Ինչպե՞ս է ՀՀ նախագահի՝ տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը վերաբերվում կոռուպցիայի դեմ պայքարի առանձին մարմին ստեղծելու մասին ՀՅԴ-ի առաջարկին: Պատասխանելով այս հարցին՝ նախօրեին Վ. Ներսիսյանցը կասկած է հայտնել, թե արդյո՞ք նոր, առանձին մարմինն ինքը չի դառնա կոռուպցիայի աղբյուր: Իսկ դաշնակցությանը ՀՀ նախագահի խորհրդականը խորհուրդ է տվել հետեւողական լինել եւ վերադառնալ 1890 թվականին որդեգրած սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությանը եւ, ազատական ուժերի «փեշից բռնած» լինելու փոխարեն, դառնալ այդ ազատականների ընդդիմախոսը, որպես գաղափարական հակակշիռ:
Մեկնաբանելով Վ. Ներսիսյանցի վերոնշյալ հայտարարությունը՝ երեկ մեզ հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը նախ նշեց, թե Վ. Ներսիսյանցը նաեւ ասել է, թե սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն դավանելով` ՀՅԴ-ն հակակշիռ կլինի ազատականներին, քանի որ ազատականները երբեմն կարող է շեղվեն եւ գնան ինչ-որ ծայրահեղությունների, եւ ապա ավելացրեց. «Երեւի թե ճիշտ կլիներ, որպեսզի որեւէ քաղաքական ուժի որեւէ քայլին գնահատական տալուց առաջ այս կամ այն անձը, առավելեւս` պետական պաշտոնյան, խորամուխ լիներ տվյալ քաղաքական ուժի կոնկրետ առաջարկի տրամաբանության մեջ»: Ս. Սեյրանյանի խոսքերով՝ մի բանում պարոն Ներսիսյանցը ճիշտ է. իրենք՝ ազատականները, իրոք, կարող է շեղվեն եւ գնան ինչ-որ ծայրահեղությունների: Ըստ դաշնակցական պատգամավորի, ցավոք, շեղումներն այնքան շատ են, իսկ ծայրահեղությունները՝ այնքան խորը, որ հենց դրանով էլ պայմանավորված էր դաշնակցության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ պետական մարմին ստեղծելու առաջարկի տրամաբանությունը: Միաժամանակ մեր զրուցակիցը ցավով նշում է, թե այդ շեղումները եւ ծայրահեղություններն ազատական ուժերի ներկայացուցիչների մոտ այնպիսի աստիճանի են հասել, որ ՀՅԴ-ի ցանկացած առաջարկություն, եթե անգամ այն ընդունվում է, միշտ չէ, որ հասցնում է տրամաբանական այն արդյունքին, որը ՀՅԴ-ում ակնկալում են: Մեր զրուցակցի խոսքերով, այդ առաջարկների ամբողջ բովանդակությունն այն է եղել, որ ազատականների կատարած ծայրահեղ քայլերն ինչ-որ ձեւով մեղմվեին, եւ երկրի իշխանությունները կարողանային գտնել եւ իրականացնել այդ ոսկե միջինը: «Սրանով է պայմանավորված մեր առաջարկների էությունը»,- բացատրում է Ս. Սեյրանյանը: Իսկ ահա իրենց որդեգրած սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությանը վերադառնալու փոխարեն ազատականների «փեշից բռնած» լինելու մեղադրանքի մասով էլ Ս. Սեյրանյանը նշեց. «Եթե պարոն Ներսիսյանցն ընդհանրապես տեղյակ է քաղաքագիտական ընդհանուր հասկացություններին, մանավանդ այս կամ այն քաղաքական ուժի սոցիալ-տնտեսական քաղաքականության վերաբերյալ որոշումների տրամաբանությանը, ապա պետք է որ հասկանար, որ մեր որեւէ առաջարկ ազատականների փեշերից բռնելու տրամաբանությամբ չէ, որ պայմանավորված է»: Պատգամավորի խոսքերով, երեւի թե պարոն Ներսիսյանցն այնքան էլ խորամուխ չէ ընդհանրապես թե՛ անցյալ դարի վերջերի սոցիալ-դեմոկրատական հայացքներին, թե՛ ներկայիս ձախ, ընկերվարական, այդ թվում նաեւ սոցիալ-դեմոկրատական հայացքներին, որովհետեւ, ըստ Սպարտակ Սեյրանյանի, եթե նա այդ տեսություններին եւ ուղղություններին լավ ծանոթ լիներ, ապա կհասկանար, որ դաշնակցության առաջարկները բխում են հենց ժամանակակից ընկերվարության եւ ժամանակակից սոցիալիզմի քաղաքական կողմնորոշումների տրամաբանությունից: