Արարատի մարզի Դալար գյուղի համայնքապետի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 22-ին: Երեկ ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել Դալարի գյուղական համայնքի ղեկավար Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ վերջինիս մահվան կապակցությամբ, վաղաժամկետ դադարեցնելու մասին: Դալարում ՏԻՄ ընտրություններ անցկացնելու համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կառանձնացվի 259.450 դրամ: Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանին օգոստոսի 30-ին սպանել էր նախկին գյուղապետ Գեղամ Բադալյանը: Իսկ պատճառն այն էր, որ Տ. Պետրոսյանը որոշել էր բացահայտել ու իրավապահ մարմիններին հանձնել Բադալյանի կողմից իր պաշտոնավարման ընթացքում կատարված չարաշահումների մասին լուրջ փաստեր: Թեեւ ՏԻՄ ընտրություններում առաջադրումները դեռ չեն սկսվել, սակայն հայտնի է, որ սպանված գյուղապետի այրին` Թամարա Հովհաննիսյանը, պատրաստվում է մասնակցել Դալարի համայնքապետի ընտրություններին եւ առաջադրել իր թեկնածությունը: Գյուղապետի թեկնածու է առաջադրվելու նաեւ Տ. Պետրոսյանին սպանած Գ. Բադալյանի ազգականներից մեկը: