Քերոլայն Քոքսը Ղարաբաղում է

29/09/2006

Օրերս ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որն այս անգամ իր կազմում էր ընդգրկել Արցախում մարդասիրական տարբեր ծրագրերի իրականացմանը սատարող բրիտանական եւ ամերիկյան մի շարք հասարակական գործիչների:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տիկին Քոքսը Հանրապետության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է ԼՂՀ ժողովրդին ու իշխանություններին եւ նշել է, որ իր յուրաքանչյուր այցի ընթացքում վերստին համակվում է լավատեսությամբ եւ ոգեւորվում արցախցիների աշխատասիրությամբ: Ա. Ղուկասյանն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրի ծագմանը, պարտադրված պատերազմին եւ ներկա իրավիճակին: Պատասխանելով ներկաների հարցերին` նախագահն իբրեւ կարգավորման կարեւորագույն նախապայման մատնանշել է կողմերի միջեւ փոխադարձ վստահության հաստատման անհրաժեշտությունը: Նույն օրը հյուրերին ընդունել է նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը: Հանդիպման ընթացքում արտգործնախարարն անդրադարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին: Մասնավորապես, նա մտահոգություն հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո գտնվող հիմնախնդրի լուծումը ՄԱԿ տեղափոխելու՝ Ադրբեջանի փորձերի կապակցությամբ: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է նաեւ, որ անհնար է մի ամբողջ ժողովրդի ճակատագրին վերաբերող խնդիրն առանց նրա սեփական կարծիքը հաշվի առնելու լուծել:

Պատասխանելով Հայաստանի հետ փոխհարաբերությունների մասին հարցին, Գեորգի Պետրոսյանն ընդգծել է. «ՀՀ-ն ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխավորն է, իսկ ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ապա երկու հանրապետությունների միջեւ պահպանվում է չմիջամտելու սկզբունքը»: Խոսելով չդադարող տեղեկատվական պատերազմի մասին, նախարարն անդրադարձել է սահմանամերձ գոտու հրդեհների առթիվ Բաքվի կողմից բարձրացված աղմուկին: «Մենք դիմել ենք ԵԱՀԿ, առաջարկելով դիտարկում անցկացնել` կատարվածի վերաբերյալ անաչառ կարծիք կազմելու համար: Հանրապետության իշխանությունները պատրաստ են ընդունելու միջազգային փորձագետների եւ ցույց տալու այն ամենն, ինչ հետաքրքրում է նրանց»,- նշել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: