Վերջին մոտ երկու տարիների ընթացքում «Սինոփսիս» ընկերության գործունեությունը հայտնի է Հանրապետության հասարակայնությանը:
Այն, առաջին հերթին, պայմանավորված է Հայաստանում «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ հիմնադրմամբ: Ընկերության հիմնադրումը հնարավորություն տվեց ժամանակակից պահանջներին բավարարող հայաստանյան բարձրորակ մասնագետների համար ստեղծել մոտ 400 նոր աշխատատեղեր: Միայն վերջին տարվա ընթացքում «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների թվաքանակն աճել է ավելի քան 50%-ով:
Մինչեւ այժմ «Սինոփսիս» ընկերության կողմից Հայաստանում տեխնոլոգիական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 360մլն ԱՄՆ դոլար: «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն աջակցում է նաեւ Հայաստանում կրթական ծրագրերի զարգացմանը` համագործակցելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հետ: Այդ արդյունավետ համագործակցության արդյունքում, տարբեր կրթական ծրագրերի 186 շրջանավարտների գերակշիռ մասն արդեն աշխատում են ընկերությունում, կազմելով «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների մոտ 40%-ը:
«Սինոփսիս ֆոր Արմենիա» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2005թ.: Հիմնադրամի գործունեությունը բաժանվում է 2 ծրագրային մասերի՝ կրթական եւ սոցիալական: Հիմնադրամի կրթական ծրագիրն ընդգրկում է` մասնագիտական ճարտարագիտական կրթության համար համալսարանների ուսումնական լսարանների ապահովումը սարքավորումներով: Հիմնադրամը ֆինանսավորում է ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին եւ աշակերտներին շնորհվող ՀՀ Նախագահի մրցանակները, ինչպես նաեւ դպրոցական ֆիզիկա-մաթեմատիկական օլիմպիադաները: Ծրագրի սոցիալական մասը կենտրոնանում է Հայաստանում տեղի ունեցող հատուկ սոցիալական ծրագրերի եւ նվիրատվությունների վրա:
«Սինոփսիս ֆոր Արմենիա» բարեգործական հիմնադրամն օժանդակում է ամենաբարձր մակարդակի տեխնոլոգիական կրթությանը ուսուցիչների եւ ուսանողների համար: «Սինոփսիս» ընկերությունը հանդիսանում է էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ինչպես նաեւ կիսահաղորդչային ինտեգրալ սխեմաների նախագծման ոլորտների համաշխարհային առաջատարը: Նրա ստեղծած ծրագրային գործիքային միջոցները տարբեր կազմակերպությունների կողմից կիրառվում են ինչպես մեկ չիպում տեղակայվող համակարգերի, այնպես էլ չիպերի հիման վրա կառուցվող էլեկտրոնային համակարգերի նախագծման ժամանակ: Ընկերության արտադրանքը կիրառվում է կոմպյուտերային, կապի համակարգերի, կենցաղային էլեկտրոնիկայի, տիեզերական հետազոտությունների եւ այլ բնագավառներում էլեկտրոնային արտադրանք մշակող կազմակերպությունների կողմից: 2003թ. «Սինոփսիս»-ը դարձավ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման բնագավառի աշխարհի ամենահզոր ընկերությունը՝ 1 մլրդ դոլարից ավելի տարեկան եկամուտով եւ իր մասնաճյուղերով աշխարհի ավելի քան 60 երկրներում: «Սինոփսիս»-ի մասնաճյուղերը տեղակայված են Հյուսիսիային Ամերիկայում, Հնդկաստանում, Եվրոպայում, Ճապոնիայում, Չինաստանում, Կորեայում, Թայվանում, Իսրայելում եւ այլուր: