Օղակաձեւ ավտոմայրուղի Սեւ ծովի շուրջ

29/09/2006

Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) 12 անդամ երկրների տրանսպորտի նախարարները երեկ Սեւ ծովի շուրջն օղակաձեւ ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինն ասել է, թե ավտոմայրուղու հարցը վերջնականապես կհաստատվի նոյեմբերին, երբ համապատասխան հուշագիր կստորագրեն ՍԾՏՀ-ի երկրների արտգործնախարարները: Առայժմ շահագրգիռ երկրների տրանսպորտային գերատեսչությունները պատրաստել են ավտոմայրուղու շինարարության վերաբերյալ իրենց առաջարկները: Ըստ Լեւիտինի, ՍԾՏՀ-ի բանկը եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկն արդեն պատրաստակամություն են հայտնել ներդրումներ կատարել շինարարությունում: Հայաստանի տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանն առաջարկել է մայրուղին կառուցելիս հաշվի առնել դեպի Սեւ ծով տրանսպորտային ելքի հնարավորությունն այն երկրների համար, որոնք այժմ չունեն դա: Նախնական գնահատումներով, ավտոճանապարհի երկարությունը կլինի ավելի քան 7 հազար 100 կիլոմետր: Այն անցնելու է Ստամբուլով, Բաթումիով, Նովոռոսիյսկով, Տագանրոգով, Մարիուպոլով, Օդեսայով, Քիշնեւով, Բուխարեստով, Խարկովով, Ալեքսանդրոպոլիսով: Կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիսանթոպուլոսի խոսքերով՝ ավտոմայրուղու շինարարությունը թույլ կտա կապ հաստատել Եվրոպայի եւ Ասիայի ճանապարհային ենթակառուցվածքների միջեւ: