Սեպտեմբերի 25-ին մեկնարկեց Հայաստանի առաջին միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի 2-րդ փուլը: Օլիմպիադայի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն, օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Ռիչ Գոլդմանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, օլիմպիադայի կազմկոմիտեի եւ ծրագրային կոմիտեի նախագահն ու անդամները եւ այլ բարձրաստիճան հյուրեր:
Օլիմպիադայի մասնակիցների կազմում ընդգրկված էին բուհերի ուսանողներ, ինչպես նաեւ միկրոէլեկտրոնիկայի բնագավառի ընկերությունների մասնագետներ: Սահմանված էին 3 կարգի մրցանակներ` Notebook (1-ին մրցանակ), 300.000 դրամ (2-րդ մրցանակներ), 150.000 դրամ (3-րդ մրցանակներ): Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով: 1-ին փուլը եղել է ստուգարքի ձեւով` մասնակիցներին տրամադրելով ոչ բարդ հարցեր պարունակող թեստ: 2-րդ փուլն անցկացվել է մրցութային համակարգով. մասնակիցներից պահանջվել է խնդիրների համար ինքնատիպ լուծումներ գտնել: Օլիմպիադայի 1-ին մրցանակը շնորհվել է ՀՊՃՀ մագիստրանտ Գրիգոր Հարությունյանին, 2-րդ մրցանակների են արժանացել ՀՊՃՀ մագիստրանտներ Ալիկ Սարգսյանն ու Սոնա Գրիգորյանը: Նույն բուհի 2 ասպիրանտ եւ 1 մագիստրանտ արժանացել են օլիմպիադայի 3-րդ մրցանակների:
Սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 2006թ. լավագույն ուսանողներին եւ աշակերտներին, որոնց շնորհվել են ՀՀ նախագահի կրթական պարգեւներ: Ռ. Քոչարյանը շնորհավորելով մրցանակակիրներին` ասել է, որ նրանց հետ մեծ հույսեր են կապվում ՏՏ ոլորտի առաջընթացի գործում:
ՀՀ նախագահի կրթական պարգեւի մրցույթին մասնակցել են 50 աշակերտ եւ 150 ուսանող, որոնցից ընտրվել են լավագույն 19-ը: Պարգեւները շնորհվել են 5 անվանակարգում` «Լավագույն բակալավր», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն ուսանողուհի» եւ «Լավագույն աշակերտ»: Պարգեւները հանձնվեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության միջեւ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին եւ աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւներ շնորհելու վերաբերյալ 2005թ. կնքված համաձայնագրի հիման վրա: