«Քաղաքաշինական խոշոր ծրագրերը, առաջին հերթին, սոցիալական ծրագրեր են»

29/09/2006 Հարցազրույցը Աստղիկ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

– Ի՞նչ ճանապարհ է անցել Երեւանը անկախության 15 տարիների ընթացքում։

– Դա նույն ճանապարհն է, ինչ անցել է մեր ժողովուրդը եւ պետությունը՝ գրեթե ամենաճգնաժամային վիճակը ետխորհրդային երկրների շարքում, ապա` հաղթանակ, աստիճանական ինքնահաստատում եւ ոտքի կանգնում։ Երեւանի կյանքի ծավալուն փոփոխությունները սկսվեցին անկախացումից մեկ տասնամյակ անց՝ արդեն 21-րդ դարում։ Բավական է համեմատել վերջին տարիների Երեւանի բյուջեն եւ կատարողականները՝ իրական պատկերացում կազմելու համար աճի տեմպի մասին։ Արտաքնապես դա դրսեւորվում է գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած փողոցների ծածկույթից ու լուսավորությունից` մինչեւ զանգվածային բնակարանաշինությունը։ Շինարարության չափերը վերջին 5 տարում էականորեն գերազանցում են առաջին 10 տարիների ծավալները։

– Ի՞նչն է պատճառն այս քաղաքաշինական «բում»-ի, որն արժանացել է հակասական արձագանքների։

– Իրականում երկիրն այսօր կայուն տնտեսական զարգացում է ապրում։ Շինարարությունը կտրուկ աճել է ամբողջ հանրապետությունում. ինտենսիվ ճանապարհաշինություն, Դիլիջանի թունելի, Եղեգնաձոր-Սեւան ավտոճանապարհի, Որոտան-Արփա ջրատարի, Իրան-Հայաստան գազամուղի եւ այլ ստրատեգիական կառույցների իրականացում, ինքնահոս ջրամատակարարման համակարգերի խոշոր շինարարություն եւ այլն։ Եվ իհարկե, այն առաջին հերթին արտացոլվում է մայրաքաղաքում։

Երկրորդ՝ ժամանակակից լիբերալ օրենսդրական դաշտը, որը բերել է ներդրումների ազատություն եւ մեծ հնարավորություններ թե՛ տեղի, թե՛ արտերկրի ներդրողների համար։ Այսօր արտասահմանից եւս խոշոր միջոցներ են գալիս Երեւան, քանի որ ներդրումները մեզ մոտ պաշտպանված են։

Անհատական կապիտալի ներգրավումը քաղաքաշինության մեջ այն էական տեղաշարժն է, որն ապահովում է դիտարկվող աճը։ Միայն պետական միջոցներով մենք չէինք կարողանա, օրինակ, Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների նման ծավալուն ծրագրերի իրականացում ապահովել, ինչպես դա չէր հաջողվում նախորդ 70 տարիներին, չնայած այն ժամանակ պետական շինարարության լրիվ այլ, լայնարձակ պայմաններ կային։ Մասնավոր կապիտալի ազատ զարգացումը կարող է հրաշքներ գործել, ինչպես ամբողջ աշխարհում է։

Վերջին շրջանում հաջողվել է նաեւ քաղաքաշինական ծրագրերը համահունչ դարձնել շինարարության միտումների հետ։ Ուրախալի է, որ քաղաքաշինական ծավալներն արդեն կենտրոնից շարժվում են դեպի այլ համայնքներ՝ Արաբկիր, Շենգավիթ, Նոր Նորք եւ այլն։ Այս միտումը կշարունակվի՝ ելնելով օբյեկտիվ հանգամանքներից, քանի որ անշարժ գույքի թանկացումը, որի հետեւանքով իրացման աշխատանքները գնալով ավելի մեծ ծախսեր են պահանջում, ինքնաբերաբար թելադրում է հնարավորինս ռացիոնալ մոտեցումներ։

– Ինչո՞վ է քաղաքաշինական այդ վերելքն անդրադառնում հասարակ, շարքային երեւանցու կյանքի վրա։

– Բազմիցս անդրադարձել եմ, որ քաղաքաշինական խոշոր ծրագրերը, առաջին հերթին, սոցիալական ծրագրեր են։ Շինարարությունն այնպիսի ոլորտ է, որ ոչ միայն ուղղակի կապված է կենսամակարդակի բարձրացման հետ, այլեւ, օրինակ՝ ճանապարհաշինությունը, նպաստում է մյուս ոլորտների խթանմանը, խնդիրներ է լուծում։ Արդյո՞ք նոր փողոցների բացումը, փողոցային լուսավորության, ոռոգման համակարգերի վերականգնումը նախատեսված չեն բոլոր երեւանցիների համար։ Այսօրվա զանգվածային բարձրորակ շինարարությունը նույնպես երեւանցիների համար է։ Միեւնույն ժամանակ` իրացման, շենքերի կառուցման հետ կապված վճարումները պետբյուջե նպաստում են նաեւ ենթակառուցվածքների ստեղծմանը. փողոցներ են կառուցվում, բարեկարգում է իրականացվում։ Արդեն երկրորդ տարին է, ինչ պետության կողմից շենքեր են կառուցվում, որոնք անվճար տրվում են վթարային շենքերի բնակիչներին։

Ինչ վերաբերում է այսքան քննարկումներ հարուցող իրացման գոտիներին, իրական պատկերն այն է, որ այստեղ հազարավոր քաղաքացիներ ապրում էին ծանր սոցիալական պայմաններում, տարրական կոմունալ հարմարություններից զուրկ, եւ տվյալ տեղում շինարարության ծավալման շնորհիվ միայն հնարավորություն ստեղծվեց արդիականացնել բնակիչների պայմանները։ Գնալով մշակվում են մոտեցումները, որպեսզի բացառվեն սխալները։ Օրինակ, բոլոր իրացման գոտիներում փոխհատուցման գումարներից բացի, առաջարկվում են, ըստ ընտրության, նաեւ նոր բնակարաններ նույն տարածքներում, որպեսզի բացառվեն թյուրիմացությունները։

– Բայց աճող քաղաքաշինության տեմպերի հետ աճում են նաեւ դժգոհությունները։

– Այդպես չէ։ Եթե ընդհանուր հարցում արվի, կտեսնենք, որ աճող քաղաքաշինությունից դժգոհողների քանակն անհամեմատ փոքր է։ Նաեւ նշեմ, որ յուրաքանչյուր գնահատական՝ շարքային երեւանցու, զբոսաշրջիկի, երիտասարդի կամ փորձառուի, համեմատության մեջ պիտի դիտարկվի։ Մեծ նախաձեռնություններին հակադրվելու ցանկություն միշտ էլ լինում է եւ եղել է, սակայն մեզ մոտ դա արհեստականորեն խթանվում է։ Մինչդեռ ծագող խնդիրները միասին պետք է լուծենք, որ չխանգարենք քաղաքի, հասարակության զարգացմանը։

Աճող շինարարությունը մայրաքաղաքում դա դրական, երկար սպասված, ժողովրդի բարեկեցությանն ուղղված երեւույթ է։ Քննարկենք ամենահատկանշական օրինակներից մեկը։ Հին բնակֆոնդի իրացումն առիթ է ստեղծել բարելավելու տվյալ տարածքի բնակչության բնակարանային պայմանները։ Մեծամասնությունը հենց այդպես էլ մոտենում է խնդրին։ Պետք է ձգտել նպաստելու անարդարությունների վերհանմանը, ծագող կոնֆլիկտների փոխընդունելի լուծմանը, ոչ թե իրացման գոտիների խնդիրներն օգտագործել՝ ողջ գործընթացն արգելակելու համար, ինչը հաճախ կատարվում է անթաքույց։ Այ, օրինակ, նաեւ նման պատճառների հետեւանքով կարող է ձգձգվել Կոնդի իրացման ծրագիրը, եւ մեծ քանակությամբ բնակչություն կտուժի՝ շարունակելով ապրել անմարդկային պայմաններում։ Նրանց մոտ այսօր անհանգստություն կա։ Եթե ընդհանրապես հանվի Կոնդի իրացման հարցը՝ կատաստրոֆիկ կընկնեն այդտեղի բնակարանների գները, որովհետեւ դրանք մեծ մասամբ ուղղակի պիտանի չեն բնակության համար։ Իսկ բնակչության մեծ մասը կմնա անելանելի պայմաններում։

Բոլոր դեպքերում` քաղաքը պետք է զարգանա, եւ դա չի կարելի արգելակել։ Տարեցտարի աճում են եւ՛ դրան ուղղված հասարակության պոտենցիալը, եւ՛ կատարելագործվում են մոտեցումները, նվազագույնի հասցվում առաջին շրջանում թույլ տրված տարերային սխալները։

– Արդյոք էլիտար շինարարությունն էլ ավելի չի՞ մեծացնում հասարակության հարուստ եւ աղքատ շերտերի միջեւ տարբերությունը։

– Ոչ, այդպես չէ։ Կառուցման նման քանակները չեն կարող միայն ընտրյալների համար լինել։ «Էլիտար» իզուր են ասում, ես համաձայն չեմ այդ ձեւակերպմանը։ Այսուհետ կառուցվող ցանկացած շենք այդ մակարդակի պիտի լինի եւ այդ հարմարությունները ունենա։ Այսօր նույն տարածքում գտնվող հին ու նոր շենքերի բնակարանների գները տարբերվում են մոտ 10 %-ով, այն էլ` այն պատճառով, որ նոր բնակարաններն ավելի տրամաբանական են կառուցվում, այնտեղ ներդրումներն ավելի ժամանակակից ու ռացիոնալ են, սպառողական արժեքը՝ ավելի բարձր: Օրինակ, ներքնահարկերը սովետական սկզբունքներով առնետանոցի վերածելու փոխարեն` ավտոհանգրվաններ են դառնում, որտեղից ուղղակի, նույն շենքի վերելակով կարող ես բարձրանալ քո բնակարանը։ Այս տարբերությունները մեծ ֆինանսական ծախսեր չեն պահանջում, պարզապես ուղղված են բնակչի կարիքների առավելագույն բավարարմանը։ Ի միջի այլոց, միջազգային ստանդարտներով այս շենքերը բոլորովին էլ թանկ չեն: Մոսկվայում, օրինակ, նորակառույցների քառակուսի մետրը 3,5 – 4 հազար դոլար է։ Այս շինարարությունն այս ծավալների չէր լինի, եթե ժողովրդի լայն շրջանակներին ուղղված չլիներ։ Իրացումն արդեն մոտենում է միջին խավին՝ այդքան «մեծահարուստներ» չունենք, իսկ եթե ունենք՝ դա լավ է։ Նոր շինարարությունը ոչ թե կոնտրաստներ ստեղծելու, այլ քաղաքի բնակչության պայմանները բարձրացնելու արտահայտությունն է։ Բոլոր ժամանակակից, առողջ երկրներում, որտեղ շուկայական հարաբերություններ են, որտեղ բիզնեսն է որոշում տվյալ պետության հաջողությունները, անհատի, սեփականատիրոջ հարստացման միջոցով պետությունն է հարստանում։ Նրանցով է պայմանավորված ամբողջ երկրի տնտեսական աճը եւ բյուջետային մուտքերը։ Հասարակարգի փոփոխման ժամանակ ծուռ բաներ էլ են լինում՝ բոլոր ժամանակներում եւ հասարակարգերում եղել են նման երեւույթներ։ Սակայն հարստանալու, լավ ապրելու ընդհանուր միտումը չպետք է արմատից մերժվի եւ հարձակումների թիրախ դառնա։

– Երեւանի զարգացման ի՞նչ ծրագրեր կան առաջիկայի համար։

– Սա շատ ծավալուն հարց է։ Կարելի է նայել Գլխավոր հատակագիծը։ Հիմնական ծրագրերն իրացման գոտիներն են, որոնց շատ ենք անդրադարձել, այնուհետեւ շրջանցիկ, տարանցիկ ճանապարհների, ճանապարհային հանգույցների կառուցումն ու վերակառուցումը, կանաչ տարածքների ընդլայնումը։ Ես մասնավորապես մեծ նշանակություն եմ տալիս հուշարձան-շենքերի եւ մշակութային օջախների պահպանմանը։ Կոնկրետ խոշոր, շատ հետաքրքիր ծրագրեր կան։ Առայժմ չեմ ուզում դրանց անդրադառնալ, աստիճանաբար կներկայացվեն:

– Ե՞րբ կնկատվի բարելավում քաղաքային տրանսպորտի աշխատանքում: Եվ ե՞րբ կկոնկրետանա ու ի՞նչ կարժենա Դավիթաշենն Աշտարակի խճուղու հետ կապող ճանապարհը։

– Ողջ քաղաքը ավտոբուսային հաղորդակցությամբ ապահովելու համար անհրաժեշտ է մոտ 700 քաղաքային ավտոբուս։ Դա կազմում է, ամենահամեստ հաշվարկներով՝ մոտ 20 մլն դոլար։ Իսկ քաղաքային տրանսպորտի բնագավառում կատարվող ներդրումների փոխհատուցումը շատ դանդաղ է կատարվում, որովհետեւ 50 դրամով ավտոբուսներն ընդհանրապես վնասով են աշխատում, իսկ նշանակված 70 դրամն էլ ընդամենն ինքնարժեքն է հատուցում։ Սակայն այսպիսի երեւույթ կա՝ որքան շատանում են ավտոբուսները երթուղում, եւ որքան շատանում են ավտոբուսային սպասարկմամբ երթուղիները, այնքան նրանցից ավելի շատ է սկսում օգտվել բնակչությունը։ Արդեն ներկրվել են 100-ից ավելի տարբեր տեղատարողության քաղաքային ավտոբուսներ, բառացիորեն օրերս կստանանք եւս 77 նոր ավտոբուսներ։ Այս տեմպերով շարունակվելու դեպքում մոտակա երկու տարիներին տրանսպորտի բնագավառում լուրջ փոփոխություններն արդեն որակ կկազմեն։ Դրան կնպաստի նաեւ համաշխարհային կառույցների հետ մշակված՝ կառավարման ոլորտում արմատական փոփոխությունների իրականացումը։

Նոր ճանապարհի շահագործումը Դավիթաշենի կամուրջը ուղղակի կկապի հանրապետությունից դուրս եկող փոխադրումների հիմնական մայրուղու՝ Աշտարակի խճուղու հետ, շրջանցելով Աջափնյակով անցնող մոտ 10 կմ հատվածը։ Եթե դա բազմապատկենք օրական մի քանի հազար մեքենայով՝ տնտեսումն ակնհայտ կլինի։ Բացի այդ, այս ճանապարհի կառուցումը թույլ կտա քաղաքի արեւելյան հատվածի հետ ուղիղ կապել Վահագնի, Դիակոնիա թաղամասերը, զարգացնել կամուրջի շահագործումից հետո շատ հեռանկարային դարձած Դավիթաշենը դեպի Աշտարակի խճուղի։ Ճանապարհը նախատեսվում է ընդգրկել 2008-09թթ. ծրագրերի մեջ եւ ավարտել 2009-ին։ Արժեքի մասին դեռ դժվար է խոսել՝ նախագծային աշխատանքները չեն ավարտվել, այն կունենանք 2007-ի ծրագրում։

– Ի՞նչ փոփոխություններ են հասունացել Երեւանի կառավարման համակարգում։ Ի՞նչ կարծիքի եք Երեւանը մասնատելու տեսակետի վերաբերյալ։

– Իրոք, մեր քաղաքի կառավարման համակարգում առկա են խնդիրներ՝ կապված հանրապետությունում նրա բացառիկ դերի, զբաղեցրած տեղի հետ եւ այլն։ Առայժմ կարողացել ենք լուծումներ գտնել, հաճախ՝ կոմպրոմիսների միջոցով։ Այս ուղղությամբ մեծ տեղաշարժ է դիտարկվում՝ կապված Երեւանի կարգավիճակի վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների հետ։ Ունենալու ենք Երեւանի մասին օրենքը, սպասենք, որ այն կլինի բավականին լուրջ եւ արդյունավետ։

Ինչ վերաբերում է Երեւանի ադմինիստրատիվ վերաբաժանմանը՝ առանձին քաղաքների սկզբունքով, ես չէի ցանկանա առայժմ պաշտոնական կարծիք հայտնել, բայց, բնականաբար, որպես երեւանցի, մտածել եմ այդ հարցի շուրջ։ Իսկապես, աշխարհում կան շատ դեպքեր, երբ քաղաքն աճել է, ներառել իր մեջ նախկինում կայացած միավորներ, եւ նրանք մնացել են քաղաքի կազմում իրենց հին անվանմամբ եւ կազմավորումով։ Երեւանի դեպքում առաջարկվում է հակառակը՝ միասնականացած Երեւանը բաժանել արհեստականորեն ստեղծվող մասերի։ Տեսակետը քննարկման իրավունք ունի։ Սակայն, ի թիվս այլ հանգամանքների, նաեւ պետք է նկատի ունենալ հոգեբանական պահը՝ փորձեք հարցում անել ժողովրդի մեջ՝ Երեւանում արաբկիրցին, աջափնյակցին, «3-րդ մասցին» միշտ իրեն լիարժեք երեւանցի է զգացել, կուզի՞ այսուհետ միայն արաբկիրցի կամ ավանցի համարվել…։ Կարծում եմ, ելնելով նոր պահանջներից, քաղաքի ամբողջական կառավարման ձեւեր միանգամայն հնարավոր է մշակել՝ առանց զուտ ադմինիստրատիվ հանգամանքը գլխավոր խնդիր դարձնելու։