Տաքսու վարորդներն ամեն օր շփվելով տարբեր խավի մարդկանց հետ` շատ հաճախ փակ ինֆորմացիաների են տիրապետում: Վարորդներից շատերի հավաստմամբ` Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երբեմն սովորական ուղեւորի անվան տակ փորձել են իրենցից ինֆորմացիա կորզել: Երբեմն էլ ԱԱԾ աշխատակիցներն ինֆորմացիա ձեռք բերելու նպատակով տաքսու վարորդ են աշխատում: Վարորդները շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանի քաղաքական «կուլիսներում»: Այս անգամ տաքսիների վարորդների հետ փորձեցինք զրուցել քաղաքականությունից:
2008թ. կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ ո՞ւմ թեկնածությունն են պաշտպանելու վարորդները:
«Իմ մեքենայով եմ կեղծողներին տարել-բերել»
Վարորդ Գեղամը չնայած ընտրություններից իր խոր հիասթափությանը` հայաստանյան քաղաքական վիճակը համեմատում է զսպանակի հետ. «Հիմա մեր երկիրը սեղմվել է զսպանակի ամենավերջին օղակի վրա, էլ իջնելու տեղ չունի, ամեն ինչ ա՜յ էդքան վատ է: Բայց ես հավատում եմ, որ մեր վիճակը զսպանակի մեծ թռիչքի պես լավանալու է: Էդ թռիչքը Հայաստանին շատ է բարձրացնելու»,- ասում է նա: Իսկ ի պատասխան հարցին, թե ՀՀ նախագահական ընտրություններում այս պահի դրությամբ ո՞ր թեկնածուի օգտին է քվեարկելու, վարորդ Գեղամն ասաց. «Մեկ է, իմ ձայնն ինձ չի պատկանում: Եթե մարդ իր աչքով տեսնում է, թե ոնց են քվեները կեղծում, եթե ես իմ մեքենայով եմ տարել-բերել կեղծողներին, եթե ես էդ օրերին իմ ականջով եմ դրանց խոսակցությունները լսել, ուրեմն էդքանից հետո ես հավատա՞մ, որ իմ ձայնը չի կեղծվելու»,- հարցնում է նա ու հայտարարում, որ նախագահի թեկնածու որպես այդպիսին գոյություն չունի: «Խեղկատակներն ամբողջ զորությամբ իրենց թեկնածությունը պաշտպանում են, բայց պետք է ժողովուրդը պաշտպանի, ոչ թե իրենք իրենց: Լավ, ես իմ ձայնը կարեւորում եմ ու գնում եմ ընտրելու, բայց չեմ տեսնում մեկին, որին կարելի է ընտրել: Դե ասեք՝ ո՞րն է ելքը: Ես գնում եմ, դեմ եմ քվեարկում բոլորին, բայց հետո իմ քվեաթերթիկը կեղծում են, էլ ընտրելու նպատակը ո՞րն է, մեկ է՝ կեղծում են»: Ինչ վերաբերում է ընդդիմադիր լիդերներին, ապա Գեղամն ասում է. «Ո՞ւր է, ընդդիմություն կա՞, միայն ընդդիմության անուն են հանել, իսկ մարդիկ կամ գաղափարը որպես այդպիսին չկա: Ո՞ւր է Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, ժողովուրդը նրանց մասին ի՞նչ տեղեկություն ունի: Ասում են՝ իբր ժողովրդի կողքին են, բայց ժողովուրդը չգիտի էլ` էդ մարդիկ հիմա Հայաստանու՞մ են, ինչո՞վ են զբաղված, ո՞ւր են: Հակակրիմինալ շարժում են անում, սուտ է, որովհետեւ դրանից բան չի փոխվում, նույն կրիմինալն իմ կյանքում կա, ու նրանց սուտի հայտարարություններից իմ կյանքը չի փոխվում: Տաքսին խփում է մեքենային՝ էդ տաքսու հերն անիծում են, իսկ իրենց ավտոները տաքսի են փշրում, բայց ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում: «Կրիմինալ» ասում են կազմակերպված հանցագործությանը, ուրեմն թող իրենք իրենց դեմ պայքարեն ու ժողովրդին չօգտագործեն էդ խաղի մեջ»: Այդուհանդերձ, վարորդ Գեղամը նախընտրում է գործող նախագահի թեկնածությունը պաշտպանել, քանի որ դա համարում է չարյաց փոքրագույնը. «Գործող նախագահն էնքանով է ձեռք տալիս, որ ինքը սահմանափակ, ռամկեքի մեջ մարդ է: Էլ սրանից վատ ինքը չի կարող լինել, ինքը հիմա մերկացել է մեր աչքի առաջ, ու իրա վատ լինելը բոլորը գիտեն, թե չէ՝ էլի գալու է մեկը, ու մի 8 տարի շարունակ պիտի նրա վատ լինելը բացահայտենք»: Ըստ վարորդ Գեղամի՝ մեր երկիրը գնում է դեպի կապիտալիզմ, եւ մեզ միայն հեղափոխությունը կարող է փրկել: Իսկ հեղափոխականը դեռ նոր պետք է ծնվի, քանի որ ներկայիս քաղաքական գործիչներն «էդքան չկան»: Իսկ կուսակցությունների մասին նա ասաց. «Դա բիզնես է: Փող ունեն` մարդկանց առնում են»:
«Քաղաքական գործիչներն այնպիսին են, ինչպիսին մենք ենք»
48-ամյա Սերյոժան վստահ է, որ նախագահի միակ ծանրակշիռ թեկնածուն «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն է. «Դե գիտե՞ք ինչու, որովհետեւ սփյուռքահայերն ուզեն էլ` չեն կարա մերոնց նման անբարոյական լինել, նրանք պարկեշտ են: Բայց դե չեմ հավատում, որ կթողնեն Րաֆֆին առաջ գնա, քանի որ Հայաստանի տիրակալները շատ են: Եթե թողեն՝ նա շատ բան կփոխի: Նրանց համար հայրենասիրությունը շատ մեծ նշանակություն ունի, սրանց պես հայրենիքը չեն ծախի, ոտնատակ չեն տա ու նույն հայրենիքի արեւով սուտ երդում տան»,- ասում է Սերյոժան եւ հոգնելով այս թեմայից` խնդրում է եզրափակել խոսակցությունը, քանի որ ինքը նախագահի թեկնածուի մասին ժամանակ չունի մտածելու, որովհետեւ սոցիալական խնդիրներն իրեն խեղդում են: «Էդ սուտ ա, որ ասում են` հասարակությունը քաղաքականացված ա: Ես շատ եմ տեսնում ու շփվում ամենատարբեր մարդկանց հետ: Երբ մարդը նստում է տաքսի ու սկսում է հոգոց հանելով իր տան պրոբլեմների մասին խոսալ՝ էդ մարդը թքած ունի նախագահի ցանկացած թեկնածուի ու քաղաքականության վրա, որովհետեւ ընտանեկան պրոբլեմներ ունի` ու էդ պրոբլեմները գալիս են չքավորությունից: Մարդը 10 դրամներն իրար վրա ա դնում, որ ինձ փողը մուծի, ու հասկանում եմ, որ տաքսի ա նստել ոչ թե նրա համար, որ ալարում ա քայլի, այլ, որովհետեւ ֆիզիկապես ուժ չունի, իրան հազիվ քաշ ա տալիս: Մարդիկ հոգնած են, էդ քեզ հաստատ եմ ասում»: Վարորդ Մայիսը մայրաքաղաքի այս դաժան երթեւեկության պայմաններում էլ շատ անհոգ է մեքենա վարում: Թեեւ արդեն 50-ն անց է, այդուհանդերձ աշխատում է երիտասարդությունից ետ չմնալ. «Ես էլ եմ սիրում ռեպ երաժշտություն, մեկ-մեկ էլ դրա տակ պարում եմ, որ երեխեքիս ծիծաղեցնեմ: Գիտե՞ս` ես ինչ եմ մտածում մեր երկրի մասին, որ երկիրը երկիր կդառնա էն ժամանակ, երբ մարդիկ սկսեն իրար հարգել: Բոլորը բողոքական են, բայց ոչ ոք ինքն իր մեջ պրոբլեմ ման չի գալիս: Մարդը գողանում է՝ ասում է` երկիրը երկիր չի, մարդն անհաջողակ է, ծույլ է՝ երկիրը երկիր չի, բամբասում, հայհոյում է, որովհետեւ՝ երկիրը երկիր չի: Մեր քաղաքական գործիչներն էնպիսին են, ինչպիսին մենք ենք: Մեր երեխեքն անդաստիարակ են, բայց մենք մեզ մեղադրելու փոխարեն` ղեկավարին ենք քֆրտում: Մենք մեր բարոյական արժեքները կորցրել ենք, բայց ղեկավարներից պահանջում ենք, որ բարոյական լինեն: Էսօր իմ ուղեւորների խոսակցություններից սիրտս խառնում ա: Դպրոցականների մամաները, ասենք, գնում են, որ երեխուն դպրոցից վերցնեն, չէ՞, բայց նախ մտնում են վարսավիրանոց, հետո մի 10 կիլո մակիյաժ են լղոզում դեմքներին, կներես, բայց «քամակները» կիսաբաց արած մտնում են դպրոց, կարծես գնում են գեղեցկության մրցույթի: Երեխեքին բջջայիններ են առնում, երես են տալիս ու սկսում են երկրի ղեկավարներին մեղադրել: Օրինակ, եթե հիշում ես, 1 կամ 2 տարի առաջ մեր նախագահի ընտանիքի մասին հաղորդում էին պատրաստել: Ես նայում ու հիանում էի իրա դաստիարակած երեխեքով, անկեղծ եմ ասում: Ինքն էդքան միջոցներ ունի, չէ՞, բայց էդ երեխեքի վրայից համեստությունն ու զսպվածությունը թափվում էր: Մարդու ընտանիքն իրա մասին շատ բան ա ասում: Բա ինչի՞ նախագահին օրինակ չեն բերում, ամոթ ա՞: Ես զարմանում եմ, որ հիմա լավ բաների մասին խոսալը շատ ամոթ բան ա դարձել: Ես որ մեկ-մեկ դրական բան եմ խոսում, աշխատողները ծիծաղում կամ բամբասում են իմ մասին: Որ մի լավ բան ես ասում, քեզ իշխանամետի պիտակ են կպցնում ու նենց տոնով են ասում, ոնց որ հայհոյեն: Ես ոչ իշխանամետ եմ, ոչ ընդդիմադիր, ոչ էլ էդ հորինված կենտրոնամետ: Էդ էլ Կարապետիչի ֆանտազիան էր «կենտրոնամետ» բառը: Այ, իրան չեմ սիրում, որովհետեւ բամբասող մարդ ա, կնգանից վերան ա բամբասում ու մի լավ բան որ անում ա, մի շաբաթ էդ մասին պատմում ա: Ով էլ որ դառնա նախագահ` մեկ ա, վիճակը չի փոխվի, որովհետեւ մարդիկ երբեք իրանք իրանց չեն մեղադրում, այլ ամեն ինչի համար երկրի նախագահին են մեղադրում: Ով էլ գա իշխանության, մեկ ա, էս ժողովուրդը դժգոհ ա մնալու»:
49-ամյա վարորդ Սարգիսի կարծիքով` Հայաստանին ուժեղ ու խելացի նախագահ է պետք, որի դերում տեսնում է Սերժ Սարգսյանին. «Եթե ուզենա նախագահ դառնալ՝ իրան եմ ձայնս տալու: Ինչ ուզում ա ասեն՝ էդ մարդը ուժեղ ձեռք ա, որը շատ ա պետք մեր ազգին: Շատերն են ասում, որ ով իրան ինչ հարցով դիմել ա՝ օգնել ա: Թեկուզ բանակ պահելը հո հեշտ բան չի՞, այ քուր ջան: Ինչ հարց լինում ա՝ էդ մարդն ա լուծում: Մեզ ուժեղ ու խելոք նախագահ ա պետք»:
«Մեզ Վազգեն ա պետք»
Վարորդ Վարդանն ասում է. «Նախագահի թեկնածու չկա, բոլորն իրար նման են ու բոլորն էլ որպես նախագահ` անարժան: Ամենասարսափելին էն կլինի, որ «Օրինաց երկրի» Արթուր Բաղդասարյանը մնա իշխանության մեջ: Ինքը ճիշտ նույն գառան մորթով գայլ ա: Նույնն էլ Գեղամյանը՝ շողոքորթներ ու քծնողներ են: Գեղամյանն իրա փառքի համար իրան էլ կծախի, ամեն ինչ անում ա, որ ինքը փառավորվի, ոչ թե ժողովուրդը: Ինձ շատ վիրավորում ա, որ էսօր կուսակցությունների ղեկավարները բարձր ամբիոններից հայտարարում են, թե կուսակցությունում էսքան թվով մարդ ունեն: Նենց են ասում, ոնց որ մի սուրու ոչխարի մասին արտահայտվեն: Մեր փողոցի ժողովուրդը դիմում էր գրել, որ մի կուսակցության ղեկավար օգներ մի հարցում: Բոլորի անձնագրերը հավաքել էին, որից հետո նոր էդ հարցը պիտի լուծվեր: Ես իմը չտվեցի ու դարձա մեր փողոցի բնակիչների թշնամին, ասում են՝ «Քո պատճառով գործը պռավալ կլինի: Բայց էդ արդեն ձայնը վաճառել ա, չէ՞, ախպեր, չեմ ուզում, թող չանի: Պրինցիպիալ չեմ տալու, համարյա 50-80 հոգի տվել են անձնագրերը, ես չեմ տալիս: Եթե տենց բարերար ա, թող օգնի, ոչ թե «Դու ինձ՝ ես քեզ» պրինցիպով անի: Ես չեմ ծախելու ձայնս, ոչ թե նրա համար, որ շատ ազնիվ եմ, այլ, որովհետեւ շատ վիրավորված եմ: Եթե էդ օլիգարխը մեր փողոցի համար մի գործ պիտի անի, ուրեմն՝ պետք չի, որ ձայներն առնի, հետո նոր անի: Թող ինքը հարկերը վճարի, բյուջեն լցվի, ու էդ նույն գործը պետությունն անի, ոչ թե մնանք օլիգարխի հույսին, որը հարկերը չվճարելու հաշվին իբր ժողովրդին լավություն ա անում: Ես ուզում եմ օրինական ապրեմ»,- ասում է Վարդանն ու ընկնում հիշողությունների գիրկը. «Երբ որ Վազգենն ու Դեմիրճյանը միացան, իմ սիրտը նենց տարօրինակ ուրախությամբ լցվեց: Ես տենց զգացում չեմ ունեցել, որովհետեւ ոչ քաղաքականությունը, ոչ էլ ընտրությունները ինձ չեն հետաքրքրում, բայց էդ ժամանակ հետաքրքիր բան ապրեցի, էդ երեւի հույսն ա, էլի, որ մարդու մեջ հույս ա արթնանում, ու քո երկրում մի քիչ քեզ ուժեղ ես զգում: Էդ մարդիկ իրանցից ուժ էին ներկայացնում: Մեզ Վազգենի նման մեկն ա պետք: Վազգենը համ կռվող էր, համ հոգեւոր արժեքների տեր մարդ էր, համ արվեստագետ էր, համ էլ գրող: Ես սիրում էի իրան, իրա մեջ մի տեսակ խենթություն կար: Իրոք մեզ Վազգեն ա պետք: Վազգենը հերոս էր, որին նույնիսկ հասուն տղամարդիկ ուզում էին նմանվել, կենդանի լեգենդ էր: Քիչ ա լինում, երբ մարդուն կենդանության օրոք էդքան սիրում ու գնահատում են, բայց Վազգենին իրոք շատ էինք սիրում: Նրա վրա կարելի էր հենվել: Թե չէ, սրանք սառած ու սպառված մարդիկ են, սրանք չեն կարա ժողովրդի սիրտը շարժել»: Իսկ վարորդ Նորայրը միանշանակ վստահ է, որ առաջիկա ընտրություններին ժողովրդի մեծամասնությունը չի մասնակցելու: Այնպես որ, կեղծողների ճանապարհը բաց է. «Թող կեղծեն ինչքան ուզում են, որովհետեւ ընտրելու դեպքում էլ են կեղծելու: Ժողովուրդը չի գնալու, որովհետեւ ընտրելու չունի, մեկը մյուսից վատ թեկնածուներ են: Քոչարյանը չի դնելու թեկնածությունը, Սերժն էնքան ուժեղ ա, որ ձեռքի մի հարվածով իր ուզածն անելու ա, Գեղամյանն իրանից վաբշե բան չի ներկայացնում, Ծառուկյանի մասին խոսալը վտանգավոր ա, Արամ Կարապետյանը տոչնի «Առյուծն ու կրիան» մուլտիկի մեջի առյուծիկն ա, որ վեչնի արեւի տակ պառկած` կրիայի հետ երգում ա, Դեմիրճյանը մնալու ա ստվերում, Արամ Սարգսյանն էլ էլի ռոմանտիկ հայացք ընդունած ասելու ա՝ չհաջողվեց, կեղծեցին»:
Վարորդ Գարիկն էլ ՀՀ ապագա նախագահ է տեսնում ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին. «Հեն ա, պատրաստի նախագահ ա: Համ ուժեղ ա, համ սաղից խելոք ա, օպըտնի ա: Համ էլ ասում են՝ սաղի հետ լեզու ա գտնում: Հեն ա, մեր ջահել շախմատիստներին տիրություն արեց ու մինչեւ հիմա էլ գլխներին կանգնած ա»,- ասում է նա: