Ինչո՞ւ են հայերն իրենց «բիրդան աղա» զգում

29/09/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Կարեւոր էլ չէր, թե ինչ գործունեությամբ էր զբաղվում տվյալ ձեռնարկությունը, կարեւորն այն էր, որ յուրաքանչյուր հայ իրեն «դիրեկտոր» էր զգում (հետագայում «դիրեկտորը» փոխարինվեց «տնօրեն», «գլխավոր տնօրեն», «գործադիր տնօրեն», «տնօրենների խորհրդի նախագահ» եւ այլ բառակույտով): Եվ հենց այդ պահից սկսվեց ազգի հոգեբանական «փչացումը»: Այդ ժամանակ 13 տարեկան «դախլչուց» սկսած մինչեւ նախկին «ռայկոմի» քարտուղարներ, որոնք նորաթուխ բիզնեսմեն էին դարձել, շեֆից բացի, իրենց ոչ մի ուրիշ դերում չէին պատկերացնում: Բոլոր նրանք, ում չէր հաջողվում դա անել Հայաստանում, մեկնում էին արտերկիր: Իսկ նրանք, ում չէր հաջողվում ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը, նստում էին տանը եւ սպասում հարազատների օգնությանը (կամ ինչպես հիմա մոդա է ասել՝ սպասում էին «տրանսֆերտներին»): Այդպես նրանք հաղթահարում էին հոգեբանական այն բարդույթը, որ գոնե ոչ մեկին չեն ենթարկվում: Եվ ստացվեց այնպես, որ 1990-ականների կեսերին հայ ազգի մոտ ձեւավորվեց «բիրդան աղայի խասյաթ»: Հետո, չնայած, շատ բան իր տեղն ընկավ, բայց «խասյաթը» մնաց: Եվ որ ամենակարեւորն է՝ այն զարգացավ: Այլեւս բոլոր ուսուցիչներն իրենց ապագա տնօրեն են պատկերացնում, բոլոր դերասանները` իրենց թատրոններն են ուզում բացել, բոլոր ավտոլվացողներն իրենց «մոյկեքն» են բացում, բոլոր քաղաքական գործիչներն իրենց անձնական կուսակցություններն են բացում, բոլոր վարորդները` տաքսի-սերվիս են բացում, բոլոր երգիչներն իրենց «աստղ են զգում», բոլոր գյուղացիները` ֆերմերներ, բոլոր անգլուխ բժիշկները կլինիկաներ են բացում: Իսկ բոլորն ուզում են դառնալ կամ պատգամավոր, կամ նախարար, կամ Հայաստանի նախագահ:

Այնպես է ստացվում, որ հրաժարվելով խորհրդային համակարգից, որտեղ իբրեւ թե «իշխանությունը բանվորագյուղացիական էր», մենք հրաժարվում ենք ոչ թե համակարգից, այլ բանվոր-գյուղացիությունից: Եվ դա բնական է, որովհետեւ եթե պահեստապետը կարող է դառնալ օլիգարխ, «ավտոմոյշչիկը»` նախարար, «շոֆեռը»` փոխնախարար, կոմսոմոլը` ազգային կամ լիբերալ կուսակցության նախագահ, բժիշկը` Հարկային տեսչության պետ, իսկ Զորի Բալայանը` նավապետ, ապա ինչո՞ւ Գրիգոր Ամալյանն իրեն «տելեվիզիոնշչիկ» չհամարի, իսկ «Օրինաց երկիրն»՝ ընդդիմություն:

Բայց այս ամենը դեռ պրոբլեմի կեսն է: Ամենավատն այն է, որ մենք սովորել ենք «պարազիտ» կյանքին: Ընդ որում, բոլոր մակարդակներով: Բանը հասել է նրան, որ մենք «նեղանում ենք» մեր հայրենակիցներից, երբ նրանք մեզ փող չեն ուղարկում կամ սահմանամերձ գյուղերի համար փող չեն հավաքում: Բյուջեն նախագծում են` հաշվի առնելով միլիարդավոր «տրանսֆերտները», դոլարի կուրսը, այդ նույն պատճառով, ինչ ուզում անում են, ճանապարհները Քըրքորյանի հաշվին սարքում-քանդում ենք, «Հայաստան» հիմնադրամն ազգովի մուրում է, հարսանիք-կնունք ենք պլանավորում՝ հաշվի առնելով արտասահմանում գտնվող մեր բարեկամների եւ ընկերների քանակը: Իսկ ամենավատն այն է, որ «Չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ» սկզբունքով պաշտոնի հասած դեմքերին թվում է, որ տվյալ պաշտոնը հատուկ իրենց համար է ստեղծված: Եվ իրենցից բացի այդ պաշտոնում ուրիշ ոչ ոք չի կարող աշխատել: Իսկ եթե ինքը, այնուամենայնիվ, լքում է պաշտոնը, ապա միայն ավելի բարձր պաշտոնի «խաթր»: Մեր «բիրդան աղաներին» ուզում եմ հիշեցնել, որ առանց բանվորի արտադրություն չի լինում, առանց մասնագետի ոչ մի առաջխաղացում չի լինում, առանց զինվորի բանակ չի լինում, առանց ժողովրդի նախագահ չի լինում: Իսկ որպեսզի այս ամենն ունենանք, շատ փոքրիկ բան է անհրաժեշտ. անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, անկախ սոցիալական ստատուսից եւ պաշտոնից, սեռից եւ տարիքից, պիտի լինի իր ճիշտ տեղում: Իսկ «բիրդան աղաները» պետք է գիտակցեն, որ անփոխարինելի մարդիկ չկան: Իսկ «Մեր դեմ խաղ չկա» արտահայտության սիրահարներին կարող եմ հիշեցնել ռուսական հայտնի ասացվածքը` «Պրոտիվ լոմա նետ պրիյոմա…, եսլի նետ դրուգովա լոմա».

Լավատես լինելը շատ լավ բան է, որովհետեւ ես միշտ հավատում եմ հեքիաթներին: «Բիրդան աղեքին էլ» հուշում եմ, որ կարդան (քանի որ նրանցից շատերը կարդալ չգիտեն, կարող են խնդրել կամ հրամայել, որ իրենց մտավորական նազիր-վեզիրներն իրենց համար կարդան) «Ոսկե ձկնիկ» հեքիաթը: Ի դեպ, շատ ուսանելի հեքիաթ է: Հատկապես հին տաշտակի հատվածը: Իսկ հայության մնացած հատվածն առանց ոսկե, «գոլդ» եւ «դայմոնդ» ձկների էլ յոլա կգնա: