«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» վերլուծական ակումբի առաջին քննարկման թեման նվիրված էր այն հարցին, թե արդյոք Հայաստանին պե՞տք է ժողովրդավարություն: Քննարկման սկզբում մասնակիցները կարծես չէին կասկածում ժողովրդավարության անհրաժեշտության մասին: Բայց երբ սկսեցին դիտարկել դրա առանձին բաղադրիչները (էլեկտորալ դեմոկրատիա, օրենքի գերակայություն, տնտեսության ազատականացում, քաղաքացիական ինստիտուտների ձեւավորում) եւ դրանք փորձել անցկացնել «ազգային խողովակով», մասնակիցներից ոմանք նույնիսկ կարծիք հայտնեցին, որ Հայաստանի համար ժողովրդավարությունը վտանգավոր է: Բայց, միեւնույն է, կառավարման այս ձեւին ոչ ոք չկարողացավ հստակ այլընտրանք առաջարկել: