Հանրապետության հրապարակում, Հայաստանի անկախության խորհրդանիշներից մեկի` Արտգործնախարարության շենքի դիմաց, «ԾՌՐ» հեռուստաընկերության լրագրողուհին անցորդներին կանգնեցնում եւ հարցեր է տալիս։ Ուզում եմ կողքով արագ անցնել` միկրոֆոնը դեմ է տալիս եւ թովիչ ժպտում։ Հնարավոր չէ անտարբեր մնալ։ Գո՞հ եք էներգետիկայի վիճակից, հարցնում է, էներգամատակարարումների հետ կապված պրոբլեմներ չկա՞ն։ Ասում եմ, որ չկան։ Գոհ է։ Շարունակում է ժպտալ։ Իսկ տեղյա՞կ եք, որ էներգետիկ բաշխիչ ցանցերն արդեն նոր սեփականատեր ունեն։ Ասում եմ, որ տեղյակ եմ։ Իսկ ի՞նչ կարծիք ունեք, հարցնում է։ Ասում եմ, որ գոհ չեմ, որովհետեւ նոր սեփականատերը ռուսական ընկերություն է, իսկ ռուսներն այդ առումով բավականին փնթի են եւ անպատասխանատու, մանավանդ` երրորդ աշխարհի երկրների նկատմամբ։ Ժպիտն անհետանում է։ Արդեն հասկանալի է, որ օպերատորն իզուր տեղը ժապավեն փչացրեց` զրույցը եթեր չի տրվելու։ Բայց աղջիկն էլի է հարց տալիս. իսկ մի՞թե Հայաստանը երրորդ աշխարհի երկիր է։ Չէ, ասում եմ, ռուսների՛ն է այդպես թվում։ Աղջիկն ավելի է մռայլվում։ Նա երեւի չգիտի, որ ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետն անորոշ ժամանակով «վերանորոգվում է», չգիտի, որ ձմռան ամենացուրտ օրերին Վրաստան եւ Հայաստան մտնող գազամուղը պարբերաբար պայթեցվում է «մութ ուժերի» կողմից, եւ «պատահաբար» հենց այդ նույն օրերին նաեւ էլեկտրահաղորդման գծերն են պայթեցվում… Չգիտի, եւ զարմացած` մոտենում է մեկ այլ անցորդի։ Երեւի գոնե այս մեկն իր հիացմունքը կհայտնի, որ էներգետիկ հզորությունները նվիրել ենք ռազմավարական գործընկերոջը։
Իսկ Հայաստանի էներգետիկ բաշխիչ ցանցերի նոր սեփականատերերը նույն օրը հայտարարում էին, թե եթե աբորիգենները (նրանք հենց այդ բառն օգտագործեցին) իրենց տանը նստած` հոսանք ունենան եւ դրա դիմաց ստիպված չլինեն առասպելական գին վճարել, պիտի շատ գոհ լինեն եւ առանձնապես չհետաքրքրվեն, թե որ երկրին են պատկանում էներգետիկ հզորությունները։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ «ոչ առասպելական գինը» մեր դեպքում արդեն մոտ 7 ցենտ է` մեկ կիլովատտ-ժամի համար (երեք տարի առաջ չորսուկես ցենտ էր)։ Բայց նույնիսկ սա չէ խնդիրը։ Ռուսաստանն իսկապես մեզ հետ վարվում է` ինչպես աբորիգենների հետ։ Վերցրել է ժամանակին մեզ պատկանող Սեւան-Հրազդան կասկադը, մեր ռեսուրսներով (Սեւանի ջրով) էլեկտրաէներգիա է արտադրում եւ վաճառում մեզ վրա։ Իսկ մենք իբր այդ ամենը տվել ենք ռուսներին, որովհետեւ համակարգն ամբողջովին քայքայված է, մեծ ներդրումներ են անհրաժեշտ, իսկ Հայաստանն այդպիսի միջոցներ չունի։ Եվ սա` այն դեպքում, երբ արտերկրից տարեկան մեկուկես միլիարդ դոլար է մտնում Հայաստան, եւ իշխանությունները չգիտեն, թե ինչ անեն այդ «լրացուցիչ գումարը» (դրա համար էլ հայկական դրամն օրեցօր ամրապնդվում է` տնտեսության «հերն անիծելով»)։
Իրականում պրոբլեմն, իհարկե, միջոցների պակասը չէ։ Ռուսները չեն էլ թաքցնում, որ հայկական էներգետիկան ռուսական ընկերություններին հանձնելու «նախահայրը» (լավ է` «կնքահայր» չեն ասում) ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է։ Կարեւորն անձերը չեն։ Կարեւորն այն է, որ «ռուսական էքսպանսիան» իրականացվում է պաշտպանության նախարարի միջոցով։ Սա նշանակում է, որ ռուսները վերցնում են մեր էներգետիկ համակարգը եւ դրա դիմաց խոստանում են մնալ մեր ռազմավարական գործընկերը (այսինքն` սպառազինություններ մատակարարել, ամրապնդել ռուսական ռազմաբազաները, եւ այլն)։ Պարզ ասած, եթե Վրաստանը թեքվում է դեպի ՆԱՏՕ, Հյուսիսատլանտյան դաշինքն ինքն է դրա համար վճարում Վրաստանին, իսկ Հայաստանը, որ շարունակում է մնալ Ռուսաստանի «ամենահավատարիմ ֆորպոստը», ինքն է դրա համար վճարում Ռուսաստանին։
Իհարկե, գոյություն ունի ղարաբաղյան խնդիր, եւ գոյություն ունի լեգենդ, թե Ռուսաստանը միայն խոսքով է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ «տակից» լավ էլ օգնում է մեզ։ Չի բացառվում, որ իրականում հենց այդպես էլ կա։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանը դա ամենեւին էլ «անվճար հիմունքներով» չի անում։ Հետեւաբար հարց է ծագում` իսկ ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի դիրքորոշումը, եթե Հայաստանն այլեւս վճարելու բան չունենա։ Ամենայն հավանականությամբ` մեզ այլեւս «տակից» չեն օգնի։ ՆԱՏՕ-ի հետ մերձենալ էլ չենք կարող։ ՆԱՏՕ-ի ինչի՞ն է պետք այն երկիրը, որի տարածքում ռուսական ռազմաբազաներ կան, եւ որի ողջ էներգետիկ համակարգը Ռուսաստանի սեփականությունն է։
Ստացվում է, որ ղարաբաղյան հարցում «թաքուն դաշնակից» ունենալու համար Հայաստանն իր ունեցվածքը մաս-մաս վաճառում է։ Սա ինքնին ողբերգություն չէ, պարզապես պետք է այդ ընթացքում ձգտել կարգավորել ղարաբաղյան խնդիրը։ Քանի դեռ վաճառելու բան կա։