Վերջին շրջանում Հայաստանում ակտիվացել են կրիմինալի դեմ ուղղված հայտարարություններն ու կոչերը: Մոտ երկու տասնյակ կուսակցություններ նույնիսկ ստեղծել են «հակակրիմինալ շարժում», հնչեցրել են կրիմինալի հետ կապ ունեցող մարդկանց 1-2 անուն եւ արդեն, ինչպես երեկ մեզ փոխանցեց հակակրիմինալի հավաքների մասնակից, «Նոր Ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) ղեկավար Արամ Կարապետյանը, ընդունել են կրիմինալի դեմ ուղղված համատեղ հայտարարություն, որը երեկ ներկայացվել է հակակրիմինալի հավաքներին մասնակցող կուսակցություններին:
Այսօր նախատեսված է այդ հայտարարության ստորագրումը, որից հետո միայն այն կհրապարակվի: Սակայն հակակրիմինալ շարժման մասնակիցների գործողություններն առաջացրել են որոշ մարդկանց եւ կուսակցությունների ցասումը: Նախ, հակակրիմինալի մաս կազմող «Մտավորականների ֆորումին» քննադատող մի հայտարարություն տարածվեց մի խումբ մտավորականների անունից, որոնցից շատերը, ինչպես պարզվեց հետագայում, նույնիսկ չեն էլ ծանոթացել իրենց ստորագրած հայտարարության բովանդակությանը, իսկ ոմանք էլ պնդում են, թե իրենք իրականում նման հայտարարության տակ չեն էլ ստորագրել: Եվ ահա նախօրեին հակակրիմինալի դեմ ուղղված հայտարարություն է տարածել Տիգրան Ուրիխանյանի ղեկավարած Հայաստանի առաջադիմական կուսակցության» (ՀԱԿ) վարչությունը: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը բոլորին սպառնում են ինչ-որ փաստեր ու անուններ հրապարակելով, սակայն ոչ մեկը ոչ մեկի սպառնալիքին լուրջ չի վերաբերվում: Դատեք ինքներդ: Վերոնշյալ հայտարարությունով ՀԱԿ-ն իր զարմանքն ու զայրույթն է արտահայտում «հակակրիմինալ» շարժման մասնակիցների գործողությունների կապակցությամբ: «Առանց մանրամասնելու տեղի ունեցածը՝ այն որակում ենք որպես սեփական անհեռատեսությամբ ստեղծված իրավիճակից մի կերպ դուրս գալու փորձ»,- նշված է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ, ու նաեւ ասվում է, թե ամենայն պատասխանատվությամբ հայտարարում են, թե «հակակրիմինալ» շարժման մասնակից գործիչների կեսից ավելին տարբեր ժամանակներում անձամբ մասնակից են եղել կրիմինալ պարունակող գործերի եւ կատարել են հակաօրինական քայլեր: ՀԱԿ-ը հակակրիմինալում տեղ գտած այդպիսի գործիչներին առաջարկում է «անմիջապես դուրս գալ այդ շարժման կազմից՝ այն չվարկաբեկելու համար»: Իսկ հեռանալու համար էլ տրամադրում է երեք օր եւ երեք ժամ: «Եթե վերը նշված ժամկետի ընթացքում «հակակրիմինալից» չհեռանան նրանք, ովքեր հեռու չեն եղել մաքսանենգությունից, կաշառք տալուց եւ միջնորդելուց, թմրանյութերի օգտագործումից, հարկերի խուսափումից, ապօրինի զենք եւ զինամթերք պահելուց եւ այլն, ս/թ. սեպտեմբերի 29-ին ժամը 20:00-ին մենք կհրապարակենք այդ «գործիչների» անունները, կներկայացնենք փաստեր եւ ապացույցներ ու կպահանջենք նրանց անմիջապես ազատազրկել»,- այսպիսի սպառնալից ավարտ ունի ՀԱԿ վարչության՝ նախօրեին տարածած հայտարարությունը, որին հակակրիմինալից ՆԺԿ ղեկավար Ա. Կարապետյանն այսպես արձագանքեց. «Եթե երեք օրվա մեջ այդ ամեն ինչը չհրապարակի, ուրեմն՝ Տիգրան Ուրիխանյանը տղամարդ չի»: Ինչեւէ, իսկ ՀԱԿ-ում մտավախություն չունե՞ն, որ իրենց այս հայտարարությունից հետո իմանալ-չհայտնելու եւ հանցագործություններ պարտակելու համար կմեղադրվեն քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Պատասխանելով մեր այս հարցին՝ երեկ ՀԱԿ ղեկավար Տ. Ուրիխանյանն ասաց, թե պատրաստ է պատասխանատվություն կրել: Իսկ եթե ՀԱԿ-ում իրոք ունեն նման փաստեր, որոնց մասին նշել են իրենց տարածած վերոնշյալ հայտարարության մեջ, ինչո՞ւ մինչեւ հիմա չեն հրապարակել, ինչի արդյունքում էլ, փաստորեն, քրեական հանցագործություն է կատարվել: «Համապատասխան նկատառումներից ելնելով, որովհետեւ իմ կարծիքով՝ կան հանգամանքներ, որոնք, քաղաքականությամբ զբաղվող մարդու տեսանկյունից եմ ասում, հարկ եղած ժամանակ հարկավոր է գործածել հանուն պետականության եւ հանրային շահերի»,- մեր այս հարցին էլ այսպես պատասխանեց Տ. Ուրիխանյանը: Հարկ է նշել, որ Տ. Ուրիխանյանի ղեկավարած կուսակցությունը սովորաբար աչքի է ընկնում խիստ յուրօրինակ եւ ագրեսիվ նախաձեռնություններով: Հիշեցնենք, որ Տ. Ուրիխանյանը հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովի գլխի համար 120 հազար դոլար էր խոստացել, եթե դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման չդատապարտեր: Վերջերս էլ Տ. Ուրիխանյանը հայ-ադրբեջանական սահմանի վրա ժամադրություն էր նշանակել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդին, ով հայտարարել էր, թե կարող է Հայաստանի դեմ ջիհադ (սրբազան պատերազմ) հայտարարել: ՀԱԿ-ը նաեւ սպառնացել էր, թե եթե Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը չգա հանդիպմանը, իրենք նրան հրապարակավ կանվանեն վախկոտ: Սեպտեմբերի 20-ին էլ ՀԱԿ վարչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե եթե երկու օրվա ընթացքում ՍԻՄ-ի ղեկավարները չդադարեցնեն հրապարակային վեճերը, եւ եթե ՍԻՄ-ի ղեկավար Հրանտ Խաչատրյանը դուրս գա քաղաքականությունից, ապա քաղաքականությունից դուրս կգա նաեւ ՀԱԿ ղեկավարը: «Առաջարկում ենք նաեւ մյուս բոլոր կուսակցությունների առաջնորդներին եւս դուրս գալ քաղաքականությունից եւ դրանով վերջ դնել հայ մարդուն անվայել դրսեւորումներին»,- ասված էր այդ հայտարարության մեջ, ընդ որում, իրենց այս քայլը հայտարարության հեղինակները որակում էին որպես «ՀԱԿ ղեկավարության կողմից անձնազոհաբար ձեռնարկված կրթադաստիարակչական միջոցառումներ»: Հ. Խաչատրյանն արդեն հայտարարել է քաղաքականությունից իր հեռանալու մասին: Ե՞րբ է պատրաստվում Տ. Ուրիխանյանը, համաձայն իր կուսակցության վարչության խոստման, դուրս գալ քաղաքականությունից: «Պետք է նկատել այդ հայտարարության ակնհայտ ծաղրային բնույթ ունեցող խրատադաստիարակչական բովանդակությունը»,- մեր այս հարցին երեկ այսպես պատասխանեց Տ. Ուրիխանյանը, հավելելով, թե խոսքը գնում է նրա մասին, որ «անհարմար է, մարդիկ, այս ի՞նչ ենք անում»: «Հետո, եղավ այսպես. գրությունը գնալու ժամանակ Հ. Խաչատրյանն ասուլիս էր տալիս: Այդ մարդը կարծեք թե արհեստականորեն շտապում էր ամեն ինչ անել. դեռ չսպասեց էլ, որ երկու օրը լրանա: Ի տարբերություն բոլոր հրաժարական տվողների, ես իհարկե չեմ պատրաստվում հրաժարական տալ եւ շեղվել իմ ուղուց»,- պարզաբանեց ՀԱԿ ղեկավարը: Վերջինիս խոսքերով՝ անկախության 15-ամյակի կապակցությամբ կարծեք թե յուրաքանչյուրս շտապեցինք մի նվեր մատուցել հասարակությանը՝ պառակտմամբ, իրար վրա ցեխ շպրտելով, դավաճանություններով եւ այլն: «Եթե հիշում եք, այդ հայտարարության մեջ ասվում էր, որ կոչ ենք անում բոլոր գործիչներին՝ հրաժարական տալ: Այս ի՞նչ մանկապարտեզային բաներ են կատարվում, մանկամսուրային իրավիճակ ստեղծվեց»,- նշում է Տ. Ուրիխանյանը՝ հավելելով, թե ընդհանուր առմամբ շփվել է Հ. Խաչատրյանի հետ եւ նրան համարել է քաղաքական լուրջ գործիչ: