Սեպտեմբերի 25-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ փոխքաղաքապետ Սլավա Ավանեսյանը ներկայացրեց քաղաքային հասարակական տրանսպորտի ոլորտում վերջին 3 ամսվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները:
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի թվով 802 կանգառների կահավորման նպատակով 1-ին փուլում նախատեսված է եղել տեղադրել 80 կանգառասրահներ եւ կանգառանշաններ, ընդ որում՝ հիմնականում կենտրոն համայնքի վարչական տարածքում: «Առայսօր տեղադրվել են մոտ 75 կանգառասրահներ եւ կանգառանշաններ: Մի քանի օրվա ընթացքում կտեղադրվեն մնացածը»,- հավաստիացրեց Ս. Ավանեսյանը՝ տեղեկացնելով, որ կանգառների կահավորման աշխատանքներն իրականացրել է հայտարարված մրցույթի հաղթող ճանաչված ընկերությունը: Ս. Ավանեսյանը նշեց նաեւ, որ տեղադրվելու են եւս 216 կանգառասրահներ եւ 722 կանգառանշաններ: Մայրաքաղաքի բնակչության տրանսպորտի բարելավման նպատակով ձեռք է բերվել եւ 2 շաբաթվա ընթացքում Ուկրաինայից կներմուծվեն 77 «Բոգդան» մակնիշի ավտոբուսներ: Պրն Ավանեսյանի հավաստմամբ՝ 2007թ. ընթացքում նախատեսվում է ներկրել եւս 150 ավտոբուսներ եւ 20 տրոլեյբուսներ: Ինչ վերաբերում է քաղաքային տրանսպորտի սակագներին, ապա վերջինս վստահեցրեց, որ քաղաքապետարանի ղեկավարության կողմից նման հարց չի քննարկվել, հետեւաբար դրանք չեն փոփոխվի: Այսինքն՝ «Բոգդան» մակնիշի ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամ կլինի, «Ռենո», «Ֆիատ» ավտոբուսները՝ 50 դրամ, «Պազ»-ը՝ 70 դրամ: Ներկայումս քաղաքապետարանն ունի 176 ավտոբուս, իսկ 3 տարվա ընթացքում արդեն կունենա մոտ 560-600 ավտոբուսներ: Բացի այդ, այսուհետ յուրաքանչյուր տարվա համար քաղաքապետարանը ձեռք կբերի ռուսական արտադրության 160.000-170.000 դոլար արժողությամբ մոտ 20 տրոլեյբուսներ: Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ կառավարությունն էլեկտրատրանսպորտին հատկացրել է 276մլն դրամ սուբսիդիա, ինչն այս տասը տարվա ընթացքում առաջին անգամ է տրամադրվում: «Մետրոպոլիտենը թարմացնելու հնարավորություն չկա, սուբսիդիայի գումարները քիչ են` մոտ 870 մլն դրամ, որից 200մլն դրամը կազմում է ոստիկանության պահպանության, ջրահեռացման եւ աշխատավարձերի հետ կապված ծախսերը»,- նշեց նա: Ի դեպ, կառավարության որոշմամբ՝ ՀՀ Ոստիկանության «Լուսանշան» կազմակերպությունը տրվել է քաղաքապետարանին եւ այժմ ընդունման-հանձնման աշխատանքներ են ընթանում: «Լուսանշան» կազմակերպությունը հետեւելու է անվտանգ երթեւեկության կարգավորման տեխնիկական միջոցների՝ լուսացույցների, ճանապարհային նշանների աշխատանքին եւ խնդիրների կարգավորմանը: Կազմակերպությունը կոչված է անվտանգ երթեւեկության կարգավորման տեխնիկական միջոցները շահագործելու եւ անվտանգության ուղեցույցերը կազմակերպելու համար: Փոխքաղաքապետի խոսքերով՝ ավարտվել է ավտոկայանատեղերի գույքագրումը. «Ուսումնասիրությունը երկար է տեւել, քանի որ այդ աշխատանքները շատ ծավալային են: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել թաղային համայնքների, Պետավտոտեսչության ներկայացուցիչները եւ Տրանսպորտի վարչության աշխատակիցները»,- նշեց Ս. Ավանեսյանը՝ հավելելով, որ գույքագրման արդյունքներից ելնելով` որոշվել է 303 ավտոկայանատեղերի փոխարեն ունենալ մոտ 275-ը: 3 ամսվա ընթացքում Տրանսպորտի վարչությանը կից օպերատիվ խումբը Պետավտոտեսչության եւ Հարկային տեսչության հետ համատեղ հայտնաբերել է 120-123 սպիտակ պետհամարանիշներով միկրոավտոբուսներ, որոնք աշխատել են ապօրինի. «4500 դեպք է արձանագրվել, երբ մեքենաները կայանել են անարգել վայրերում եւ տուգանվել են 3000-7000 դրամ»,- նշեց Ս. Ավանեսյանը: