Վրաց-աբխազական բանակցություններն ընդհատվել էին 2004-ի հուլիսին, այն
բանից հետո, երբ վրացի սահմանապահները կրակ էին բացել թուրքական նավի վրա,
որն ուղղվում էր դեպի աբխազական նավահանգիստ: Բանակցությունները
վերսկսելու որոշման մասին հայտարարել է Աբխազիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ
Սերգեյ Շամբան: «Մենք պատրաստ ենք մարտին Ժնեւում մասնակցելու «ՄԱԿ-ի
գլխավոր քարտուղարի բարեկամներ»-ի հանդիպմանը, որը միավորում է ԱՄՆ-ը, Մեծ
Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Գերմանիան»:
Վրաց-աբխազական բանակցային գործընթացը վերսկսելու հարցն ավելի վաղ՝
հունվարի 16-ին, քննարկել էին Վրաստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ
ներկայացուցիչ Հայդի Տալյավինին եւ Աբխազիայի ԱԳ նախարարը: Նույն օրը
վերսկսվեցին բանակցությունները Աբխազիայի Գալիի եւ Վրաստանի Զուգդիդիի
շրջանի ներկայացուցիչների միջեւ: Հանդիպման մասնակիցները սահմանակից
շրջանների իրավիճակը գնահատեցին՝ իբրեւ «հանգիստ, բայց լարված»:
Երկխոսությունն ընդհատվեց հունվարի 13-ին Գալիի շրջանի Չուբուռխինջ
գյուղում կայացած քառակողմ հանդիպմամբ, որը նախօրոք պլանավորված էր:
Հումանիտար ծրագրերի տնօրեն Բատալ Կոբախիան գտնում է, որ Աբխազիայի ու
Վրաստանի միջեւ բանակցային գործընթացներն արդյունավետ չեն լինի, «եթե
Վրաստանը շարունակի պնդել տարածքային ամբողջականության եւ փախստականների
վերադարձի հարցերը»:
«Այտայրա» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Լ. Լակերբիան գտնում է,
որ Վրաստանը հետպատերազմյան տարիներին ոչ մի անգամ այնպիսի քայլեր չի
ձեռնարկել, որոնք Աբխազիայում կարող էին դրական արձագանք գտնել:
Աբխազիայի նոր իշխանությունների կողմնակիցները գտնում են, որ Գալիի շրջանը
(որտեղի բնակչության մեծ մասը մեգրելներ են) շատ կարեւոր է Վրաստանի հետ
հետագա հարաբերությունների տեսանկյունից: «Տնտեսությունը պիտի աշխատի,
հարկավոր է ամեն ինչ անել, որ իշխանությունների հանդեպ տարրական
վստահություն ձեւավորվի,- ասում է Լակերբիան,- մենք պիտի կառուցենք
իրավական պետություն»: