Ո՞ւմ վրա է Ե. Զախարյանի ուժը պատում

06/05/2005

Հարկային պետական ծառայության աշխատակիցները Ռոբերտ Քոչարյանի
կարգադրությունները յուրովի են ընկալել: Նրանք սովորական բեռնակիրներից,
առաքիչներից սկսած բռնացնում են՝ որտեղ պատահի եւ հարցաքննում են՝ որքա՞ն
աշխատավարձ են ստանում, որտե՞ղ են աշխատում: Իսկ ահա Երեւանի քաղաքապետ
Երվանդ Զախարյանը ապօրինի շինարարությունների դեմ պայքարը սկսել է «մանր
ձկներից»՝ գրեթե բոլոր հեռուստաալիքներով ցուցադրելով, թե ինչպես են
քանդում ապօրինի կառուցապատումները: Արդյո՞ք Ե. Զախարյանը կարող է նույն
հեշտությամբ ձեռք բարձրացնել Օպերայի շենքի շրջակայքն ապականած ներկա եւ
նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կամ կուսակցական գործիչների կառույցների
վրա: Կամ Ե. Զախարյանը կարո՞ղ է Աբովյան-Պուշկին փողոցի վրա բարձրահարկ
բնակելի շենքի կառուցապատման նպատակով դրված դարպասները քանդել ու
երեւանցիների համար վտանգ հանդիսացող շինարարական կռունկը հեռացնել
բնակելի շենքերի արանքից: Արդեն քանի ամիս քաղաքի այս հատվածը փակ է
Աբովյան փողոցի կողմից: Իհարկե, պրն Զախարյանը չի կարող ՀՀ նախագահ Ռ.
Քոչարյանի առաջին օգնական Արմեն Գեւորգյանի շենքի դեմ որեւէ քայլ
ձեռնարկել՝ դարպասները եւ բնակեցված շենքերի արանքը խցկած շինարարական
վերամբարձ կռունկը հանել տալ, փողոցը բացել տալ: Հեշտ է սովորական
քաղաքացիների հետեւից ընկնելը, «շնաձկներից» է պետք սկսել: Չէ՞ որ նույն
ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն էր հորդորում օրինապաշտությունը սկսել
մտերիմներից, հարազատներից: