Էլիտար կամ նորակառույց շենքերի բնակարանները ցածր պահանջարկ ունեն, բայց կառուցապատողները փորձում են այդ մասին բարձրաձայն չխոսել։ Նրանք ավելի հակված են հասարակության մեջ խուճապ առաջացնել՝ իբր այդ բնակարանների պահանջարկը մեծ է եւ իրենց կառուցած բնակարանների մեծ մասը վաճառվել է եւ ուր որ է կսպառվի:
Եթե նկատել եք՝ այդ բովանդակությամբ նույն գովազդը կարող է մոտ 2 տարի պտտվել հեռուստատեսությամբ: Բայց մենք հո տեսնո՞ւմ ենք, որ այդ շենքերը դեռ բնակեցված չեն (բացառությամբ Բայրոնի փողոցի վրա կառուցած շենքերի, որտեղ ապրում են ընտրովի մարդիկ): Որքան էլ լավ տպավորություն ստեղծելու համար գիշերները մի քանի բնակարանների լույսեր վառ թողնեն, միեւնույն է, հնարավոր չէ այդ կեղծ տպավորությունը երկար ժամանակ պահպանել: Ի վերջո, փոքր քաղաք է, ու ինֆորմացիան շուտ է տարածվում:
Իսկ ինչո՞ւ նորակառույց այդ բնակարանները մեծ պահանջարկ չունեն: Չէ՞ որ Հայաստանի բնակչության բնակարանային պահանջը տարեցտարի ավելանում է: Այս հարցին ավելի լավ կարող են պատասխանել անշարժ գույքի գործակալները, որոնք լավ գիտեն ոլորտի բոլոր խնդիրները: Ճիշտ է, նրանք իրենց մասնագիտական նրբություններից ելնելով հաճախորդների մոտ այնքան էլ չեն անկեղծանում, բայցեւ համաձայնում են, որ նորակառույց բնակարանների ցածր պահանջարկի հիմնական պատճառը դրանց բարձր գներն են: Իսկ գները բարձր են, որովհետեւ կառուցապատողներն ուզում են 300-400 տոկոս եկամուտ ստանալ: Այսօրվա վիճակով բնակարանաշինությամբ զբաղվողներն իրենց ներդրած 1 դոլարի դիմաց ստանում են 3-4 դոլար շահույթ: Այդ շենքերում կառուցապատողը 1 քառակուսի մետրի վրա ծախսում է 400-450 դոլար, որոշ դեպքերում՝ 550, սակայն վաճառում է 1200-2000 դոլարով: Բացի այդ՝ «Բնակարանների մակերեսը շատ մեծ է՝ 150-200քմ,- ասում է մեր զրուցակից գործակալը: -Նման մակերեսով ու գնով տներն արժենում են 170-250 ու 300 հազար դոլար: Բնակարան գնել ցանկացողների ընդամենը 3-4 տոկոսը կարող է այդ պայմաններով տուն գնել: Նորակառույց այդ բնակարաններում շատ մեծ են օժանդակ տարածքները՝ միջանցքը, պատշգամբը: 3 սենյականոց բնակարաններ կան, որ ունեն 37 քմ միջանցք եւ 3 մեծ պատշգամբ: Այդ տարածքները երբեք սենյակ չեն դառնա եւ նորմալ չեն օգտագործվի: Դրանք մնում են ազատ տարածքներ եւ իրենց մեծ մակերեսով թանկացնում են բնակարանը: Ճիշտ է, լավ է, որ տարածքներն ընդարձակ են, սակայն այսօրվա գնորդը չի ուզում այդ «ավելորդ» մակերեսի համար լրացուցիչ վճարել: Չէ՞ որ այդ 37քմ միջանցքի ու 23քմ պատշգամբի համար էլ նա նույն գումարն է վճարում, ինչ վճարել է հյուրասենյակի ու ննջասենյակի համար»:
Կառուցապատողներին էլ, պարզվում է, հարմար է բնակարանների մակերեսները մեծ-մեծ ձեւել, որպեսզի իրենց տարածքները շուտ-շուտ վաճառվեն: Իսկ Հայաստանի բնակիչը ոչ միայն սովոր չէ իր տանը գրեթե մի ամբողջ բնակարանի մակերեսի չափով միջանցք ունենալ, այլեւ պարզապես ի վիճակի չէ այդքան գումար վճարել: Նույնը վերաբերում է սփյուռքահայերին: Նրանք էլ տարին մեկ-երկու ամիս Հայաստան գալու համար չեն ուզում ավելորդ ճոխությունների գնալ: Բարձր գինն ու մեծ մակերեսը հիմնական պատճառներն են, որ նորակառույցները մեծ պահանջարկ չունեն: Պահանջարկ չունենալու համար կան նաեւ մի քանի երկրորդական, բայց շատ կարեւոր պատճառներ: Մեր զրուցակիցները բացատրում են, որ շատերը չեն ուզում նորակառույցներում տուն գնել դրանց թերի բնակեցվածության կամ հարեւաններ չունենալու պատճառով: Գնորդները չեն ուզում կամ վախենում են ապրել մի շենքում, որտեղ ընդամենը 1-2 ընտանիք է ապրում:
«Մենք նման հաճախորդներ շատ ենք ունեցել,- ասում է մեր զրուցակից գործակալը: -Գալիս են, նայում են շենքը, հավանում են, բայց երբ իմանում են, որ դեռ ամբողջությամբ բնակեցված չէ, չեն ուզում: Հին շենքերում են բնակարան գնում»:
Երրորդ կարեւոր պատճառն էլ այն է, որ նոր կառուցվող շենքերն այնքան են իրար վրա լցված, որ մի շենքից հնարավոր է հետեւել մյուս շենքի բնակարանների անցուդարձին: Գնորդները դրանից էլ են խուսափում: Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ բնակարանները վաճառքի են հանվում առանց ներքին հարդարման: Երբ այդ մասին կառուցապատողներին հարցնում ես, ասում են. «Գնորդները նոր բնակարանը հարդարված վիճակում չեն ուզում: Նրանք ուզում են ամեն ինչ իրենց ճաշակով անել: Նույնիսկ միջնապատերն են ուզում իրենց ուզածով կտրել»:
Բրոքերները հավատացնում են, որ կառուցապատողներն այնքան էլ անկեղծ չեն: Ներքին հարդարման վրա ծախսվում է գրեթե այնքան գումար, որքան կառուցապատման վրա: Նրանք չեն ուզում ավելորդ աշխատանք կատարել եւ ավելի ձգձգել իրենց գործը: Իսկ նորակառույց շենքի բնակարանների գնորդներից շատերն ուզում են գնել ու միանգամից ապրել: Հակառակ դեպքում նրանք պետք է տարիներով համբերեն, որ մյուս բնակարաններն էլ վաճառվեն, վերանորոգվեն, ապա նոր հանգիստ ապրեն: Իսկ դա կարող է տեւել մինչեւ 10 տարի: Դե, մի պահ պատկերացրեք՝ դուք բնակարան եք գնել, մի տարվա կամ 5-6 ամսվա ընթացքում ավարտել եք ներքին հարդարման աշխատանքները եւ տեղափոխվել եք ապրելու: Հետո գալիս է ձեր կողքի հարեւանը եւ սկսում է իր վերանորոգումը: Դրան հաջորդում են ձեր վերեւի հարեւանի վերանորոգման աշխատանքները, ու այդպես շարունակ: Ստացվում է, որ շենքը երկար տարիներ գտնվելու է ներքին հարդարման վիճակում: Պարզ է, որ դրանից կտուժեն արդեն ձեր տան ներքին հարդարումը եւ ձեր նյարդերը: Հարեւանի բնակարանը վերակառուցող վարպետները վերեւից մի օր ջուր բաց կթողնեն, կողքից՝ ուժեղ հարվածից ձեր պատի գաջը կճաքի, եւ այլն: Բնակարանից դուրս՝ ընդհանուր միջանցքներում ու աստիճաններում անընդհատ շինարարական վիճակ կլինի: Իսկ դա արդեն էլիտար կյանք չէ: Եվ այդպես, մինչեւ ձեր կյանքի վերջ դուք կդառնաք ձեր էլիտար բնակարանի ու ձեր հարեւանների գերին: Ահա թե ինչու էլիտար բնակարանները մեզանում մեծ պահանջարկ չունեն: