Մաքսայինի պետի տեղակալը՝ բիզնեսի խոչընդոտ

24/09/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեկ «Հայելի» ակումբում, խոսելով Հայաստան-սփյուռք հարաբերությունների մասին, նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Վերջինս մասնակցել է խորհրդաժողովին եւ այն կարծիքին է, որ սփյուռքի ներուժն օգտագործվում է 5-10%-ով, եւ կան մարդիկ, ովքեր ընդհանրապես տեղյակ չեն Հայաստանի մասին, կամ քիչ եւ սխալ են տեղեկացված: Ըստ Խ. Սուքիասյանի, Հայաստանը սփյուռքի համար պետք է գայթակղիչ լինի թե՛ ներդրումային, թե՛ զբոսաշրջության առումով: «Համակարգված հարաբերություններ չկան, ոչ մի կազմակերպված կառույց գոյություն չունի»,- նշեց նա: Իսկ «Հայելի» ակումբի երեկվա մյուս հյուրը` ԱԺ պատգամավոր, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ նշեց, թե որպեսզի մարդիկ ֆինանսական օգնություն բերեն, պետք է պետությունը լինի ոչ կոռումպացված: «Այս պետությունը, վերեւից մինչեւ ներքեւ կոռումպացված է: Իշխանությունների ձեռքը անվերահսկելի հարյուր միլիոնավոր դոլարներ են պտտվում: Այդ դեպքում սփյուռքահայը ինչո՞ւ պետք է իր վերջին կոպեկները հավաքի ու տա մի տեղ, որտեղ չգիտի, թե այդ ֆինանսներն ինչ են անում»,- հարցնում է Վ. Մանուկյանը: Նրա գնահատմամբ` Հայաստանում քաոս է, իսկ կառավարության միակ նպատակը` փող աշխատելը: ԱԺՄ ղեկավարի կարծիքով` սփյուռքի կազմակերպումը պետք է բազմաբեւեռ լինի: Խ. Սուքիասյանն էլ կարծիք հայտնեց, թե պետք չէ սփյուռքահային վերաբերվել միայն որպես գործարարի: Ըստ նրա, սփյուռքի ներուժը պետք է օգտագործել նաեւ ուսուցողական առումով, քանի որ Հայաստանի նույնիսկ ամենազարգացած գործարարը դեռ շատ հեռու է միջազգային չափանիշներին բավարարելուց: «Մենք այսօր շատ ենք դժվարանում արդյունաբերության մեջ: Հարցեր կան, որ ինքներս տեղյակ չենք: Ծառայություններ կան, որ այստեղ կազմակերպված չեն, ուսուցում չկա այդ ծառայության հետ կապված: Սփյուռքահայերը կարող են մեզ այդ ամեն ինչում օգնել, որովհետեւ մի երկրում, եթե ուզենաս, նույնիսկ ամենանեղ մասնագիտության հետ կապված՝ անպայման հայ կգտնվի»,- նշեց Խ. Սուքիասյանը: Իսկ Վ. Մանուկյանն էլ բերեց Իսրայելի օրինակը, որը սփյուռքին, ըստ նրա, դիմում է` արդեն ունենալով կոնկրետ ծրագրեր, որոնք հաշված են մինչեւ վերջին ցենտը եւ ապահովված են վերահսկողության հստակ համակարգով: Հայաստանի պարագայում այդպես չէ, եւ, ըստ նրա, բնական է, որ «Հայաստան-Սփյուռք» երրորդ համաժողովը լինելու էր «նույն մարազմը», ինչ նախորդ անգամ: Անդրադարձ եղավ նաեւ երկքաղաքացիության խնդրին: Վ. Մանուկյանը կարծիք հայտնեց, թե երկքաղաքացիության արգելքի վերացումով Հայաստան-սփյուռք կապը, հոգեբանականից բացի, առարկայական քիչ ազդեցություն կարող է ունենալ: «Երկքաղաքացիության արգելք հանելն ավելի շատ հոգեբանական նշանակություն պետք է ունենա Սփյուռքի համար, ոչ թե կազմակերպական բնույթ կրի, որովհետեւ այնտեղ շատ վտանգավոր բաներ էլ կան: Երկքաղաքացիությունը հոգեբանորեն ուղղակի մի իրավիճակի փոփոխություն է, բայց դրանով չի կազմակերպվելու Հայաստան-սփյուռք համագործակցությունը»,- գտնում է ԱԺՄ ղեկավարը: Խ. Սուքիասյանն էլ այն կարծիքին է, որ պետք է երկքաղաքացիության մասին այնպիսի օրենք ընդունվի, որով երկքաղաքացի սփյուռքահայերը տարեկան մեկ-երկու անգամ անպայման գան Հայաստան: «Դա նշանակում է, որ նա այստեղ ինչ-որ ծախս կկատարի: Ինչ-որ ձեւով դա պետք է առնչվի ՀՀ-ի զարգացմանը: Դա պետք է նպաստի, օգնի, որ ցանկացած երկրից մարդը գա Հայաստան, կամ անձնագրի համար, կամ չգիտեմ, ինչ-որ մի գործողության համար նա Հայաստանում հայտնվի, ոչ թե` որ մարդը անձնագիրը վերցնի, դնի գրպանն ու մի երեսուն տարի Հայաստանի անունը չլսի»,- նշեց Խ. Սուքիասյանը: Ի դեպ, վերջինս երեկ ներկայացրեց ՀՀ Մաքսային ծառայության պետի տեղակալի օրինակը, ով, ըստ պատգամավորի, ներդրումային դաշտի խոչընդոտ է: Խ. Սուքիասյանի հավաստմամբ` Մաքսայինի պետի այդ տեղակալն ունի տասնյակից ավելի բիզնեսներ: «Պարզ է, որ եթե մի սփյուռքահայի հետ խաչվի, նույն բիզնեսով սփյուռքահայն ուզենա աշխատի, սփյուռքահայը չէ, տեղացի հայն էլ է դատապարտված: Ի՞նչ կապ ունի՝ սփյուռքահա՞յ կլինի, թե՞ տեղացի: Ի՞նչ կապ ունի, թե ով է դա, սփյուռքահայ է, Չինաստանից եկած բիզնեսմեն է. եթե ինքը խնդիր ունեցավ, մրցակցության խնդիր եղավ, տվյալ մարդը ինչ ասես հորինելու է, որպեսզի չինացուն էլ վատ լինի, սփյուռքահայի համար էլ, տեղացու համար էլ: Ոչ մի մեխանիզմ չունենք»,- ասաց Խ. Սուքիասյանը` ակնարկելով, որ այդ իրավիճակում միամիտ է ակնկալել արտաքին ներդրումների զգալի աճ: «Բոլորն էլ գիտեն, որ այսինչ մարդը, այսինչ պաշտոնյան այսինչ-այսինչ ապրանքներն ինքն է ներկրում, այսինչ-այսինչ խանութներն իր սեփականությունն են: Պարզ է, որ եթե որեւիցե մեկը դրան մոտ ապրանք ուզենա ներկրել, նա դատապարտված է, նա ուղղակի պետք է շուտ փախչի, որ կարողանա փրկվի,- նշեց պատգամավորը` հավելելով,- Պետություն է, բա մեկի մտքով չի՞ անցնում, որ հզոր ՀՀ-ի Մաքսային ծառայության պետի տեղակալը տասնքանի բիզնեսի տեր է: Բա լավ, մեկի մտքով չի՞ անցնում՝ ասի` լավ, այ ընկեր, պարզ է, ով ուզում ես եղիր, դու որ չուզենաս էլ, քո աշխատողներն արդեն պրոբլեմ են ստեղծելու նմանատիպ գործով զբաղվող կառույցների համար: Դու որ չուզես էլ` ստեղծելու են, որ քեզ դուր գան, որովհետեւ դու բարձրաստիճան պաշտոնյա ես»: Խ. Սուքիասյանը միաժամանակ նաեւ նշեց, թե այն կարծիքին չէ, որ առանց իշխանությանը ծառայելու անհնարին է բիզնես ունենալ: Ըստ նրա, մրցակցությունը հազարավոր ոլորտներում իրոք ազատ է, սակայն պատգամավորը չնշեց այդ հազարավոր ոլորտներից որեւէ մեկը: Իսկ ահա անդրադառնալով անկախության 15-ամյակի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի շնորհած պարգեւներին` Վ. Մանուկյանը նշեց, թե դրանք Հայաստանում ոչ թե լավ աշխատանքի կամ վաստակի համար են տրվում, այլ ընդամենն ընդգծում են թիմային պատկանելությունը: Խ. Սուքիասյանի համար էլ որոշ պարգեւատրումներ անհասկանալի են եղել: Նշենք նաեւ, որ ՀՀ առաջին վարչապետ Վ. Մանուկյանը երեկ ասաց նաեւ, որ ո՛չ իրեն, ո՛չ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին Անկախության 15-ամյակին նվիրված զորահանդեսին չեն հրավիրել: «Իրենց արդեն գյուղի քյոխվա էլ չեն զգում, այլ պատմության տերեր»,- ասաց Վ. Մանուկյանը: