Առաջին ծիծեռնակները

29/09/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ մի շարք կուսակցություններ հանդես են եկել ՍԻՄ-ի ներկա կազմի հետ հետագա համագործակցության պատրաստակամության մասին հայտարարություններով: Նկատենք, որ բոլոր կուսակցությունների հայտարարությունները խիստ նման են մեկը մյուսին:

Առաջիններից են «Դաշինք», «Ազգային Միաբանություն», «Նոր Ժամանակներ» եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները:

«Դաշինք» կուսակցության քաղաքական խորհուրդն, օրինակ, հայտարարել է, որ բարձր գնահատելով ՍԻՄ կուսակցության դերը Հայաստանում ժողովրդավարական պետության կայացման գործում, ողջունում է ՍԻՄ գործունեությունը եւ «ընդունելի համարում կուսակցության 17-րդ համաժողովում ընդունված որոշումները»: «Դաշինքի» հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ «Դաշինքը» ՍԻՄ-ի հետ հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնում:

«Ազգային Միաբանության» նախագահության հայտարարությունում էլ ասվում է` «Ազգային Միաբանությունը»` ծանոթանալով ՍԻՄ 17-րդ համաժողովի որոշումներին, իր համերաշխությունն է հայտնում ՍԻՄ-ին ու նրա նորընտիր ղեկավարությանը: «ԱՄ»-ն` բարձր գնահատելով ՍԻՄ պաշտոնաթերթի` «Իրավունքի» խմբագրական խորհրդի եւ լրագրողների անաչառ, հետեւողական եւ համարձակ աշխատանքը հանրապետությունում անօրինականությունների, կրիմինալի դեմ պայքարի եւ ժողովրդավարության հաստատման գործում, այսուհետ եւս շարունակելու է իր սերտ համագործակցությունը ՍԻՄ-ի եւ «Իրավունքի» խմբագրակազմի հետ»:

Մեր դիտարկմանը, թե ինչպե՞ս են համագործակցության պատրաստակամություն հայտնում, երբ Հրանտ Խաչատրյանի կողմնակիցները դեռեւս պնդում են, որ ՍԻՄ 17-րդ համաժողովի ընդունած որոշումներն անօրինական են, քանի որ այն չի հավաքել ներկաների ձայների կեսից ավելին, ինչպես պահանջում էր ՍԻՄ կանոնադրությունը, «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն ասաց. «Դա իրենց ներքին խնդիրն է, որին մենք չենք ցանկանում խառնվել: Բայց մենք ընդունում ենք իրենց կուսակցության` 17-րդ համաժողովի որոշումը: Իրենք (նկատի ունի Հ. Խաչատրյանի կողմնակիցներին:- Լ.Ս.) պետք է արդեն ապացուցեն` այդ որոշումն ապօրինի՞ է, թե՞ ոչ: Եթե ապօրինի է, թող դիմեն դատարան: Մենք ՍԻՄ-ի հետ պրոբլեմ չենք ունեցել, եւ այսուհետ եւս չենք ուզում ունենալ: Մարդիկ գալիս-գնում են, բայց կուսակցությունը մնում է կուսակցություն: Մենք շատ լուրջ ենք վերաբերվել ՍԻՄ-ին եւ նրա թերթին, ու շարունակում ենք նույնը»:

ՀԴԿ-ն իր հայտարարությունն ընդունել է դեռեւս ուրբաթ օրը: Կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանն ասաց, որ իրենք ՍԻՄ-ի հետ ռազմավարական հարցերի շուրջ համագործակցել են կուսակցության ստեղծման առաջին իսկ օրերից, ուստի չէին կարող անտարբեր մնալ ՍԻՄ-ում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: «Մենք ափսոսանք ենք հայտնել Հրանտ Խաչատրյանի որոշման կապակցությամբ, բայց միաժամանակ հայտարարել ենք, որ պատրաստ ենք համագործակցել ՍԻՄ-ի եւ համաժողովի որոշմամբ ընտրված ՍԻՄ նոր ղեկավարության հետ»,- մեզ հետ զրույցում հաստատեց Արամ Գ. Սարգսյանը:

Բնականաբար, համագործակցության կողմնակից է նաեւ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը. «Այո, համագործակցելու ենք»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց նա` ավելացնելով, որ ինքը երկու օր առաջ հանդիպել ու զրուցել է Հրանտ Խաչատրյանի հետ, եւ արդյունքում եկել են եզրահանգման, որ, ամեն դեպքում, թե ՍԻՄ-ի, թե «Իրավունքի» հետ համագործակցել պետք է: «Հ. Խաչատրյանն այն քաղաքական գործիչն է, որը երբեք հենց այնպես ոչինչ չի անում: Ինքը լուրջ մարդ է: Մեր խոսակցության արդյունքում մենք երկուսով եկել ենք այն եզրակացության, որ ամեն դեպքում թե ՍԻՄ-ի, թե թերթի հետ համագործակցել պետք է»,- ասաց Արամ Կարապետյանը:

Վերջինս նույնպես չի ցանկանում խառնվել ՍԻՄ ներքին հարցերին ու պարզել, թե ով է ճիշտ, ով` սխալ: Արամ Կարապետյանն էլ է այն համոզման, որ եթե խաչատրյանական թեւը վստահ է, որ ճիշտն ինքն է, պետք է դիմի դատարան: «Եթե դատական կարգով հաստատվի` ուրիշ բան,- ասաց Ա. Կարապետյանը,- Մենք քաղաքական կուսակցություն ենք, եթե իրենք իրենց ներքին հարցերում կորոշեն, որ մարդիկ սխալ են ընտրվել, ուրեմն` մենք չենք համագործակցի, կսպասենք նոր ընտրությունների: Բայց քանի դեռ կա այն փաստը, որը կա, մենք համագործակցելու ենք: Ոչ Արդարադատության նախարարությունն է ձայն հանում, ոչ էլ կուսակցության լիդերները: Մենք ՍԻՄ-ի հետ շարունակելու ենք համագործակցել, մենք այնտեղ շատ լավ ընկերներ ունենք: Իհարկե, դուրս եկածներն էլ մեր շատ լավ ընկերներն են, դրա համար կարծում եմ` ինչ-որ ձեւ պետք է գտնեն ու իրենց ներքին հարցերը կարգավորեն: Երբ ես ժամանակին ասում էի` կուսակցությունների պառակտում, ագենտներ եւ այլն, նաեւ ձեր թերթը հեգնում էր, թե ես ագենտներ եմ փնտրում: Բայց հիմա ձեր աչքի առաջ է դա. այն, ինչ եղավ ՍԻՄ-ում` դրա հետեւանքն էր: Նույն սցենարը պատրաստված էր նաեւ «Նոր Ժամանակների», «Օրինաց երկրի» համար»:

Մեր հարցին, թե ագենտնե՞րն են քայքայել ՍԻՄ-ն ու Հրանտ Խաչատրյանի եւ Հայկ Բաբուխանյանի 20, եթե ոչ ավելի տարիների ընկերությունը, Արամ Կարապետյանը պատասխանեց. «Կարծում եմ` այո: Ամեն ինչից զատ` նաեւ դա է եղել: Ես նման ենթադրություն ու ինչ-որ տեղ նաեւ տեղեկություններ ունեմ»:

Ի դեպ, Արամ Կարապետյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն կլիներ իր վերաբերմունքն այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք երկու օր հետո համաձայնություն կհայտնեին համագործակցել «ՆԺ» հետ, որի ղեկավարը նույն գործընթացների արդյունքում այլեւս ինքը չէր լինելու: «Լավ կլինի, որ նման բան որեւէ կուսակցության հետ չլինի: Չեմ ասում` չի կարող պատահել, քանի որ կյանք է, եւ ամեն ինչ էլ կարող է պատահել, բայց ես ուզում եմ, որ ընդհանրապես ոչ մի կուսակցության հետ` ՀՀԿ-ից սկսած մինչեւ «Նոր Ժամանակներ», նման բան չկատարվի, որովհետեւ դա նաեւ մարդկային տրագեդիա է: Բայց միաժամանակ ասում եմ, եթե մենք տեսնենք, որ մարդը պայքարում է, պայքարը շարունակվում է` այլ բան է: Բայց եթե մենք տեսնում ենք, որ մարդը չի պայքարում, հրաժարական է տալիս, դուրս է գալիս` ի՞նչ անենք: Մենք համոզված ենք, որ ՍԻՄ-ը քաղաքական կուրս չի փոխի, եթե քաղաքական կուրս փոխի, այդ դեպքում մենք միանշանակ ՍԻՄ-ի հետ չենք համագործակցի»,- ասաց «ՆԺ» ղեկավարը: