ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի այն հայտարարությունը, թե «Հենց Ռուսաստանի շահերից է բխում, որ Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը լինեն կայուն, կոռուպցիայից զերծ եւ հեռացվեն այնտեղ իշխող քրեական անջատողականները», բողոքի եւ զայրույթի մեծ ալիք է առաջացրել Հայաստանում։ Երեկ բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ Ազատության հրապարակից բողոքի երթ են կազմակերպել դեպի Բաղրամյան պողոտա (ԱՄՆ դեսպանատան շենքը)՝ «Ամոթ Էլիզաբեթ Ջոնսին» եւ «Ոչ երկակի ստանդարտներին» կարգախոսներով։ Ամերիկյան դեսպանությունն, ի դեպ, այդ առթիվ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ ԱՄՆ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի ընդունում Ղարաբաղի իշխանություններին, եւ այլն։ Ուշադրություն դարձրեք՝ ոչ մի խոսք «քրեածին անջատողականներ» արտահայտության մասին։ Մինչդեռ հենց այդ ձեւակերպումն էր հայ հասարակության զայրույթի հիմնական պատճառը։ Ինչեւէ։
Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունն, իսկապես, մեղմ ասած՝ անարդար է։ Ղարաբաղում իշխում են ոչ թե «քրեածին անջատողականները», այլ ժողովրդավարական (տարածաշրջանային չափանիշներով) ընտրությունների միջոցով ձեւավորված իշխանությունները։ Համենայն դեպս, այդ ընտրություններն իրենց մաքրությամբ ոչնչով չեն զիջում ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններին։ Մի խոսքով՝ իսկապե՛ս «ամոթ Էլիզաբեթ Ջոնսին»։
Բայց արդյո՞ք արժե անարգանքի սյունին գամել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին, հուզիչ ակցիաներ կազմակերպել, հայրենասիրական ճառեր արտասանել, սպառնալ… Թերեւս արժե. նման միջոցառումները քաղաքականության անբաժան մասն են կազմում։ Պարզապես շատ ավելի կարեւոր է՝ փորձել հասկանալ, թե ինչո՞ւ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան նման անարդարացի միտք հայտնեց։ Չէ՞ որ առնվազն միամտություն է կարծելը, թե ԱՄՆ կառավարությունը լավատեղյակ չէ Ղարաբաղում տիրող իրավիճակին ու հակամարտության բուն էությանը։ Իրականում նրանք շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում, ով ինչպիսի ընտրություններով է հասել իշխանության, ով է ավելի «քրեածին», եւ այլն։ Եվ սա շատ ավելի վատ է։ Ուրիշ բան, եթե Էլիզաբեթ Ջոնսը հարցից անտեղյակ լիներ. կհրավիրեինք Գառնի-Գեղարդ, կոնյակ կհյուրասիրեինք, ու ամեն ինչ լավ կլիներ։ Բայց նա, թարսի պես, նաեւ ԱՄՆ նախագահի հատուկ խորհրդականն է՝ Կասպից ծովի ավազանի էներգետիկ ռեսուրսների հետ կապված հարցերով…
Իրականում այս ամենի պատճառը մեր մեջ պետք է փնտրենք։ Ավելի ճիշտ՝ Հայաստանի իրականացրած անհաջող արտաքին քաղաքականության մեջ։ Տեսեք. արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարում է, թե առ այսօր որեւէ հեղինակավոր երկիր կամ միջազգային կառույց չի հայտարարել, թե ղարաբաղյան խնդիրը պետք է անպայման լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարո՛ւմ է դա (հերթական անգամ)։ Դրանից հետո մեր արտգործնախարարը շարունակում է պնդել իր ասածը, եւ այսպես շարունակ։ Սա ոչ թե արտաքին քաղաքականություն է, այլ սովորական լեզվակռիվ, որտեղ, իհարկե, հաղթողներ ու պարտվողներ չեն լինում (քանի դեռ բանը կոնկրետ գործողությունների չի հասել)։ Այդ ընթացքում Հայաստանի նկատմամբ իրականացվող միջազգային ճնշումն ուժեղանում է, եւ Էլիզաբեթ Ջոնսի հայտարարությունը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Իհարկե, ԱՄՆ-ը իսկապես երկակի ստանդարտներ է կիրառում. այսինքն՝ եթե ԱՄՆ-ին պետք լինի, ամենադաժան բռնապետին անգամ Նոբելյան մրցանակի կներկայացնի կամ ամենաարդար ճանապարհով ընտրվածին «քրեածին անջատողական» կանվանի։ Սա անարդար է, բայց այդպիսին է քաղաքականությունը։
Եթե մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը լուրջ հետեւություններ չանի, վաղն էլ ամերիկյան մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա կարող է հայտարարել, թե Ղարաբաղում, ասենք, հերոին, կամ միջազգային զենք են արտադրում։ Դա կլինի նույնքան անարդար եւ կեղծ, բայց դրանից ոչինչ չի փոխվի։ Եզրակացությունը միակն է. մեր արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե կեղծիքի դեմ պայքարը, այլ՝ այնպիսի քաղաքականության իրականացումը, որ միջազգային հանրությանը ձեռնտու չլինի Հայաստանին կեղծ մեղադրանքներ ներկայացնել։
Պետք չէ ապացուցել, որ ուղտ չես։ Ավելի լավ է՝ փորձես հասկանալ, թե ինչո՞ւ են հենց քե՛զ ուղտ անվանում։