Հայաստանին «քցո՞ւմ» են

29/09/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Դեռեւս անցյալ տարի «168 Ժամ»-ն անդրադարձել է Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի ազերի Փարվիզ Նոսրաթի Ալամդարիի գործունեությանը: Նրա հայաստանյան գործունեությունը պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված է 1996 թվականից: Նույնն է թե` նա Հայաստանում է ավելի քան 10 տարի եւ զբաղված է տարբեր գործերով՝ նրան է պատկանում «Շահաբ» կամ «Նյու Շահաբ» հագուստի քիմմաքրման ցանցը, ներկրել է բիտում եւ այլ ապրանքներ: Իսկ ազերի գործարարի ամենաեկամտաբեր բիզնեսը հավանաբար եղել է խողովակների արտահանումը, որով նա զբաղվել է 2000 թվականից: Մաքսային կոմիտեի տվյալներով` մինչեւ անցած տարվա վերջը Փ. Ալամդարին Իրան է արտահանել ավելի քան 10.000 տոննա մետաղյա խողովակ:

2004թ. իրանական «Shahab Tejarat Aras Commercial Co» ընկերությունը «Հայջրմուղից» գնել է 4621,21 տոննա 334.667.860 դրամ ընդհանուր արժողությամբ մետաղյա խողովակներ: Այս ընկերությունը նույնպես պատկանում է պարոն Ալամդարիին, կամ էլ Ալամդարին այդ ընկերության ներկայացուցիչն է: Վաճառքի գումարից պրն Ալամդարին 195.695.132 դրամ վճարել է եւ 138.972.728 դրամ՝ ավելի քան 340 հազար դոլար, պարտք է մնացել: 2005թ. փետրվարի 4-ին «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի եւ «Shahab Tejarat Aras Commercial Co» ընկերության ներկայացուցիչ Փ. Նոսրաթին կազմում են պարտքի մարման ժամանակացույց՝ մարտի 14-ից մինչեւ օգոստոսի 14-ը: Բայց այդ վերջին ժամկետից անցել է ավելի քան մեկ տարի, իսկ պրն Նոսրաթին վճարել է 1 մլն դրամից էլ քիչ գումար: Մեր տվյալներով՝ մնացած մասը նա չի էլ պատրաստվում վճարել: Նույնիսկ հայտարարել է, որ ինքը «պարտք չունի, ում որ պետք է՝ վճարել է»: Մենք փորձեցինք պրն Նոսրաթիից տեղեկանալ, թե նա ինչո՞ւ չի ուզում վճարել իր պարտքերը: Բայց մեր գրավոր նամակն ու հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Հիշեցնենք, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը պետական է, սակայն այժմ գտնվում է ֆրանսիական մասնավոր ընկերության կառավարման ներքո: Ընկերությունը գտնվում է նաեւ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում: Չի կարելի ասել, թե հայ ու ֆրանսիացի կառավարիչները հետեւողական են իրենց պարտքն ազերի գործարարից ստանալու հարցում: Բայց նրանք նամակներ են գրել տարբեր ատյաններ: Օրինակ, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանին խնդրել են դատարան դիմելու համար «պետական տուրքի արտոնություն տալ»: Բանն այն է, որ դատարան դիմելիս հայցվորը պետք է վիճարկելի գումարի 2 տոկոսի չափով պետտուրք մուծի: Տվյալ դեպքում այդ տոկոսը կազմում է 2 մլն 700.000 դրամ: Վ. Խաչատրյանը թույլատրել է, սակայն «Հայջրմուղկոյուղին» դրանից հետո էլ պարսկական ընկերությանը դատի չի տվել: «Հայջրմուղկոյուղուց» մեզ բացատրեցին, որ դատարան չեն դիմում այն պատճառով, որ իրենց պարտապանը գրանցված է Իրանում: Իսկ Հայաստանն այդ երկրի հետ չունի միջպետական իրավական փոխօգնության պայմանագիր: Այսինքն, մեր դատարանը չի կարող Իրանում գրանցված ընկերությանը ստիպել վճարել իր պարտքը, նրա ունեցվածքը կալանքի տակ վերցնել, իսկ մեր հարկադիր ծառայողներն էլ չեն կարող այդ երկրում ինչ-որ ընկերության գույք բռնազավթել: Ազերի գործարարն այս ամենը գիտակցելով՝ հրաժարվում է վճարել պարտքը: Իհարկե, սա մի քիչ պարզունակ բացատրություն է, որովհետեւ լավ ցանկության դեպքում, նույնիսկ առանց դատական համակարգի էլ հնարավոր էր այդ պարտքը ետ բերել: Մանավանդ, որ Փ. Ալամդարին Հայաստանում ունի գրանցված ընկերություններ եւ տարածքներ: Հիշենք թեկուզ «Նյու Շահաբը», որը մինչ օրս գործում է եւ ավելացնում է իր մասնաճյուղերը: Միգուցե «մերո՞նք» չեն ուզում «կպնել» ազերի գործարարի ու նրա հովանավորների գրպանին: Ընթերցողին հիշեցնենք, որ «Հայջրմուղկոյուղին» զբաղվում է Հայաստանի շրջանների մեծ մասի ջրամատակարարմամբ ու ջրահեռացմամբ եւ ծախսում է վարկային գումարներ: Բոլորս գիտենք, թե որքան վատ վիճակում է մեր գյուղերի ջրամատակարարումը: Փ. Ալամդարիի այդ 340 հազար դոլար պարտքով հաստատ մի քանի գյուղի ջրամատակարարման հարցեր կլուծվեին: Փոխարենը, այս օրերին ՀՀ իշխանությունները «Հայաստան-Սփյուռք» համաժողով են հրավիրում եւ սփյուռքահայ մասնակիցներից գումարներ են ակնկալում՝ «գյուղական մեր համայնքները զարգացնելու» անվան տակ: