Որպես մարդու իրավունքների ոտնահարման դասական օրինակ` բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձավ ցմահ ազատազրկման դատապարտված 3 տղաների՝ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արայիկ Զալյանի Վճռաբեկ դատարանում գտնվող աղմկահարույց դատական գործին: «Մենք այս գործը համարում ենք Հայաստանում ստրատեգիական դատավարություն, մենք մի իրավապաշտպան խումբ ստեղծեցինք, որի մեջ ներառվեցին գրեթե բոլոր իրավապաշտպանները: Արդյունքում ունեցանք հեղինակային միջազգային կազմակերպությունների կողմից գործի ուսումնասիրություն, որի արդյունքում ունեցանք նաեւ նամակներ՝ ուղղված Վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ նախագահին, Պաշտպանության, Արդարադատության նախարարներին, ՀՀ-ում առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին»,- տեղեկացրեց դատապաշտպան Զարուհի Փոստանջյանը՝ ներկայացնելով հեղինակավոր միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպության բացասական եզրակացությունը երեք տղաների գործի կապակցությամբ:
«Ինտերնյուս»-ի իրավաբան Դավիթ Սանդուխչյանի կարծիքով` «Կանաչ ճանապարհ է տրվել խոսքի ազատության խեղդման համար»: Նա նաեւ նշեց, որ իրենց կազմակերպության անցկացրած հետազոտության արդյունքներով, եթե նախորդ տարիներին լրագրողներին լռեցնելու մեկ փաստ կար՝ «Ա1+»-ի եթերազրկման օրինակը, ապա այսօր այդպիսի օրինակները բազմաթիվ են. 2005-2006թթ. ընթացքում լրագրողների՝ մասնագիտական պարտականությունները կատարելը խոչընդոտելու 12 դեպք է եղել, որը 2004թ. դեպքերի համեմատ 3 անգամ ավելի է: Ընդ որում, բոլորը մնացել են անպատիժ: Դ. Սանդուխչյանի դիտարկմամբ` ոչ միայն իրավապահները որեւէ ջանք չեն գործադրել մեղավորներին պատժելու համար, այլեւ հենց իրենք՝ լրատվամիջոցները, հետամուտ չեն եղել այդ հարցում. «Որովհետեւ մեծ է լրատվամիջոցների կախվածությունն իշխանություններից»,- երեւույթն այսպես բացատրեց Դ. Սանդուխչյանը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համոզմամբ, իշխանությունները լրագրողների մեծ մասին թշնամի են ընկալում. խտրականության դրսեւորման օրինակ էր, ըստ նրա, Անկախության 15-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից միայն որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներին շքանշանների շնորհումը: Իսկ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իշխանությունների կամքի դրսեւորման ակնկալիք Ա. Իշխանյանը չունի. «Եթե կամք լիներ, կարող են հրաժարական տալ, բայց կտա՞ն»: ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկների անցումը ՀՀ Արդարադատության նախարարության ենթակայության տակ իրեն էլ շատերի պես հույս է ներշնչել, թե այդ վայրերում վերջ կտրվի դաժան վերաբերմունքին: Սակայն 2004-2005թթ. եւ նաեւ 2006թ. Արդարադատության նախարարությանը կից գործող մոնիտորինգային խմբի զեկույցը եւ առանձին տպավորությունները ցույց են տվել, որ դաժան վերաբերմունքը նույն այդ քրեակատարողական հիմնարկներում «գլուխ է բարձրացրել»: Լ. Ալավերդյանը նաեւ անդրադարձավ ապրիլյան ցույցերի մասնակից, Արարատի մարզի բնակիչ Գրիշա Վիրաբյանին, ում իրավապահ մարմինները դաժանաբար ծեծել էին. «Դաժան վերաբերմունքի կիրառումը հանցագործություն է: Վերջերս խոսում են կրիմինալացման մասին եւ ասում են` որտե՞ղ է: Ահա սա է՝ պարզ, շիտակ կրիմինալացում է նշանակում, երբ որ այն մարմինը, որը կոչված է պաշտպանել եւ պահպանել մարդու իրավունքները առավել ռիսկային գոտում՝ ոտնահարում ու արհամարհում է, ուղղակի տեղի է ունենում հանցագործություն: Նույն այդ հանցագործության համար որեւէ քաղաքացի կարող է պատժվել քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածներով: Սա քրեականացման շատ պարզ դրսեւորում է այն մարմինների կողմից, որոնք կոչված են պաշտպանելու եւ պահպանելու համար մարդու իրավունքները»: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի գնահատմամբ, Հայաստանի հոգեբուժարաններում վիճակն ավելի վատ է, քան բանտերում: Իրավապաշտպանը նշեց, որ «Հարկադիր բուժում» ստացող հիվանդների մեծ մասը թեեւ հոգեբուժարաններում հայտնվել են դատական որոշումների հիման վրա, սակայն հիվանդը երբեք դատարան չի կանչվել, եւ որոշումը կայացվել է հիվանդանոցում՝ առանց փաստաբանի մասնակցության: