«1991թ. Հայաստանում վիճակն այդքան վատ չէր, այն ժամանակ ես գործ ունեի, բժիշկ էի: Ամերիկա տեղափոխվեցի ոչ սոցիալական պատճառով: Ուղղակի դա հետեւանք էր երկար տարիների հուսահատության: Միշտ սիրել եմ գիտությունը ու այդ պատճառով փորձեցի ընդունվել օրդինատուրա: Դա դարձավ մի մեծ խնդիր: Աշխատել էի Սեւանի գինեկոլոգիայի բաժնի վարիչ, Երեւանում ծնված, մեծացած մարդ էի, որ ուզում էի ուսումս շարունակել: Քիչ չէր այն, որ ինտերնատուրայում թույլ չէին տալիս անգամ վիրահատություն անել, հիմա էլ օրդինատուրան էր դարձել անհնարին: Ինքնառեալիզացիայի ձգտումը ինձ բերեց ԱՄՆ»,- ասում է 45-ամյա ամերիկահայ մանկաբույժ Գագիկը Հարությունյանը:
Նրա առաջարկով մեր հանդիպումը կայացավ Պարկ Սիթի փոքրիկ հանգստյան ավանում: Սա Ամերիկայի «Ծաղկաձորն է», ամենաթանկ եւ հիմնականում ձմեռային հանգստի գոտին, որտեղ, օրինակ, Լարրի Քինգն իր զոքանչի համար տուն է գնել 17 մլն դոլարով: Գագիկը սիրում է շաբաթավերջին այստեղ լինել կնոջ եւ որդու հետ` քաղաքային աղմկոտ շաբաթից հետո Պարկ Սիթիում լիցքաթափվելու համար: Ֆրանսիական 70-ականների երաժշտություն ու համեղ խոհանոց, ֆանտաստիկ բնապատկեր ու արդեն պատմություն դարձած դժվարություններ. «Սոսկալի դժվար էր: Ձեւավորված բժիշկ, մարդ, գալիս ես ուրիշ երկիր: Ինչ ունես, ինչ գիտես` չի անցնում: 30 տարեկանում զրոյից ես սկսում: Իմիգրացիոն կարգավիճակ չունեի, հայտնվել էի մի հատ փողոցային մարդուց ավելի ցածր վիճակում: Պատահական գործեր, նվազագույն կենցաղային պայմաններ: Բժիշկ աշխատելու իրավունք չունեի: Երեք-չորս տարի վատնեցի, մինչեւ քննությունները հանձնեցի ու սկսեցի աշխատել իմ մասնագիտությամբ»: 15 տարվա ընթացքում Գագիկը հրաշալի կարիերա է ձեւավորել՝ այժմ ունի իր կլինիկան ու կլիենտուրան: Նա ապրում է Նյու Յորքում: Այս ընթացքում երկու անգամ եղել է հայրենիքում: Ամենամեծ շոկն ապրել է Բժշկական ինստիտուտի իր համակուրսեցիների հետ շփումից, որոնք նույնպես բժիշկ են աշխատում:
– Երեւանում, ընկերներիցս մեկն ինձ հարցնում է՝ ամենաուժեղ անտիբիոտիկն Ամերիկայում ո՞րն է: Ես հասկացա, որ նա ինստիտուտի կրթությունից հետո էլ գիրք չի կարդացել:
– Չէի՞ր կարող ուղղակի պատասխանել:
– Ախր դրան պատասխան չկա: Քսան տարի առաջ դա կարելի էր հարցնել: Այսօր ամերիկյան բժշկության մեջ յուրաքանչյուր հիվանդության համար կա վիճակագրություն: Այդ վիճակագրությունը կազմում են գործակալությունները, կառավարությունը: Դա կոչվում է «Evidence Based Medicine»` ապացույցի վրա հիմնված բժշկություն: Գիտենք, օրինակ, թե այսինչ տարվա այսինչ ամսին՝ ո՞ր միկրոբներն են երեխաների մոտ առաջացնում ականջի ինֆեկցիա, եւ դրանք ո՞ր անտիբիոտիկի նկատմամբ են ավելի զգայուն: Սովորաբար դա ամենաէժանն է: Օրինակ, ամոքսիցիլինը շատ էժան է՝ 8 դոլար է: Միկրոբների 98 տոկոսը լավ պատասխան է տալիս այդ անտիբիոտիկին: Եթե շատ թանկ ու ուժեղ անտիբիոտիկ տաս՝ կարող ես չվերացնել:
– Բայց արդյոք այդքան օգտակա՞ր է այդ վիճակագրությունը:
– Ահռելի օգտակար է: Բժիշկը կարող է ուրիշ բան նշանակել, բայց եթե քեզ ասում են, որ ամբողջ ԱՄՆ-ում միկրոբների 98 տոկոսը սրա հետեւանքն է, ապա դու վերանայում ես որոշումդ: Օրինակ, դասագրքային ճշմարտություն էր՝ սրտային ինֆարկտի ժամանակ պետք է լիդոկային տալ` առիթմիաների պրոֆիլակտիկայի համար: Հաջորդ տարվա դասագրքում արդեն այդ երաշխավորությունը հանվեց, որովհետեւ պարզվեց, որ կա սպեցիֆիկ խումբ, որին դա ոչ թե օգնում է, այլ վնասում է: Այս ինֆորմացիան վայրկենապես փոխանցվում է բժիշկներին: Ժամանակակից ամերիկյան բժշկության մեջ ինֆորմացիան շատ արագ է փոխվում: Դասագրքերն ու գրականությունն ամեն տարի թարմացվում են:
– Առողջապահությունն ԱՄՆ-ում շատ թանկ է: Ամերիկյան բժշկության տարեկան շրջանառությունը ամբողջ երկրի ՀՆԱ-ի 16 տոկոսն է: Դրա մեծ մասը բժշկական ապահովագրական գումարներն են: Կարո՞ղ ես ասել, ի՞նչ առավելություն է տալիս այդ ապահովագրությունը եւ ընդհանրապես այդ համակարգը:
– Յուտան, որը ամենաաղքատ նահանգներից մեկն է եւ ունի 2 մլն բնակչություն, ունի ավելի շատ MRY` մագնիսային ռեզոնանսի հետազոտման մեքենա, քան ամբողջ Կանադան: (Իմիջիայլոց, այդ մեքենաների արտոնագրի մեծ մասի սեփականատերը հայ է՝ Դամադյան ազգանունով, որն ապրում է Նյու Յորքում: Մեկ մեքենան արժե մեկ մլն դոլար):
– Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում:
– Կոնկրետ օրինակով բացատրեմ: Եթե մարդը գլխացավ ունի եւ առավոտյան փսխումներ է նկատվում, դիմում է բժշկի: Բժիշկը կասկածում է ուղեղի ուռուցք: Ամերիկացի բժիշկը կկարգադրի անմիջապես անել MRY հետազոտում: Կանադայում դա անելու համար կպահանջվի մի քանի ամիս, Հայաստանում դա տեղի չի ունենա: Հաջորդ քայլը. պարզվեց՝ իսկապես չարորակ ուռուցք է: Կա մի քանի տեսակի բուժում: ԱՄՆ-ում քեզ կառաջարկեն ստանդարտ տարբերակ` վիրահատություն, եւ նոր սերնդի վիրահատություն` ուռուցքի վերացում ռադիոհաճախականությամբ: Կանադայում դա չի առաջարկվի, այն չափազանց թանկ է, եւ գործնականում բոլոր քաղաքները չունեն այդ սարքերը: Հայաստանում այդ մասին դժվար թե անգամ տեղյակ լինեն: Արդյունքում, մարդը, որ ամսական վճարում է 200 դոլար, մեկ շաբաթվա ընթացքում պարզում է իր հիվանդությունը եւ անմիջապես, ամենավերջին սերնդի տեխնոլոգիայի օգտագործմամբ վիրահատվում է: Դա կարող է արժենալ մինչեւ քառորդ միլիոն դոլար: Այդ գումարը վճարում է ապահովագրական ընկերությունը: Հիմա արժե՞, թե՞ ոչ:
Ընկերներիցս մեկի մայրը Կանադայում էր ապրում եւ ուներ պետական ապահովագրություն: Մոր մոտ հայտնաբերել էին կոկորդի քաղցկեղ: Հերթագրել էին բժշկի հետ հանդիպելու համար: Հանդիպումը երեք ամիս հետո էր նշանակվել: Այսինքն, այն, ինչ ԱՄՆ-ում կարող էր արվել մեկ շաբաթում, այնտեղ դա չի արվել: Շատ հայ բժիշկներ գալիս են այստեղ, տեսնում են՝ ինչպես է աշխատում թերապեւտը, ասում են` ես էլ կարող եմ անել: Խնդիրը միայն գիտելիքները չեն: Բժշկությունը, առաջին հերթին, բարձր տեխնոլոգիաներ են: Այո, ամերիկյան առողջապահական համակարգը շատ թանկ է, բայց բարձրորակ է:
Հայաստանում գրքեր չկան, կրթական համակարգը նույնն է մնացել, ինչ քսան տարի առաջ: Կան լավ բժիշկներ, բայց չկա լավ բժշկություն:
Գագիկի առաջարկով՝ մեր զրույցը շարունակում ենք արդեն ամերիկյան մի սրճարանում, որտեղ կա նաեւ անլար ինտերնետ: Գագիկն ասում է, որ պատրաստ է հենց այսօր էլ մեկնել Հայաստան: Գիտի եւ՛ ամերիկյան իրականությունը, եւ՛ հայրենիքի դժվարությունները: «Ուղղակի պայմաններ չկան, իսկ եթե չկան պայմաններ, նշանակում է` պետությունն արգելում է դրանով զբաղվել»,- այսպես է նա մեկնաբանում Երեւան չտեղափոխվելու իր պատճառը: Ի դեպ, Գագիկի կարծիքով, երկրի զարգացումը դանդաղում է ոչ կոռուպցիայի ու ոչ էլ կրիմինալի պատճառով. «Իտալիայի 95 տոկոսը ստվերային է: Կոռուպցիան չի դանդաղեցնում տնտեսության զարգացումը: Դա միջոց է «սոված գայլերին» կերակրելու համար: 1930-40-ականների Չիկագոյի քրեածին ընտանիքներն այսօր կառավարական օղակներում են եւ ձգտում են կայունության: Հայաստանյան վերնախավն էլ է ձգտում կայունության: Եթե նրանք հասնեն այդ կայունությանը, ապա կարող են դառնալ դրական ֆակտոր»: Ինչ վերաբերում է կրթության զարգացմանը, ապա Գագիկ Հարությունյանի կարծիքով, պետք է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա. նախ, հայերը փոքր ազգ են եւ կարող են, ճապոնացիների, հրեաների կամ իռլանդացիների նման, օգտագործելով իրենց սփյուռքը, համախմբվել մեկ գաղափարի շուրջ: Եվ երկրորդը` զարկ տալ այլընտրանքային գիտության զարգացմանը: «Այն, ինչ թանկ է աշխարհի համար, էժան է Հայաստանի համար: Մեզ պետք չէ մասնակցել նավթային կռիվներին, մենք ի վիճակի ենք ներգրավել ուրիշ միջոցներ: Նյու Յորքում այլընտրանքային էներգիայի ցուցահանդեսին արեւային էներգիայի ամենամեծ արտոնագրերի սեփականատերը AMOCO ընկերությունն է, որը նաեւ խոշոր նավթարդյունահանող է, բենզին վաճառող: Այսինքն, այդ ընկերությունը գնում է արտոնագրերը ու սառեցնում: Հայաստանն այդ պրոբլեմը չունի, խոշոր նավթային ընկերությունները չեն խանգարում այլընտրանքային էներգիայի զարգացմանը: Այսինքն, գիտության զարգացման լուծումը պարտադիր չէ` լինի ավանդական: Արագ, արդյունավետ ու էժան մեթոդով Հայաստանը կարող է դառնալ լիդեր, ոչ թե աութսայդեր: Ճապոնական օրինակը դասական մոդել է: Երկրորդ աշխարհամարտում պարտված, սնանկացած, քայքայված երկիրը մի քանի տասնամյակում դարձավ մոլորակի երկրորդ ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը: Ինչո՞ւ ենք կարծում, որ Հայաստանում դա հնարավոր չէ…»,- ասում է մանկաբույժ Գագիկը Հարությունյանը:
Գագիկ Հարությունյանը չի զղջում Ամերիկա մշտական բնակության տեղափոխվելու համար, որովհետեւ այստեղ նա դարձել է բարձրորակ մասնագետ, գտել է իր երջանկությունը, օգտագործել է իր հնավորությունները եւ կառուցել է իր ապագան: Նա իր 7-ամյա որդուն ցանկանում է տեսնել «որպես հաջողակ, տաղանդավոր, կոսմոպոլիտ` աշխարհի քաղաքացի, այսինքն` հայ ու ազատ մարդ»: