Մեսիջներ Հայաստանի ժողովրդին

24/09/2006 Կարինե ՍԱՐԳՍՅԱՆ

Նրանք, որպես կանոն, հայտարարում են, թե կարող են ցանկացած կուսակցության, քաղաքական գործչի համար սոցհարցում անցկացնել ու շատ արագ` մի քանի օրից, իրենց տրամադրել տվյալներ, թե ժողովրդի քանի՞ տոկոսն է համակրում այդ ուժին կամ քաղաքական տվյալ գործչին:

Նման կազմակերպությունները, որպես կանոն, գործում են կամ միջազգային գրանտներով՝ դրսի փողերով, կամ տեղի պատվիրատուների միջոցներով: Եթե հաշվի առնենք, որ այդ կազմակերպություններն աշխատում են պատվերով (ինչը նրանք չեն էլ թաքցնում իրենց հայտարարություններում), ուրեմն կարելի է ենթադրել, որ նրանց կազմած տոկոսային վերջնական աղյուսակը կազմվում է պատվիրատուին ցանկալի թվային պատկերով: Օրինակ, քաղաքական կուսակցություններից կամ քաղաքական գործիչներից ո՞վ կհամաձայնի գումար տրամադրել սոցհարցում իրականացնող կազմակերպություններից մեկին, ով վաղը կարող է վեր կենալ ու հայտարարել, որ իր կամ իր կուսակցության վարկանիշը հասարակության մոտ «0» է: Նույնը վերաբերում է նաեւ սոցհարցում իրականացնող կազմակերպություններին. չէ՞ որ նրանք գիտակցում են, որ նման «արդյունք» ներկայացնելու դեպքում իրենք վերջնականապես կզրկվեն պատվիրատու ունենալու հնարավորությունից, եւ որ իրենց այլեւս ոչ ոք չի դիմի նման պահանջով: Սոցհարցումը մեզանում օգտագործվում է որպես քարոզչական, PR միջոց: Այդ միջոցը քաղաքական շատ ուժեր են կիրառել՝ հասարակությանը շփոթության մեջ գցելու, եւ արհեստականորեն հասարակական կարծիք ձեւավորելու համար: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ սոցհարցումներին չեն հավատում ոչ իրենք՝ պատվիրատուները, ոչ էլ ժողովուրդը: Ոչ էլ սոցհարցում անցկացնողները: Ժողովուրդը հավատում է իր տեսածին: Պատվիրատուներն իրենց հոգու խորքում դրանք լուրջ չեն համարում, քանի որ չեն վստահում այդ հարցումների անցկացման ճշմարտացիությանը: Օրինակ, ինչպե՞ս ստուգեն` «X» կազմակերպությունը իսկապես 1000 կամ ինչպես հաճախ գրում են՝ 2000 հոգու շրջանո՞ւմ է հարցում կատարել, թե՞ 10 կամ 100 հոգու: Գրեթե բոլոր քաղաքական գործիչները, ովքեր պոտենցիալ պատվիրատուներ են, նույնպես հայտարարում են, թե լուրջ կասկածներ ունեն այդ սոցհարցում իրականացնողների եւ նրանց հրապարակած տվյալների, «Top 10»-երի վերաբերյալ: Այսպիսով, «Լավագույն տասնյակների» այդ ցուցակներն ընդամենը քաղաքական գործիչների համար ինչ-որ մեկին «երեսով» տալու թուղթ է, թե` տես ես ինչ վարկանիշ ունեմ, իսկ դու չունես…

Ամեն օր լրատվամիջոցները այս կամ այն սոցհարցում իրականացնող կազմակերպության անունից էլեկտրոնային նամակ են ստանում, թե՝ «Էվրիկա՜, Արթուր Բաղդասարյանի, Արտաշես Գեղամյանի կամ Սերժ Սարգսյանի վարկանիշն այսօրվա դրությամբ այսքան է, եթե այսօր նախագահական ընտրություններ լինեին` կհաղթեր այսինչը»: Բայց քանի որ ամեն օր մի քանի նման տվյալներ ենք ստանում, ամեն օր մենք մի քանի հաղթող ենք ունենում, ու, ի վերջո, այդպես էլ չենք հասկանում, թե հայ ժողովուրդն ո՞ւմ է ընտրում: Տպավորությունն այնպիսին է, որ հայ ժողովուրդը մի օրում ընտրություններում հաղթող մի քանի թեկնածուներ է ունենում: Հայաստանում, սակայն, քաղաքական ուժերն ու գործիչները հաճախ նման պատվերներ իջեցնում են քաղաքական մոդայից ու աշխարհում տեղի ունեցող զարգացումներից հետ չմնալու համար, որպեսզի վաղն իրենց չմեղադրեն աշխարհից հետ մնալու մեջ: Նրանք երբեք չեն խոստովանում, որ իրենք են պատվիրել, որ իրենց մասին հարցում անցկացնեն: Բացի այս, չպետք է մոռանալ, որ ընտրություններից առաջ սնկի պես աճող սոցհարցումներ անցկացնող այս կազմակերպություններից շատերը հիմնականում աշխատում են միջազգային դրամաշնորհներով: Այսինքն` այս կամ այն երկիրը նրանց ֆինանսավորում է Հայաստանում նման գործունեություն ծավալելու համար: Եվ այս դեպքում պատվիրատուն նախ եւ առաջ տվյալ երկիրն է: Այսինքն` այն երկիրը, որը Հայաստանում քաղաքական-տնտեսական կոնկրետ շահեր ունի:

Օրերս REGNUM գործակալությունը հրապարակել էր Անդրկովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Վիկտոր Յակուբյանի` «Ինչի վրա է ԱՄՆ-ը կառուցում իր քաղաքականությունը Հայաստանում» հոդվածը, որ պատասխանում էր նույն գործակալության հրապարակած հարցումներին: Վերջինս այն համարում է ամերիկյան «սոցիոլոգիական դեսանտի» արդյունքներ: Հիշեցնենք, որ օրեր առաջ մի սոցհարցման արդյունքներ էր տպագրվել, սակայն չէր նշվել, թե ովքեր են դրա իրականացնողները: Միայն նշված էր, թե այն անցկացվել է Հայաստանում ԱՄՆ-ի կառավարական հաստատություններից մեկի պատվերով եւ 2000 հոգու շրջանում: «Ստիպված ենք լոկ հույս ունենալ, որ տվյալ «ուսումնասիրության» պատվիրատուներն իրենց աշխատանքի արդյունքներին հումորով կվերաբերվեն եւ խիստ չեն դատի տեղացի կատարողին, որը, ինչպես երեւում է, «գործը վիզ է առել»` ստիպված կատարում է,- գրում է Վիկտոր Յակուբյանը, ավելացնելով՝ Հարցման առաջին հատվածը, որ նվիրված է տեղի քաղաքական գործիչներին, ամերիկյան պատվիրատուի համար հավանաբար կազմվել է առավել «ջանադրաբար»: Այդ մասում հարցվողներին չի առաջարկվել պատասխանել կնճռոտ, նենգ հարցերի, այլ միանգամայն անհեթեթ հարցեր են եղել ղարաբաղյան կարգավորման մասին: Երեւում է` գործն անհետաձգելի էր, եւ անփույթ սոցիոլոգը որոշել է պարզապես ամերիկյան «ստրատեգների» առաջարկած ազգանունների դիմաց գրել առաջին իսկ պատահած տոկոսները: Միայն այդպես կարելի է բացատրել արդյունքների կոլաժը, որն իբրեւ հայ քաղաքական գործիչների վարկանիշ ներկայացվել է Պետդեպարտամենտին»: Իսկ հետո փորձագետը գրում է. «Արտաշես Գեղամյանը, որը բարեհաջող կերպով տապալել է Հայաստանում ողջ ընդդիմադիր շարժումը, ամերիկյան պատվիրատուին ներկայացվել է իբրեւ հայկական Top-10-ի առաջատար: Գործարար Գագիկ Ծառուկյանը, որն ընդամենը վերջերս է հայտարարել իր քաղաքական ամբիցիաների մասին, երկրորդ տեղում է, իսկ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը զբաղեցնում է երրորդ տեղը: Մյուս կողմից` քայքայված «Արդարություն» ընդդիմադիր բլոկի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որն արդեն մի տարի է` կենդանության նշաններ ցույց չի տալիս քաղաքական դաշտում, տարօրինակ կերպով առաջ է անցել ՊՆ Սերժ Սարգսյանից, որին համարում են նախագահի հաջորդ հավանական թեկնածու: Նրանց մեջտեղում տեղի հեռուստաալիքներից մեկի տնօրեն Տիգրան Կարապետյանն է, որի ժողովրդականության մասին հարցման ամերիկյան պատվիրատուներին ավելի հեշտ ու ճիշտ կլիներ դատել շարքային երեւանցիների հետ ուղիղ եթերում նրա զրույցներից: Թե ինչ հետեւությունների ու գործողությունների կմղեն Պետդեպարտամենտի պաշտոնյաներին այս «ինդեքսները», անհասկանալի է, սակայն` չափազանց հետաքրքրական: Հարավային Կովկասի երկրներում այս կամ այն քաղաքական նկրտումներին աջակցելու մեծ փորձ ունեցող ամերիկացիները հնարավորություն ունեն աչքի ընկնելու տարօրինակ «խաղադրույքներ» անելով Հայաստանում շուտով կայանալիք ընտրական գործընթացներում»: Այնուհետեւ Վ. Յակուբյանը գրում է. «Ելնելով թերեւս հարցվողների 49%-ի` իրենց նկատմամբ «բարենպաստ» վերաբերմունքից (ինչը երեւում է այդ հարցումից), ամերիկացի պաշտոնյաները համարձակություն ունեցան հայերին ուղղակիորեն հարց տալու. «համաձա՞յն են արդյոք նրանք ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելուն, եւ ովքե՞ր են դրան մասնակցելու»: Տեղի կատարողը, որը թերեւս բավականին հստակ գիտեր, թե ով է կանգնած ԼՂՀ-ում նոր հանրաքվե անցկացնելու գաղափարի ետեւում, տեղնուտեղը գրանցել է համապատասխան թվերը՝ 55,2%-ը անձնական շահագրգռվածություն ունի ղարաբաղցիներին նոր փորձության ենթարկելու հարցում, ընդ որում` հարցվողների 15,6%-ի համար միեւնույն է, թե ով է քվեարկելու ղարաբաղցիների օգտին: Հարցվողների 5,3%-ն ամերիկացիներին առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացնել միանգամից երկու հանրապետություններում` ՀՀ-ում, որի բնակչությունը 3 մլն-ից պակաս է, եւ Ադրբեջանում, որի բնակչությունը մոտ 8,5 մլն է: 15,3%-ն ամերիկացիներին առաջարկել է աջակցել, որ հանրաքվեն անցկացվի միայն «Ղարաբաղից փախստականների շրջանում», այսինքն` միայն ադրբեջանցիների: Ավելացնենք Պետդեպարտամենտին տրված խորհուրդը` ի գիտություն ընդունել հարցման արդյունքները եւ պնդել, որ Կոսովոյի կարգավիճակի շուրջ հանրաքվեն անցկացվի միայն փախստական սերբերի շրջանում»:

Կարծում ենք, միայն այս հոդվածը, ուր հստակ ասվում էր, թե ԱՄՆ Պետդեպարտամենտն ի՞նչ հարցեր է նման սոցհարցումներով փորձում լուծել Հայաստանում, բնականաբար, ոչ ի նպաստ Հայաստանի, արդեն իսկ բավարար է պատկերացում կազմելու համար, որ նմանատիպ հարցումներով ԱՄՆ-ը եւ կամ Ռուսաստանը (ինչ խոսք, նաեւ այլ երկրներ) ցանկանում են Հայաստանի նախագահ դարձնել մեկին, ով կհամաձայնի իրականացնել իրենց ցանկությունները: