Երեկ երեկոյան ժամը 19:00-20:00-ի սահմաններում Մաշտոցի 48 հասցեի բնակելի շենքի մոտ արտակարգ դեպք է գրանցվել: Հիշեցնենք, որ շենքի ձախակողմյան հատվածում գտնվում է «Boss» տղամարդկանց հագուստների խանութը, իսկ աջ կողմում՝ նախկին «Գոյ» թատրոնը: Բնակելի շենքի 3-րդ հարկի պատշգամբից մի մեծ հատված պոկվել եւ ընկել էր պատահական անցորդ երիտասարդ մի աղջկա գլխին: Դեպքի վայր ժամանելուն պես տեսանք արյան հետքերն, իսկ աղջկան շտապօգնության մեքենայով հասցրել էին հիվանդանոց: Թեեւ շրջանառվում էին լուրեր, թե գլխի վնասվածք ստացած աղջիկը մահացել է, այդուհանդերձ, տեղում օպերատիվ աշխատանք կատարող ոստիկանը հերքեց այդ լուրը՝ վստահեցնելով, որ այդ ուժգին հարվածից տուժողը նույնիսկ գիտակցությունը չի կորցրել: Քանի որ իրավապահ մարմինները հրաժարվեցին մեզ տեղեկատվություն տալ, ուստի փորձեցինք շենքի բնակիչներից ինչ-որ բան իմանալ: Նույն շենքի բնակիչ Ռոզա Մաթեւոսյանը մեզ վստահեցրեց, որ դա միանշանակ դժբախտ պատահար է ինչ-որ մարդկանց քմահաճույքների պատճառով: «Երկու տարի է` բողոքում ենք: Անցյալ տարի էլ իմ գլխին է ընկել: Շենքը շահագործման է հանձնվել 1941 թվին: «Մազը» (ռեժիսոր Արմեն Մազմանյան-խմբ.) եկավ, քանդեց, էնքան քանդեց, որ ամբողջ պատերը ճաքեր տվեցին: Շենքի միջնապատերը քանդեց, նույնիսկ իմ տակի բնակչի տունը նստեց: Տեսե՛ք, թե ինչքան դիմում-բողոքներ եմ գրել, բայց ոչ մի արձագանք չենք ստացել: Էս դեպքը մի օր պիտի լիներ»,- ասաց տիկին Ռոզան եւ մեզ տրամադրեց բնակիչների կողմից քաղաքապետին, վարչապետին, նախագահին ուղղված դիմում-բողոքները: Իրոք, 2005թ. սկսած բնակիչները համապատասխան մարմիններին ահազանգել են՝ տեղեկացնելով, որ «Գոյ» թատրոնում շինարարություն իրականացնելու պատճառով շենքի սեյսմակայունությունն իրենից մեծ վտանգ է ներկայացնում, եւ խնդրել են կանխել ստեղծված իրավիճակը: