ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների սերտացման կապակցությամբ: Երեկ տարածած հայտարարության մեջ ՌԴ Արտգործնախարարությունը նշում է, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «լուրջ վնաս կհասցնի Ռուսաստանի քաղաքական, ռազմական եւ տնտեսական շահերին ու բացասաբար կազդի Կովկասում ստեղծված դյուրաբեկ իրադրության վրա»: Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ որոշվել է «ինտենսիվ երկխոսություն» սկսել Վրաստանի հետ: «ՆԱՏՕ-ի ցանկացած ընդարձակում էական փոփոխությունների է հանգեցնելու անվտանգության բնագավառում: Սակայն Վրաստանի դեպքն առանձնակի բնույթի է՝ ՌԴ-ին մոտ գտնվելու եւ կովկասյան խնդիրների ակնհայտ բարդության պատճառով»,- ասված է հայտարարության մեջ: