյուղագծից:

«Նաիրիտ» գործարանի ետադարձ ջրերի խողովակաշարում շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունի պատճառների նկատմամբ հասարակության հետաքրքրությունը շարունակում է մեծանալ: Եվ որքան մեծանում է, նույնքան էլ շատանում են պայթյունի պատճառների մասին հնարավոր վարկածները: Բայց թիվ մեկ վարկածը շարունակում է մնալ «Նաիրիտից» արտանետված գազի մեծ քանակությունը: Պաշտոնական տվյալներով, սակայն, գործարանն, արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում: Սա նշանակում է, որ նման դեպքում հնարավոր չէ գազ արտանետել: Բայց կոյուղագծի շրջակայքի բնակիչները պատմում են, որ պայթյունից մոտ մեկ ժամ առաջ գազի սուր հոտ է տարածվել: Այդ հոտը պակաս սրությամբ նրանք պարբերաբար զգացել են, բայց այս անգամ սուր հոտը մարդկանց տարօրինակ է թվացել: Իսկ երբ կոյուղագիծը պայթել է, նրանք մտածել են, որ հոտի աննախադեպ սրությունը կարող է կապված լինել մեծ քանակությամբ գազի արտահոսքի հետ: Ի՞նչ է սա նշանակում. պաշտոնապես անջատված լինելու պայմաններում «Նաիրիտն», այնուամենայնիվ, աշխատե՞լ է եւ «լեւի» եկամուտնե՞ր է ապահովել: Միգուցե հենց սա՞ է պատճառը, որ դեպքի հետ կապված պաշտոնական մեկնաբանությունը դանդաղում է:

Վարկածներից մեկն էլ կապում են կոյուղագծում տարիներ շարունակ կուտակված ացետիլենի եւ պոլիացետիլենի միացությունների թափոնների հետ, որոնք էլ առաջացրել են նման աննախադեպ պայթյուն: Այդ կոյուղագիծը պետք է պարբերաբար զննվեր եւ ենթարկվեր մաքրման, սակայն պարզ է, որ անցած տարիներին, մանավանդ մի քանի սեփականատեր փոխելուց հետո, «Նաիրիտը» նման շռայլություն դժվար թե տեսած լիներ: Կոյուղագիծը եւ հոսող ջրերի բաղադրությունը պարբերաբար պետք է ենթարկվեին նաեւ բնապահպանական ուսումնասիրության: Ինչպես երեւում է, նման ուսումնասիրություն էլ տեղի չի ունեցել, հակառակ դեպքում պայթյուն տեղի չէր ունենա: Իսկ այս անուշադրության ու բարձիթողի պայմաններում պարզ է, որ պայթյուններն անխուսափելի են: Նորագավիթցի Հակոբը պատմում է, որ ժամանակին կոյուղագծերն իրար միացնող դիտահորերի վրա տեղադրված են եղել մոտ 1 մետր տրամագծով հաստ խողովակներ, որոնք գետնից 2-3 մետր վեր են ձգվել: «Սովետի մասնագետները խելոք են եղել, որ նման բան են արել,- ասում է Հակոբը: -Բայց տարիներ առաջ այդ խողովակները կտրեցին, տարան վաճառեցին: Այդ խողովակներն ամրացրել էին, որ պայթյունների ժամանակ գազի ճնշումը կոյուղագծից ու դիտահորերից դուրս գար առանց նման վնասներ պատճառելու: Սակայն դրանք կտրեցին տարան, դիտահորերի անցքերն էլ բետոնով ու պանելներով այնպես փակեցին, որ օդ դուրս չէր գալիս: Դրա համար էլ էդ պայթյունը եղավ»: Վարկածներից մյուսն էլ «մեղադրում է» «Մաքուր Երկաթ» գործարանին, որի կոյուղագիծը միանում է «Նաիրիտի» կոյուղագծին: Սակայն գործարանի տնօրեն Գենիկ Կարապետյանը բացառեց, որ իրենց մոտից թունավոր նյութերի արտահոսք լինի:

«Որովհետեւ մենք այդպիսի նյութեր չենք օգտագործում»,- ասաց պարոն Կարապետյանը:

Հաջորդ վարկածն էլ կապում են գազի լցակայանների ստորգետնյա պահեստներից ու խողովակներից տեղի ունեցող հնարավոր արտահոսքի հետ: Իբր թե խողովակներից գազը հոսել է եւ ազատ տարածք փնտրելով՝ կուտակվել է կոյուղագծում եւ պայթյուն առաջացրել: Նորագավիթում կոյուղագծից մոտ 100 մետր հեռավորության վրա կար հեղուկ գազի լցակայան, որը, սակայն, չուներ պահեստ: Այդտեղ գազը պահում էին ցիստեռնի մեջ եւ գազը լցման կետ էր հասնում վերգետնյա խողովակների միջոցով: Այստեղից ստորգետնյա արտահոսք չէր լինի: Գազալցման կայաններ ունեցող «Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը տեղեկացրեց, որ իրենք այդ տարածքում լցակայան չունեն: «ՀայՌուսգազարդից» էլ տեղեկացրին, որ այդ մասում ստորգետնյա գազատար խողովակներ չեն անցնում: Այսպիսով, գազի վարկածը կարծես թե բացառվում է: Բացի այդ, շրջակայքի բնակիչներն էլ բացառում են այդ տարբերակը՝ ասելով, որ նախապես եւ պայթյունի ժամանակ առաջացած հոտը գազի հոտին բնավ նման չէր: Հակառակը, անընդհատ կոյուղագծից փչող հոտն էր, որն այս անգամ ավելի սուր էր:

Պայթած կոյուղագիծը եւ դիտահորերից մեկը գտնվում է Նորագյուղի բնակիչ Գարեգին Նահապետյանի այգում: Ժամանակին նրանց զգուշացրել են, որ կոյուղագծից 10 մետր հեռավորությունից պակաս տարածության վրա չի թույլատրվում տուն կառուցել, սակայն այգի տնկել թույլատրել են: Նահապետյաններն իրենց տունը կառուցել են կոյուղագծից 50-60 մետր հեռավորության վրա: Բայց հնարավոր վտանգն ընդհանրապես չի մտահոգել նրանց հարեւանին, ով անմիջապես պայթած երկրորդ դիտահորի վրա շինանյութի խանութ է կառուցում: Պայթյունը ոչ միայն փլել է դիտահորի մի մասը, այլեւ քանդել է խանութի երկու պատի անկյունային հատվածը: Բարեբախտաբար, շինարարներն այդ պահին ընդմիջման են եղել: Հակառակ դեպքում դժվար է ասել, թե պայթյունից օդ բարձրացած եւ դեսուդեն շպրտված բետոնե սալի կտորները նրանց ի՞նչ վնաս կարող էին պատճառել: Կառուցապատողը, որը չցանկացավ ներկայանալ, դիտահորի վրա իր միջոցներով «սպեց վերանորոգում» է իրականացնում եւ պատրաստվում է ավարտին հասցնել շինությունը: Նա այնքան էլ չի վախենում նոր պայթյուններից: Ասում է, թե նման դեպքերը 100 տարին մեկ են տեղի ունենում: Բայց հետաքրքիր է, որ նման դեպքերը չեն մտահոգում նաեւ «Նաիրիտի» ու համապատասխան մարմինների ղեկավարներին, որոնք չեն խոչընդոտում այդ շինության կառուցմանը եւ անտարբեր են դրա հետեւանքների նկատմամբ:

Ի դեպ, պայթյունի հետեւանքով վնասվել էր նաեւ Երեւան եկող մայր ջրատարներից մեկը: «Նաիրիտից» ու «Երեւան Ջրմուղ-Կոյուղուց» եկել ու վերանորոգել են ջրատարը, սակայն եռակցման հատվածը լավ չի ստացվել, եւ ջուր է դուրս տալիս: Շրջակայքի բնակիչները հավատացնում են, որ խողովակն այդպես երկար չի մնա եւ ուժեղ ճնշման տակ մի օր նորից կպայթի:

Կոյուղագծի պայթյունի ժամանակ վնասվել էին նաեւ 6 մեքենաներ: «Նաիրիտ» գործարանի տնօրեն Կարեն Իսրայելյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ երբ հանձնաժողովը պարզի, թե ում մեղքով է տեղի ունեցել վթարը, նա էլ վնասները կփոխհատուցի: Մեր զրուցակից Հակոբը տեղեկացրեց, որ այդ օրը պատահաբար Գառնիից եկել էր իր խնամին եւ մեքենան կայանել էր փողոցում: Պայթյունից օդ բարձրացած քարերը ընկել են նրա «ՎԱԶ 21-08» մակնիշի մեքենայի վրա ու վնասել: Հակոբը տեղեկացրեց, որ իր խնամուն կանչել են «Նաիրիտ» եւ ասել են, թե 300 դոլար փոխհատուցում կտան: Իսկ մեկ այլ՝ ավելի շատ վնասված մեքենայի տիրոջը 1000 դոլար են առաջարկել: Գումարները, սակայն, դեռ չեն տվել: Կտան հանձնաժողովի եզրակացությունից հետո: Այս ամենից հարց է ծագում՝ «Նաիրիտի» ղեկավարության կողմից նման քայլն արդյոք չի՞ հաստատում այն առաջին վարկածը, ըստ որի` պայթյունի պատճառները հենց գործարանից են դուրս եկել: