Վիժեցնել բանակցությունները Հայաստանի ձեռքով

29/09/2006

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում ունեցած ելույթից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հայցազրույցում ասել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ փարիզյան հանդիպման ընթացքում խոսք կար Նյու Յորքում նախարարների հանդիպում անցկացնելու մասին, սակայն երբ ՎՈՒԱՄ-ը հակամարտությունները քննարկելու առաջարկն օրակարգի հարց դարձրեց, իրավիճակը փոքր-ինչ փոխվեց, եւ այդ հանդիպումը հայկական կողմի առաջարկությամբ հանվեց: «Մեզ համար անհրաժեշտություն ստեղծվեց իրավիճակը պարզել, համանախագահների հետ հստակեցնել, թե ինչպիսի՞ հնարավոր զարգացումներ այնտեղ կարող են լինել: Եվ այս հանդիպման ընթացքում հենց դա արվեց»,- ասել է Վ. Օսկանյանը, հավելելով, թե այդ իմաստով ինքը բավարարված է արված բացատրությունից: Հայաստանի արտգործնախարարը համանախագահների հետ իր հանդիպումը բավական արդյունավետ է որակել: Հիշեցնենք, որ Վ. Օսկանյանը ՄԱԿ-ում իր վերոնշյալ ելույթում հաստատել է, որ Հայաստանը համաձայն է ԼՂ հարցի կարգավորման՝ այսօր սեղանի վրա դրված սկզբունքների հետ: «Ադրբեջանը ոչ բացահայտ, տողատակում, անընդհատ ցույց է տալիս, որ փորձ է անում հետ կանգնել այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել առայսօր: Եվ սա է հիմնական մտահոգությունը: Դա գալիս է ապացուցելու այն բոլորը, ինչ այսօր տեղի է ունենում՝ որ դրանք միտված են վիժեցնելու Մինսկի գործընթացը»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Վ. Օսկանյանը: Վերջինիս խոսքերով՝ խնդիրը հետեւյալն է. Ադրբեջանը փորձում է գործընթացը վիժեցնել Հայաստանի ձեռքով: Համանախագահների եւ ադրբեջանական կողմի հետ ԼՂ հարցով առաջիկայում հնարավոր հանդիպումների մասին ՀՀ արտգործնախարարը դժվարացել է կոնկրետ որեւէ բան ասել: Սակայն ըստ «Trend»-ի, Ադրբեջանի ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Թահիր Թաղիզադեն երեկ հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ապագայում հերթական այցը կկատարեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան: Նա նաեւ ասել է, թե Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ նախօրեին Նյու Յորքում կայացած խորհրդատվությունների ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Թաղիզադեն երկու ժամ տեւած այդ հանդիպումն օգտակար է որակել: Ընթացիկ շաբաթվա վերջում համանախագահներն այցելելու են նաեւ Հելսինկի: Ֆինլանդիան ներկայումս Եվրամիությունում նախագահող երկիրն է, եւ միջնորդները մտադիր են Հելսինկիին ներկայացնել ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը:

Ռ.Թ.