Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ամենաթանկ ուսումնական նախագծի խորհրդանշական հիմքն է դրել: Մերձմոսկովյան տարածքում շուտով բացվելու է «Սկոլկովո» կառավարման դպրոցը, որի նպատակը ռուսական բիզնես-էլիտայի կրթումն ու աճեցումն է: Այդ նախագծի ղեկավարն է Ռուբեն Վարդանյանը` «Տրոյկա-դիալոգ» ընկերությունների խմբի նախագահը:
«Հիմա Ռուսաստանում զարմանալի իրավիճակ է, որը չի կարելի ոչ Չինաստանի, ոչ Բրազիլիայի, ոչ էլ որեւէ այլ երկրի հետ համեմատել: Ռուսաստանը լավ կրթված բնակչություն ունի, որը ոչինչ չգիտի բիզնեսի մասին: Հսկայական արտադրական ռեսուրսներ կան, որոնք վաղուց չեն մոդեռնիզացվել: Ահռելի ենթակառուցվածքային նախագծեր կան, որոնք նոր ներդրումներ են պահանջում»,- ասել է Ռ. Վարդանյանը, ով Ռուսաստանի զարգացումը բնական է համարում: «Ես 40 տարվա հորիզոնի կողմնակիցն եմ: Ինչպես Մովսեսը, ով իր ժողովրդին 40 տարի անապատով է տարել: Տրամաբանությունը նրանում է, որ պետք է առնվազն մեկ սերունդ փոխվի: Եվ նոր սերունդն արդեն նոր միջավայրում կմեծանա»,- ասել է Երեւանում ծնված Ռ. Վարդանյանը, ով պետք է բանիմաց ռուս երիտասարդ բիզնեսմեններին կրթելու գործը ստանձնի: «Փող աշխատելն ու բիզնես կառուցելը տարբեր բաներ են: Սակայն ոչ բոլորն են դա հասկանում: Ռուսաստանում շատ են մարդիկ, որոնք 90-ականներին մեծ գումարներ են աշխատել, բայց բիզնես կառուցած մարդիկ անհամեմատ քիչ են: Բիզնեսի կառուցման համար որակապես այլ մենեջերներ, նոր հայացքների տեր մարդիկ են պետք: Մենք` ռուսական շուկայի ակտիվ մասնակիցներս, հասկացել ենք, որ երկրի ներսում անհրաժեշտ է սկզբունքային նոր կրթական մոդել կառուցել: Եթե կրթությունը հաշվի չառնի նոր իրականությունը, մենք դատապարտված կլինենք երկրորդ կամ երրորդ աշխարհի երկիր մնալ: Մոսկվայի կառավարման դպրոցի նպատակը լինելու է նախաձեռնող ջիղ ունեցող երիտասարդներին օգնելը: Ուզում ենք նրանց հնարավորություն տալ տեսնելու` թե ինչպես կարելի է զարգացող տնտեսություն ունեցող երկրում սեփական բիզնես կառուցել: Մենք ուզում ենք` սեփական փորձի վրա հիմնվելով, ցույց տալ, թե ինչպես կարելի է աշխատել ու որոշումներ կայացնել անորոշության պայմաններում»,- ասել է նա: Ընդ որում` «Սկոլկովո» կրթական նախագծի շրջանակներում հատուկ ֆոնդ է ստեղծվելու, որը կաջակցի դպրոցի շրջանավարտների հետաքրքիր նախագծերի իրագործմանը: Ռ.Վարդանյանը համոզված է, որ այս կրթական նախագծի շնորհիվ 15-20 տարի հետո Ռուսաստանի տնտեսությունը նոր մակարդակի կհասնի. «Միայն թե բարդ կլինի գործարարներին համոզել, որ արժե մեկուկես տարի սովորելուն տրամադրել»:
Կառավարման դպրոցի գաղափարը կյանքի կոչելու համար Չուկոտկայի նահանգապետ Ռոման Աբրամովիչը մոտ 50 մլն դոլար է տրամադրել, ճիշտ այդքան արժե Օդինցովո վայրում նրան պատկանող հողակտորը, որը նա ապագա կրթական համալիրի կառուցմանն է նվիրաբերել: Մասնավոր անձինք ավելի քան 100 մլն դոլարի օժանդակություն են ցուցաբերել դպրոցին: Ներդրումներ են արել 14 խոշոր ռուսական ընկերություններ: Վ.Պուտինի ասելով` դպրոցը «ռուսական ամենաամբիցիոզ կրթական նախագիծն է», որը սկսելու է գործել 2008 թվականին: