Կրթությունը բարձրագույն՝ առանց միջնակարգի

29/09/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հասարակությունը միշտ էլ մի տեսակ պասիվ է արձագանքում հանրակրթությանը վերաբերող խնդիրներին: Կրթության նախարարությունում կամ Ազգային ժողովում պարբերաբար կազմակերպվող քննարկումներին միայն մասնագետներն են հետեւում: Բուլոնյան շարժմանը միանալու եւ մեր դպրոցական համակարգն արեւմտյան չափանիշներին համահունչ դարձնելու մղումով այս տարվանից ներդրվեց 12-ամյա ուսուցման համակարգ: Հանրակրթական դպրոցն անկախության 15 տարիների ընթացքում տոտալ բարեփոխումների փուլում է: Բարեփոխումներն այնքան անփույթ ու հապճեպ են իրականացվում, որ այս տարի անգամ պարզ չէ դպրոցական ավարտական քննությունների կարգը: Իսկ «միասնական» կոչված քննակարգը, որն անցած ուսումնական տարում փորձարկվեց Շիրակի մարզում, նախարար Լեւոն Մկրտչյանի գնահատականով` ձախողվեց: Նախարարը գնահատական տալուն զուգընթաց` խոստացավ մինչեւ հունվար հասարակությանն ու աշակերտությանը տեղեկացնել, թե ինչ մեթոդով են այս տարի անցկացվելու ավարտական քննությունները: Ի տարբերություն հանրակրթության շատ այլ խնդիրների` ավարտական քննությունների հնարավոր բարեփոխումները հասարակական հետաքրքրություն են ներկայացնում: Զուտ այն պատճառով, որ «միասնական» կոչվող քննակարգը բուհական ընդունելության որոշ քննություններ ենթադրում է տեղափոխել հանրակրթական դպրոց: Տարեցտարի բարգավաճող մասնավոր ու պետական բուհական համակարգի առկայության պարագային դժվար է միանշանակ ասել, թե ինչու է հայ հասարակությունն այդքան անտարբեր հանրակրթության խնդիրների նկատմամբ: Ցանկացած հասարակագետի համար հանելուկ է, թե ինչո՞ւ է իր երեխաների բուհական կրթության համար ոչինչ չխնայող ծնողն այդքան անտարբեր հանրակրթության նկատմամբ: Եղած բացատրություններից ամենատրամաբանականը, հավանաբար, այն է, որ ծնողներն ամենեւին էլ չեն կարեւորում դպրոցը: Վերջին տասնամյակների ընթացքում դպրոցական կրթությունը բացարձակապես արժեզրկվել է: Հանրակրթության «անիմաստ» ութ տարիներից հետո ծնողները մասնավոր դասընթացների միջոցով են փորձում լրացնել իրենց երեխաների ակադեմիական կրթության բացը:

Հասարակության ընկալումում հանրակրթության արժեզրկումը, հարկավ, բազմաթիվ պատճառներ ունի: Կհանդգնեմ ներկայացնել դրանցից մեկը: Թերեւս` ամենակարեւորը: Մեկուկես տասնամյակը բավարար ժամանակ չէ, որի պատճառով կարելի լիներ խոսել ազգի արժեհամակարգում տեղի ունեցած հեղափոխական փոփոխությունների մասին: Առավել եւս` գենետիկ փոփոխությունների: Հայ մարդու համար լուրջ կրթությունը շարունակում է մնալ կարեւոր արժեք: Համոզվելու համար կարող եք վերցնել բուհերի վճարովի ուսուցման գնացուցակը եւ դա համեմատել երկրի սոցիալ-տնտեսական ցուցանիշները հրապարակող տեղեկագրերի հետ: Անգամ իշխանություններն են ընդունում, որ աղքատության հաղթահարումը մեր երկրի հրատապ խնդիրներից է: Հայ երեխան էլ դժվար թե 15 տարում գենետիկ մուտացիա ապրեր ու դմբո դառնար: Դպրոցում մեր երեխաների չսովորելը նրանց դմբոյացմամբ բացատրելը սխալ է: Կփորձեմ մեկ դասագրքի օրինակով բացատրել, որ հանրակրթական դպրոցում երեխաները չեն սովորում այն պատճառով, որ սովորելը պարզապես անհնար է: Դպրոցական դասագրքերի մեծ մասը մեր երեխաներին զրկում են դպրոցում սովորելու հնարավորությունից: Այն պատճառով, որ դրանք անհասկանալի են դպրոցականների համար: Դասագրքերի մեծ մասի հեղինակները գիտնականներ են: Մարդիկ, ովքեր երբեք չեն դասավանդել դպրոցում: Հետեւաբար նրանք չգիտեն, թե մանկավարժական ինչ մեթոդներով ու հնարքներով է պետք գիտելիք փոխանցել երեխային: Նրանք չգիտեն, թե ինչ բառապաշարով է պետք գիտելիք փոխանցել դպրոցականին: Մանկավարժի լուրջ կենսափորձ ունեցող ցանկացած ուսուցիչ գիտի, որ նույն գիտելիքը չորրորդ ու իններորդ դասարանցիներին ոչ միայն տարբեր խորությամբ, այլեւ տարբեր բառապաշարով է պետք մատուցել: Մինչդեռ այսօրվա դպրոցի դասագրքերն այլ հասցեատեր ունեն: Հինգերորդ դասարանի Հայ ժողովրդի պատմության կամ կենսաբանության դասագրքերը հինգերորդ դասարանցու համար չեն գրված: Դրանք գրվել են բուհի դիմորդի համար: Այդ դասագրքերի մասնագիտական բառապաշարը, նախադասությունների կառուցվածքն ասվածի ակնհայտ վկայությունն են: Հինգերորդ դասարանցին դեռեւս քիմիա առարկան չի անցել: Մինչդեռ «Կենսաբանություն» առարկայի 3-րդ պարագրաֆում կարդում է հետեւյալը` «Այդ բարդ մակարդակում ձեւավորվում են նյութեր խոշոր մոլեկուլներ, տեղի են ունենում բազմաթիվ ներդաշնակ, կանոնավոր ընթացող կենսաքիմիական ռեակցիաներ»: 12 տարեկան երեխայի մոտ այս նախադասությունը նույն հոգեբանական շոկն է առաջացնում, ինչ հասուն մարդու մոտ հավատաքննության կտտանքների գործիքները: Աշակերտը մեկ նախադասության մեջ կարդում է իրեն անծանոթ մի քանի բառ ու տերմին` մոլեկուլ, քիմիական նյութեր, կենսաքիմիա, ռեակցիա։ Դասագրքի հեղինակներին բոլորովին չի հետաքրքրել աշակերտին հասկանալի լինելը, այլապես դժվար թե գրեին հետեւյալ նախադասությունը. «Տարբեր տեսակներ, որոնք ապրում, սնվում եւ գոյատեւում են միեւնույն պայմաններում (վայրում) եւ որոշակի փոխհարաբերությունների մեջ են մտնում միմյանց հետ, միավորվում են ավելի բարձր մակարդակի` կենսացենոզի մեջ»: Հետաքրքիր է, այս նախադասության կառուցվածքային վերլուծություն ո՞ր դասարանի երեխան կարող է կատարել: Մինչդեռ 5-րդ դասարանցուն պարտադրում են կարդալ ու հասկանալ: Ակնհայտ է, որ դասագիրքը բարդ նախադասություններով ու տերմիններով խեղդելը երեխային կենսաբանություն առարկա սովորեցնելու նպատակով չի արված: Այն հրաշալի մեթոդական ձեռնարկ է ռեպետիտորի համար, որ արդեն գործ ունի ավելի հասուն տարիքի` հետեւաբար ավելի բանիմաց աշակերտի (դիմորդի) հետ: Զուտ այս պատճառով մեր երեխաները 8-9 տարի դպրոց գնալուց ու սովորելու իմիտացիայից հետո` նրանց` ռեպետիտորների կարիք ունեն: Իսկ ռեպետիտոր ծնողները վարձում են երեք առարկայի համար: Ճիշտ ընդունելության քննությունների քանակով: Եվ եթե մեր երեխաներին հաջողվում է մեկ տարում լրացնել այդ առարկաներից ունեցած ակադեմիական բացը, ապա միեւնույն է, նրանք բուհ ընդունվելուց ու ավարտելուց հետո ունենում են բարձրագույն կրթություն, առանց միջնակարգի: Ընդունեք, ու արտասովոր պատկեր է: