Հաջորդ ամիս կայանալիք ընտրություններից առաջ Հոլանդիայի երկու խոշորագույն կուսակցություններն ընտրացուցակներից դուրս են թողել ազգությամբ թուրք թեկնածուներին, ովքեր հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իշխող քրիստոնեա-դեմոկրատները ընտրացուցակից հանել են Այհան Թոնչայի եւ Օսման Էլմաչիի անունները, իսկ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը մերժել է Էրդինջ Սաջանի թեկնածությունը: Լեյբորիստական կուսակցությունը պնդում է, որ Եվրամիությանն անդամակցելուց առաջ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Քրիստոնեա-դեմոկրատները նույնպես հանդես են գալիս ցեղասպանության ճանաչման օգտին: Այդ կուսակցության անդամներ Թոնչան եւ Էլմաչին սկզբում խոստացել էին կիսել կուսակցության դիրքորոշումը, սակայն հետո՝ թուրքական թերթերից մեկին տված հարցազրույցում, հրաժարվել էին կուսակցության տեսակետն ընդունելուց: Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, քրիստոնեա-դեմոկրատներն իրենց հայտարարության մեջ նշել էին, թե «Սաբահ» թերթին տված հարցազրույցում թուրք թեկնածուները հստակեցրել էին, որ սկզբունքային տարաձայնություններ ունեն կուսակցության տեսակետի հետ: Կուսակցությունը նրանց շնորհակալություն է հայտնել մատուցած ծառայությունների համար եւ հանել ցուցակից: