Չնայած իշխանությունների համառ ջանքերին, Ազգային ժողովը երեկ այդպես էլ չկարողացավ ընդունել «Հասարակության եւ պետական կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը: «Արդարություն», «Ազգային Միաբանություն», «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցություններն ու անկախ պատգամավորները երեկ բոյկոտեցին քվեարկությունը:
Արդյունքում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՄԱԿ-ը, «Գործարարն» ու «Ժողպատգամավորը» միասին դահլիճում ներկա պատգամավորների միջոցով կարողացան ընդամենը 62 ձայն ապահովել: Պատգամավոր Արշակ Սադոյանը, համադրելով դահլիճում ներկա պատգամավորների թիվը, «կողմերի» եւ «դեմերի» քանակը, կասկած հայտնեց քվեարկության արդյունքների կապակցությամբ: Օրինագիծը եւս մեկ անգամ դրվեց քվեարկության, սակայն կրկին 62 ձայն ստացավ: Եվ քվորումի բացակայության պատճառով առաջին ընթերցմամբ այն չանցավ: Սա` այն դեպքում, երբ պատգամավորներից մի քանիսը քվեարկում էին նաեւ իրենց բացակա ընկերների փոխարեն: Օրինակ, թեեւ Աշոտ Արսենյանն ու Ջոնիկ Աբրահամյանը դահլիճում չէին, սակայն նրանց կողքին նստած Հարություն Ղարագյոզյանը կարողացավ ապահովել բացակա ընկերների «կողմ» ձայները:
Իսկ այս օրենքը պետք է ընդունվեր մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը, քննելով «հանրային կարիքների» արդյունքում տուժած Բուզանդի փողոցի բնակիչներին առնչվող հայցը, իր որոշման մեջ նշել էր, որ ԱԺ-ն պետք է մինչեւ հոկտեմբերի 1-ը համապատասխան օրենք ընդունի, որով, ի վերջո, կկարգավորվի, թե երբ կարելի է օտարել մարդու սեփականությունը: Փաստորեն, մեզանում հերթական անգամ անկատար մնաց ՍԴ որոշումը:
ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանի խոսքերով, իշխանություններն ամեն ինչ արեցին՝ նախագիծն անցկացնելու համար, սակայն չկարողացան: «Եթե չուզենային, ուրիշի փոխարեն չէին քվեարկի: Բայց այստեղ մի կարեւոր հարց կա. երբ որ ժողովուրդը կանգնում է ընդդիմության թիկունքին ու պայքարում է, ապա դա էլ է ազդում մեծամասնությունը կազմող պատգամավորների վրա»,- ասաց Գ. Հարությունյանը: Նշենք, որ նախօրեին, երբ քննարկվում էր «Հասարակության եւ պետական կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը, Բուզանդի փողոցի բնակիչները հավաքվել ու բողոքի ակցիա էին անում խորհրդարանի շենքի մոտ ու պահանջում էին դեմ քվեարկել նախագծին:
Իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն ու ՄԱԿ-ն օրենքի չընդունվելու պատասխանատվությունը գցում են ՀՀԿ-ի վրա, քանի որ իրենք ամբողջ խմբակցությամբ կողմ քվեարկեցին նախագծին: Իսկ ՀՀԿ-ի պատգամավորների մեծամասնությունը բացակայում էր դահլիճից: «ՀՅԴ-ն ամբողջ կազմով նստած՝ կողմ քվեարկեց: Մենք ցանկացանք, որ նախագիծն անցնի, ու չկարողացանք: Չանցավ, որովհետեւ պատգամավորների թիվը բավարար չէր»,- ասաց ԱԺ փոխխոսնակ, դաշնակցական Վահան Հովհաննիսյանը: Օրենքի չընդունման արդյունքում, ըստ Վ. Հովհաննիսյանի, «կառավարության ձեռքերն այնքան ազատ են, որ երբ ինչ ուզենան` կանեն: Իսկ եթե այդ օրենքը լիներ, պառլամենտը կկարողանար վերահսկել»: Երեկ Վ. Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե քանի որ ՍԴ որոշումը պահանջում է մինչեւ հոկտեմբերի 1-ն ընդունել համապատասխան օրենքը, ապա ի՞նչ են անելու իրենք: «Քանի որ հարգեցիք ինձ, հարցրեցիք, ապա ասում եմ՝ մենք ինչ որ պետքն էր՝ արեցինք: Հիմա իրենք թող ինչ ուզում են՝ անեն»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանից երեկ հետաքրքրվեցինք, թե այս օրենքն անցկացնելու համար ինչո՞ւ իրենց չհաջողվեց բերման ենթարկել համապատասխան թվով պատգամավորների: Վերջինս երեկ խոստովանեց, որ ուղղակի չկարողացան ապահովել համապատասխան 66 կողմ ձայները: «Նիստին ներկա բոլոր հանրապետական պատգամավորները կողմ քվեարկեցին օրենքին: Ուղղակի անհրաժեշտ կողմ ձայները չբավարարվեց»,- ասաց Նիկոյանը: Հիմա, ըստ Ս. Նիկոյանի, օրինագիծը նորից կներկայացվի ԱԺ: Ինչ վերաբերում է ՍԴ որոշման՝ հերթական անգամ անկատար մնալուն, ապա Սամվել Նիկոյանը հայցում է ՍԴ-ի ներողամտությունը: «ՍԴ-ն երեւի մեզ ների: Բայց ՍԴ-ի որոշումը չի պարտադրում, որ անպայման կողմ քվեարկենք, որեւէ մարմին, այդ թվում` եւ ՍԴ-ն, չի կարող մեզ պարտադրել»,- արդարացավ ՀՀԿ-ական պատգամավորը:
Նկատենք, որ արտահերթ նիստը հրավիրվել էր հիմնականում օրենսդրական երկու նախաձեռնություն անցկացնելու համար: Խոսքը «Հասարակության եւ պետական կարիքների համար սեփականության օտարման մասին», ինչպես նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու» նախագծերի մասին է: Եվ տեսնելով, թե ինչպիսի ճակատագրի արժանացավ «Հասարակության եւ պետական կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագիծը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու» օրինագծի քվեարկությունը հետաձգեց հարմար պահի: