Հասմիկը դպրոց չի հաճախել, ընկերներ չունի, նրա միակ ընկերն ու զբաղմունքը հեռուստացույցն է, հատկապես հեռուստասերիալները: Նա նաեւ փափուկ խաղալիքների ու ոչ թանկարժեք զարդերի սիրահար է, թեպետ դրանք կրելու համար երբեւիցե առիթ չի էլ ունեցել: Չնայած նա 6 ամսականից տառապում է սրտի արատով, սակայն մինչ օրս չունի հաշմանդամության կարգավիճակ, եւ տան անդամներն անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերում սեփական սուղ միջոցներով: «Մի անգամ մեր հարեւանը խորհուրդ տվեց հաշմանդամություն հաստատել ու թոշակ ձեւակերպել, բայց Հասմիկը դա շատ վատ ընդունեց, մտածելով, որ ինքը մի՞թե այնքան ծեր է, որ պիտի թոշակ ստանա: Հայրն էլ էր կտրականապես դեմ: Մի պահ ուզում էի հաշմանդամություն հանել, բայց 70-100 դոլար ուզեցին, համարեցի, որ անիմաստ է, որովհետեւ ընդամենը 3 հազար դրամի թոշակ պիտի ստանար: Որտեղ գնում ես, փող են ուզում, անգամ սրտաբանականից հիվանդության էպիկրիզը երկրորդ անգամ վերցնելիս, բժիշկն անամոթաբար ինձանից 30 դոլար պահանջեց: Դրա համար ես այնքան հիասթափված եմ ու հուսահատ»,- ասում էր Հասմիկի մայրը` 55 տարեկան Անահիտ Խաչատրյանը, որն ինսուլտ էր տարել, եւ նույնպես հաշմանդամության թեկնածու էր: Երկու օր առաջ Հ. Համբարձումյանին շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկները հաստատել են, որ երիտասարդ աղջկան ապրելու համար մնացել է շատ կարճ ժամանակ:
Հասունացման շրջանում Հասմիկի վիճակը ծայրահեղ բարդացել է, ու ծնողները, մտահոգված նրա առողջությամբ, 1998թ. «Ագրոբանկ»-ից մեկ տարի ժամկետով 2000 դոլարի վարկ են վերցրել, որպեսզի այն բիզնեսի մեջ ներդնելով` անհրաժեշտ գումար հայթայթեն աղջկա վիրահատության համար: Սակայն «Նորք» սրտաբանականում մասնագետները վիրահատական միջամտությունը համարել են ավելորդ, քանի որ աղջկա մոտ արդեն առկա են եղել արատից առաջացած բարդություններ` թոքային անբավարարություն, ջրային կուտակումներ: Այժմ Հասմիկի վերջույթները օրգանիզմի ջրային ավելցուկներից չափազանց այտուցված են: «Վարկը մեկ տարով էինք վերցրել, տոկոսները պարտաճանաչ տվեցինք, սակայն չկարողացանք մայր գումարը վերադարձնել, քանի որ Հասմիկի հիվանդանոցային ծախսերը շատ էին: Ընդ որում, 2000 դոլարի դիմաց բանկը մեզանից ծառայության դիմաց 600 դոլար գանձեց, վարկն էլ ուշացումով տրամադրեց: Ամուսինս տեսնելով, որ այստեղ չի կարողանում այդ գումարը հայթայթել, որոշեց մեծ աղջկաս հետ մեկնել Թուրքիա: Մեկ տարի անց նրանք դիմեցին դատարան` բնակարանն ազատելու պահանջով: Մենք ուզեցինք փոքր-ինչ երկարացնել պարտքը մարելու ժամանակահատվածը` պատճառաբանելով, որ չենք կարող բնակարանը լքել, որովհետեւ անհնար էր երեխային ծանր վիճակում տեղափոխել: Խնդրեցի, աղաչեցի մի երեք ամիս ժամանակ էլ տրամադրել: Լավ էր, մեզ բաշխեցին այդ ժամանակը, ու մի օր, երբ գնացել էի դեղ գնելու, եկա տեսա հարկադիրի տղաները լցվել են մեր տուն, որտեղ միայն Հասմիկս էր ու 4-րդ դասարանցի տղաս: Երեխաները վախեցած էին ու լացում էին: Տան իրերը վայրենաբար դուրս էին շպրտում: Խնդրեցի մի քանի օր էլ սպասել, որովհետեւ Թուրքիայից ամուսինս գումար պիտի ուղարկեր: Սակայն, նրանք հայտարարեցին, որ մեր տունն արդեն վաճառված է: Առանց մեզ տեղյակ պահելու Ավան թաղամասում գտնվող երեք սենյականոց վերանորոգված բնակարանը վաճառել էին ընդամենը 3000 դոլարով` «օրգանի» աշխատողի վրա: Այդ սադիստը նույնիսկ մեր տան լույսն էր անջատել տվել: Երեխային երակային ներարկումներ անելու համար հարեւանիցս էի լույս վերցնում: Ապրիլի 24-ին, մի անձրեւոտ օր, նորից եկան լցվեցին հարկադիրի տեսուչները, իր անմարդկայնությամբ ամենատպավորիչը Արամ Նավասարդյան անունով տեսուչն էր: Փոքր տղաս լացելով խնդրում էր, ասում էր «ձյաձյա ջան, թողեք այս եղեռնի օրն էլ անցնի, մենք դուրս կգանք»: Մեզ տվեցին ընդամենը 12 ժամ: Հանեցին շպրտեցին դուրս, մնացինք փողոցում: Սկսեցինք վարձով ապրել, ամուսինս ու մեծ աղջիկս դրսից մի կերպ դրա համար փող էին ուղարկում: Մենք հո միշտ այսպես չե՞նք եղել, ամուսինս շինարարությունում աշխղեկ է եղել: Շատ լավ ենք ապրել»,- իրեն համակած դառնություններից եւ փորձություններից քարացած սրտով ու ձայնի ցածր տոնայնությամբ պատմում էր բազմազավակ Անահիտ Խաչատրյանը: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում՝ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»: Նրա ամուսինը 2003թ. անսպասելիորեն Թուրքիայում սրտի կաթվածից հանկարծամահ է լինում: Հասմիկի մեծ քույրը` Նարինեն, որը հորը Թուրքիայում ընկերակցելիս է լինում, իր ընտանիքի համար տուն գնելու հեռանկարով` մի սիմվոլիկ գումար է ունենում, որը ծախսում է 17 օրվա ընթացքում, որպեսզի հոր դիակը տեղափոխի Հայաստան: Ընտանիքի հոգսը հիմա Նարինեի ուսերին է դրված, սակայն այս պահին նա էլ աշխատանք չունի:
Համբարձումյանների ընտանիքն այժմ ժամանակավորապես բնակվում է մտերիմներից մեկի տանը, որն այս պահին Մոսկվայում է: Բազմազավակ Ա. Խաչատրյանի կրտսեր որդին` Հովհաննես Համբարձումյանը 18 տարեկան է, սակայն մինչ օրս անձնագիր չունի, բնակարան չունենալու պատճառով գրանցում էլ չունի: «Տղաս ոչ քաղաքացիություն ունի, ոչ անձնագիր, աջ ձեռքի սրունքի կոտրվածքի պատճառով ոսկորները հեռացած են իրարից, բայց արդեն հաշվառված է, ասել են, որ անպայման պիտի գնա բանակ: Բոլոր տեղերում անձնագիր են պահանջում. մենք ընտրելու իրավունք էլ չունենք, բայց չգիտես ինչու, բանակ առաջինն իմ տղան պիտի գնա: Երեւանում ծնվել ենք, Երեւանում ապրում ենք, բայց Երեւանում տուն չունենք: Եթե պետությունը հրաման տա ու ինչ-որ մարդկանց օգնություն հատկացնի, մենք ոչ մի խմբում չենք կարող ընդգրկվել, ես էլ, իմ 5 երեխաներն էլ: Մենք մարդ չենք: Իմ երեխան, որ վատանում է, ես վախենում եմ, մտածում եմ, որ շտապօգնությանը, դեղերին պիտի փող տամ: Բժշկի մոտ տանում ես` 5 հազար է, բժշկին բերում ես` 10 հազար է: Հասմիկի դեղերին չի բավականացնում անգամ ընտանիքից մեկի աշխատավարձը: Թաղապետարանից ուղարկեցին մեր պոլիկլինիկա (թիվ 12) դեղեր ստանալու համար, բժիշկը չտվեց, ասաց` ես իրեն ինչքան ժամանակ է՝ չեմ տեսել, կարող է` այդ դեղերն արդեն իրեն պետք չեն: Պոլիկլինիկայի բժիշկն ամեն գալուց փող է ուզում, ամեն գալով էլ մուննաթ է գալիս: Հիմա իրեն չեմ կանչում, ի վիճակի չեմ նրան արդեն վճարելու: Բոլոր պոլիկլինիկաներում էլ նույնն է: Հիմա փողն է կարեւոր, փողի պատճառով մարդիկ իրենց հոգիները ծախել են»:
«Քուրդը մեզ իր տանը 15 օր պահել է, ինչը հայը չէր անի»
Համբարձումյանների ավագ դուստրը` 36-ամյա Նարինեն, որը 3 տարի աշխատել եւ ապրել էր Թուրքիայում, սկզբից լուռ լսում էր մոր պատմությունները, հետո ինքն էլ ներգրավվեց խոսակցության մեջ: «Մասնագիտությամբ ես կար անող եմ, ինձ ասացին, որ այնտեղ կարող եմ կաշվե իրեր կարել եւ մեծ գումարներ աշխատել, բայց տվյալ անձնավորությունը մեզ խաբել էր: Ընդամենը 50 դոլարով 3 օր ապրեցինք Ստամբուլի հյուրանոցում: Արդեն հուսահատ, հայրս իջնում է հաց գնելու, խանութում կես ադրբեջաներենով, կես հայերենով խոսելիս նրան է մոտենում ազգությամբ քուրդ մի մարդ եւ հայերենով հարցնում` հայ ե՞ս: Հայրս զարմանում է, թե քուրդը ինչպե՞ս կարող է հայերեն խոսել: Նա մեզ տարավ իր տուն, 15 օր ընտիր պահեց, որը ոչ մի հայ չէր անի: Ինձ տարավ ընդունեց ֆաբրիկա, ամսական 100 դոլար էի ստանում: Հետո մեզ համար էժան տուն վարձեց, առաջին անհրաժեշտության իրերով ապահովեց: Երբեք չեմ մոռանա նրա արածները: Երբ զանգեցինք, իմացանք, որ մեր տունը խլել են մեր ձեռքից, հորս մարմնի մի կողմն ամբողջությամբ թուլացավ: Իմ աշխատած գումարներով համ վարձ էի տալիս, համ պապայի համար դեղեր էի գնում: Ու այդ ընթացքում չէինք կարողանում տուն փող ուղարկել: Մորս ասում էի՝ ինչ աչքդ տեսնում է, վաճառիր, միայն թե երեխաներին լավ նայիր: Ասում էի, որ լավ է լինելու, ուղղակի դեռ չենք կարողանում մեծ գումարներ աշխատել: Հետո 7 ամիս անց հայրս գործ ճարեց` ճարահատյալ սկսեց շինարարությամբ զբաղվել: Որոշ ժամանակ անց հորս վիճակը շատ վատացավ, նա գիշերները չէր քնում, նստած էր անցկացնում: Նա շատ ծանր էր տանում այն փաստը, որ փոքր եղբայրս խռովել էր իրենից, երբ զանգում էինք հեռախոսով` չէր խոսում հետը, նեղացել էր, թե նա ինչո՞ւ թույլ տվեց, որպեսզի մեր տունը մեր ձեռքից խլեն: Երբ հայրս մահացավ, հավաքած գումար ունեինք, որով ուզում էինք մի անկյուն գնել, բայց այդպես էլ չհաջողվեց: Որ ասում են` թուրքը, քուրդը, ես զարմանում եմ… Հիմա որ ընկնենք-մեռնենք, մեր հարեւաններից ոչ մեկը չի գա, 10 դոլար անգամ չի տա: Այնտեղի դիահերձարանում 3 օրից ավելի չէին թույլատրում դիակ պահել, ես դիմեցի Թուրքիայի հայկական եկեղեցուն, սակայն ինձ մերժեցին: Թուրքերն ինձ օգնեցին, որպեսզի հորս դիակը բերեմ-հասցնեմ Երեւան: Եկել էի ավտոկայարան, չգիտեի՝ հորս դիակի հետ միասին որտե՞ղ պիտի գնամ, որովհետեւ մեր վարձով տան հասցեն չգիտեի»,- հուզված պատմում է Նարինեն:
Համբարձումյաններին հրաժեշտ տալուց առաջ մեկ անգամ էլ մոտեցա անկողնում պառկած Հասմիկին: Նրա շուրթերն ու ձեռքերի եղունգներն ամբողջովին կապտած էին: Հասմիկը գիտակցում էր, որ իրեն շատ քիչ է մնացել ապրելու: Նա այդ վիճակում էլ գիտակցում է, որ իր հարազատներին տուն է հարկավոր, քանի որ իրեն փրկելու ակնկալիքով էին նրանք հայտնվել Ավան թաղամասի այդ խուլ փողոցի սեփական տանը, որի պատերը նրա համար շատ օտար ու ցուրտ էին: