Դիմելու է դատարան

29/09/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

ՍԻՄ կուսակցությունում նախորդ շաբաթ սկիզբ առած խմորումները նոր զարգացում են ստացել: Հրանտ Խաչատրյանի` ՍԻՄ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կուսակցությունում սկսվել է «վհուկների որս»: Օրերս վեց ամսով սառեցվել է Կարեն Վարդանյանի անդամակցությունը ՍԻՄ-ին: Հիշեցնենք, որ Կ. Վարդանյանը Հ. Խաչատրյանի թիմակիցներից էր: Եվ նա առաջիններից մեկն էր, ով հանդես եկավ ՍԻՄ նոր ղեկավարության դեմ` նրանց մեղադրելով կուսակցության վերահսկողությունից դուրս գալու, կուսակցության մեջ անառողջ մթնոլորտ ստեղծելու եւ ֆինանսական չարաշահումների մեջ: Եվ հիմա, Հ. Խաչատրյանին մեկուսացնելուց հետո, ՍԻՄ-ի նոր թիմը որոշել է հաշվեհարդար տեսնել նաեւ ՍԻՄ նախկին նախագահի թիմակիցների հետ: Հետաքրքիրն այն է, որ Կարեն Վարդանյանին ՍԻՄ-ից հեռացնելու որոշումը կուսակցության նախագահությունը կայացրել է գաղտնի կերպով: Իսկ այդ փաստը Կ. Վարդանյանը գնահատում է որպես ոչ համարժեք: «Դրանք այն մարդիկ չեն, որ մարդուն հրավիրեն, լսեն նրա հակափաստարկները եւ այլն: Արդյունքում, նրանց ոչ ոք այլեւս լուրջ չի ընդունում»,- երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց Կ. Վարդանյանը: Նրա խոսքերով, ՍԻՄ այսօրվա նախագահությունն ապօրինի մարմին է: Հետեւաբար` ապօրինի է նաեւ նրանց կայացրած որոշումները: «Նրանք ապօրինի են ընտրվել, հիմա ինչ ուզում-անում են: Մեկը լինի, իրենց կասեցնի»,- ասաց նա: Կարեն Վարդանյանը նաեւ հիշեցնում է, որ երբ ՍԻՄ նախագահությունը կասեցրեց Հայկ Բաբուխանյանի եւ Գեղամ Գրիգորյանի անդամությունը, նրանք հրավիրված են եղել նիստին: Ավելին, նրանցից երկուսին էլ հնարավորություն են ընձեռել ներկայացնելու հակափաստարկներ եւ արդարանալ: Սակայն կուսակցության կանոնադրության այս կետը, Կ. Վարդանյանի հանդեպ, չգիտես ինչու, չի կիրառվել: ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե ինքն արդեն վերջակետ է դրել ՍԻՄ-ում ծայր առած հակասություններին եւ այն համարում է փակված էջ: Ըստ նրա` ՍԻՄ նախագահությունը, կուսակցության կանոնադրությունը խախտելու համար, պատժել է Կարեն Վարդանյանին եւ 6 ամսով դադարեցրել նրա անդամակցությունը: Իսկ թե ՍԻՄ կանոնադրության կոնկրետ որ կետն է խախտել Կ. Վարդանյանը, Հայկ Բաբուխանյանը չասաց`պատճառաբանելով, թե դա կուսակցության ներքին խնդիրն է, եւ ինքը չի ցանկանում մեկնաբանել մեկ հոգու հետ կատարվածը: Փոխարենը, նա Կարեն Վարդանյանին խորհուրդ է տալիս դիմել համապատասխան մարմիններին: Ըստ Հ. Բաբուխանյանի` առաջին ճանապարհը կուսակցության վերստուգիչ հանձնաժողովին դիմելն է: «Երբ սառեցրեցին իմ անդամությունը ՍԻՄ-ին, ես դիմեցի կուսակցության վերստուգիչ հանձնաժողովին, նրանք էլ` ուսումնասիրելով փաստերը, ինձ նորից վերականգնեցին իմ պաշտոնում»,- ասաց Բաբուխանյանը` նույնը խորհուրդ տալով իր այլեւս նախկին կուսակցական ընկերոջը: Իսկ երկրորդ ճանապարհն ուղղակի դատարան դիմելն է: «Օրենքի շրջանակներում կդիմեմ համապատասխան քայլերի: Այդ ամենը կերեւա առաջիկայում, տեսնենք, թե դեպքերը ոնց կհասունանան»,- ասաց Կ. Վարդանյանը:

Ըստ մեզ հասած տեղեկությունների, առաջիկայում ՍԻՄ նախագահությունը կսառեցնի Հ. Խաչատրյանի եւս մի քանի կողմնակցի անդամակցումը կուսակցությանը:

Ու չնայած ՍԻՄ-ում տեղի ունեցած հեղաշրջմանը, Հայկ Բաբուխանյանը երեկ մեզ հետ զրույցում ասում էր, որ իրենց քաղաքական ուղեգծի մեջ փոփոխություններ չեն լինի: Եվ ՍԻՄ-ը կշարունակի հանդես գալ որպես ընդդիմություն: «Մենք շարունակում ենք գտնել, որ ՀՀ-ում անհրաժեշտ է կատարել իշխանափոխություն, որը պետք է արվի ազատ ու արդար ընտրությունների միջոցով: Իսկ այդտեղ մեր համախոհներն ամբողջ ընդդիմադիր դաշտն է, որը կներգրավվի հակակրիմինալ համաժողովրդական ճակատի մեջ»,- իրենց կուսակցության հետագա մարտավարությունը ներկայացրեց Հ. Բաբուխանյանը: Ի դեպ, ՍԻՄ նախագահը գտնում է, որ ՍԻՄ պառակտումը հրահրված էր իշխանությունների կողմից: «Մենք զգացինք իշխանությունների ազդեցությունը, երբ փորձեցին քայքայել ու ոչնչացնել ՍԻՄ-ն ու «Իրավունք» թերթը: Թեեւ նրանց ջանքերը տապալվեցին»,- ասաց նա:Ինչեւէ, թե ինչ զարգացումներ կունենան ՍԻՄ-ում ծայր առած հակասությունները, ցույց կտա ժամանակը: Սակայն ակնհայտ է, որ Հայկ Բաբուխանյանի ղեկավարած ՍԻՄ-ն այլեւս առաջվա ՍԻՄ-ը չէ: