Վերջին շրջանի ներքաղաքական զարգացումներից ուշագրավ կարելի է համարել ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանի այն հայտարարությունը, ըստ որի` ՀՀՇ-ն վերադառնում է ակտիվ քաղաքականություն եւ 2007թ. խորհրդարանական ընտրություններում ձգտելու է կամ վերցնել իշխանությունը, կամ հասնել այնպիսի արդյունքների, որպեսզի կարողանա ռեալ ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների կայացման վրա:
Իհարկե, բոլորին էլ հասկանալի է, որ ՀՀՇ-ն միայնակ չի կարող հասնել այս հռչակված նպատակներին, եւ դրա մասին նշեց նաեւ Ա. Մանուկյանը: Բնականաբար, հարց կարող է առաջանալ, թե ո՞ր քաղաքական ուժերի հետ համագործակցելով կարելի է իրականացնել այս ծրագիրը: Նմանատիպ քաղաքական ուժերի շարքին կարելի է դասել «Հանրապետություն», «Հայաստանի ազատական առաջադիմական» (ՀԱԱԿ), «Ժառանգություն» ազգային ազատական եւ Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցությունները: Իսկ ինչո՞ւ:
– Նախ` ՀՀՇ ներկայացուցիչը հայտարարում է, որ իրենք չեն համագործակցելու այն ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն ռուսական կողմնորոշում: Բացի այդ, «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային Միաբանության» ներկայիս վիճակը փայլուն չէ, եւ ՀՀՇ-ն չի ցանկանա «անվճռականի» պիտակը վերցնել իր վրա: Իսկ վերը նշված բոլոր կուսակցությունները համապատասխանում են այս չափանիշներին` վճռական են եւ ունեն արեւմտյան կողմնորոշում:
– Գաղտնիք չէ նաեւ, որ ՀՀՇ եւ «Հանրապետություն» կուսակցությունները ակտիվորեն համագործակցում են: Այս լուրը հաստատել է նաեւ Ա. Մանուկյանը, նշելով, որ «Հանրապետություն» կուսակցության անդամներն ակտիվորեն մասնակցում են իրենց կողմից նախաձեռնված միջոցառումներին, եւ այս կուսակցությունը միակն է, որ միշտ պաշտպանել է ՀՀՇ դիրքորոշումը եւ ստորագրել ՀՀՇ հայտարարությունների ներքո:
– Վազգեն Մանուկյանը վերջին շրջանի իր հարցազրույցներում թե՛ մամուլով, թե՛ հեռուստատեսությամբ անընդհատ նշում է ընդդիմադիր նոր ֆորմատի մասին` չհստակեցնելով մանրամասները:
l «Ժառանգություն» կուսակցությունը եւ ՀԱԱԿ-ը հայտնի են իրենց նոր ֆորմատ ձեւավորելու մղումով, որը պետք է ունենա միեւնույն գաղափարախոսական հիմքը:
Վերը նշվածը հաշվի առնելով` կարելի է ասել, որ ներկայումս բավականին ակտիվ գործընթաց է սկսվել այս ուժերին համախմբելու ուղղությամբ: Իհարկե, կուսակցությունների այս ցանկը վերջնական չէ, եւ դաշինքում կարող են հայտնվել նաեւ արեւմտամետ մի շարք այլ քաղաքական ուժեր եւս: Այս առումով, միամտություն կլինի արեւմտյան արժեքներ դավանող քաղաքական ուժերի մեջ անտեսել «Օրինաց երկիր» կուսակցությանը, որը ջանասիրաբար փորձում է վերցնել ընդդիմության ղեկը` մեծ պատրաստակամությամբ մասնակցելով ընդիմադիր ուժերի եւ գործիչների կողմից կազմակերպված նախաձեռնություններին:
Սակայն այս կուսակցությունները նորից կարող են կանգնել կարծես թե անլուծելի թվացող մի խնդրի առաջ: Ո՞վ է ղեկավարելու հնարավոր դաշինքը: Ա. Մանուկյանի հայտարարությանը հաջորդեց ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի գրասենյակի պատասխանը, որ առաջին նախագահը այդքան էլ չի ողջունում ՀՀՇ այս նախաձեռնությունը` սրանով իսկ անուղղակիորեն ցույց տալով, որ այս պահին Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն գրեթե բացառվում է: Մեր կողմից նշենք, սակայն, որ առաջին նախագահի վերադարձը մեծ քաղաքականություն ընդհանրապես չի կարելի բացառել, եւ որ հարմար պահի նա կարող է ակտիվացնել իր քաղաքական գործունեությունը եւ բավականին մեծ ազդեցություն ունենալ քաղաքական գոծընթացների վրա: Եվ այսպես, հնարավոր դաշինքը ղեկավարելու պոտենցիալ ունեն.
1. Վազգեն Մանուկյանը, ով կարող է բարձրացնել այս դաշինքի վարկանիշը: Այս քաղաքական գործիչը համարվում է ընդդիմադիր դաշտում գործող թերեւս ամենաազդեցիկ եւ փորձառություն ունեցող գործիչ: Մյուս կողմից` մի քանի կայքերում լիդերների վերաբերյալ արվող հարցումների արդյունքներով, քաղաքական գործիչների ցանկը գլխավորում է Վ. Մանուկյանը: Սակայն ընդդիմադիրների շրջանում նա միանշանակ ընկալում չունի եւ շատերի գնահատմամբ «խփված քարտ» է:
2. Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հայտնի է որպես ՀՀ առաջին արտգործնախարար, ում ջանքերի եւ հեղինակության շնորհիվ նաեւ ՀՀ անկախությունն այդքան արագ ճանաչեցին աշխարհի գրեթե բոլոր պետությունները: Բացի այդ, Ր. Հովհաննիսյանը ղեկավարում է նաեւ Ազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, ինչը խոսում է նրա ռազմավարական մտածողության մասին: Սակայն պետք է նշել, որ Ր. Հովհաննիսյանն, իր կարողություններով եւ դրական անձնական որակներով հանդերձ, այնուամենայնիվ, մեր հասարակության մեջ դեռեւս չի ընկալվում որպես «տեղացի» քաղաքական գործիչ:
3. Արթուր Բաղդասարյանը, ով աչքի է ընկնում հռետորական ձիրքով եւ արեւմտյան արժեքների նկատմամբ իր անթաքույց «նվիրվածությամբ»: Նաեւ հաշվի առնելով վերջին շրջանում պտտվող լուրերը, թե իբր ԱՄՆ ղեկավար օղակներում որոշում է կայացվել համախմբել հայաստանյան ընդդիմադիր ուժերին Ա. Բաղդասարյանի դրոշի ներքո` ՕԵԿ առաջնորդը լավ հնարավորություն է ստանում դառնալ աջ ուժերի դաշինքի ղեկավար: Սա է ապացուցում վերջերս նրա կողմից տրված հավակնոտ հարցազրույցը, որում ուղղակիորեն շեշտված էր, որ այլեւս Հայաստանի նախագահը պետք է լինի հայաստանցի: Սակայն մյուս կողմից` Ա. Բաղդասարյանի միանձնյա լիդերությանը կարող են խոչընդոտել նրա իշխանության մեջ եղած տարիների գործունեությունը, ակնհայտ պոպուլիզմը եւ անսկզբունքայնությունը` ինչի վառ օրինակ կարելի է համարել կոմունիստ Սանատրուկ Սահակյանի եւ իր «շքախմբի» անդամակցությունն «Օրինաց երկիր» կուսակցությանը:
Լիդերների այս ցանկը, իհարկե, կարելի է շարունակել, քանի որ հնարավոր դաշինքում ներգրավված բոլոր կուսակցությունների առաջնորդներն էլ հասարակությանը հայտնի են իրենց «նախագահական» հավակնություններով:
Դաշինքի կայացման եւ հետագա գործունեության համար, ինչպես նաեւ այն առաջնորդելու գործում մեծ դեր կունենա այն հանգամանքը, թե այս ուժերի համախմբումը պայմանավորված է ներքի՞ն մղումներով, թե՞ արեւմտյան ուժի բեւեռների ազդեցությամբ: Վերջինը, թերեւս, ավելի հավանական է: