«Մեր ուզածը սեր է եւ փող»

24/09/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մայրաքաղաքի Փակ շուկայի դիմաց (Մաշտոցի պողոտա) կա կարուձեւի մի արհեստանոց: Իհարկե, Զայցեւի սրահ չէ, սակայն հաճախորդների պակաս էլ կարծես չի զգացվում: Մի գործով վերջերս մտել էի այդ արհեստանոց, եւ այդ պահին հայտնվեց մի, թույլ տվեք ասել, «բլանդինկա»՝ երկար, դեղին մազերով, հարուստ հագուկապով: Մարմնի բոլոր հնարավոր մասերում տիկինը համապատասխան զարդեր էր կրում: Շպարի՝ կոսմետիկայի հաստ շերտն անմիջապես հետաքրքրություն էր առաջացնում՝ տեսնես ի՞նչ կա դրա տակ: Տիկնոջը տեսնելուն պես՝ արհեստանոցի տիրուհին զգաստացավ եւ հարգալից մոտեցավ նրան՝ իմ գոյության մասին առհասարակ մոռանալով: Տիկինը միանգամից մոտ տասը տեսակ կտոր էր բերել (սա գրոտեսկ չէ) եւ փորձում էր բացատրել, որ իր համար պետք է պատվիրի հագուստի հերթական խմբաքանակը: Արհեստանոցի տիրուհին համբերատար լսում էր եւ ստեպ-ստեպ թեմային առնչվող հարցեր էր տալիս՝ «վիտոչկան այսպե՞ս» կամ «դեկոլտեն լա՜վ բա՞ց», եւ այլն: Երբ բանակցություններն ավարտվեցին եւ տիկինը հաղթական հեռացավ, արհեստանոցի տիրուհին հայացքն անհայտին ուղղած՝ հիացական հառաչեց. «Գիտե՞ք քանի շոր ունի, քանի՜ երեկոյան հագուստ ունի: Բոլորը ես եմ կարել, բայց տեսնողը կմտածի` ֆիրմա են: Ու բոլոր շորերով նկարվել, ալբոմ է կազմել: Գիտե՞ք ով ա»: Պատվիրատու տիկնոջ արտաքինը եւ քաղքենիական մոտիվներով խոսքուզրույցը, պատվիրված հագուստների մոդելներն ու դրանց քանակը ենթադրում էին նրա մասնագիտության մասին լսել անգամ ամենասարսափելի եւ հիասթափեցնող ինֆորմացիան: Սակայն այն, ինչ արտաբերեցին կարուձեւ անող տիկնոջ շուրթերը, թերեւս ավելի անսպասելի էր: Պարզվեց՝ տիկինը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող դպրոցներից մեկի … ուսմասվարն էր (դպրոցի անվանումն ու համարը չենք նշում, քանի որ նրա արտաքինով ուսմասվարների կարող եք հանդիպել մայրաքաղաքի թերեւս բոլոր դպրոցներում): Այս տեղեկատվության՝ ինձ համար ամենադաժան պահն այն էր, որ տիկինն ա՛յն դպրոցի ուսմասվարն էր, ուր բախտ էի ունեցել սովորել տասը տարի: Դա այն դպրոցն էր, որի տնօրենն ու ուսուցիչները, եթե աչքի էլ ընկնում էին, ապա միայն իրենց անպաճույճ պահվածքով, բարձր գիտելիքներով ու համեստ, պարզ արտաքինով: Սակայն նրանք արդեն վաղուց դպրոցում չեն: Մեր ուսուցիչներին այսօր փոխարինում են թուրքական արտադրության տիկնիկներ հիշեցնող տնօրեններն ու ուսուցչուհիները: Նրանց մազերը, որպես կանոն, դեղին կամ կարմիր են եւ միշտ «ֆենած»: Եղունգները սարսափելի երկար են եւ մանրանկարված: Նրանց հետաքրքրությունները սկսվում եւ վերջանում են իրենց աշակերտների ծնողների հնարավոր եկամուտների մասին մանրակրկիտ տեղեկատվությամբ, ինչպես նաեւ աշակերտների բջջային հեռախոսների հնարավորությունների համադրությամբ:

Այս փոքրիկ եւ անհետաքրքիր պատմությունը թերեւս հիշատակման արժանի էլ չլիներ, եթե մի քանի օր անց, հոկտեմբերի 1-ին, չնշեինք Ուսուցչի օրը: Իհարկե, ուսուցիչ ասելով՝ այսօր դժվար թե որեւէ մեկն այդ բառի մեջ այն իմաստն է դնում, ինչ դնում էր, ասենք, Կորյունը՝ Մաշտոցին դիմելիս կամ, թեկուզ, Անապաստանը՝ Վարպետին դիմելիս: Գիտելիք, ներքին բովանդակություն, բարեկրթություն, իմաստություն. եթե ժամանակակից միջին ուսուցչին այսօր ինչ-որ բան զարդարում էլ է, ապա բնավ ոչ վերոնշյալ առաքինությունները: Այսօր դպրոցում դաս են տալիս նաեւ իմ այն կուրսեցիները, որոնք թելադրության մեջ ամենաքիչը մոտ քսան սխալ էին թույլ տալիս: Սակայն տգիտությունը, եթե կարելի է այդպես ասել, չարյաց փոքրագույնն է: Ուսուցիչների, ավելի ստույգ՝ տնօրենների ձեռքերով է ցանկացած նշանակության ընտրությունների ժամանակ կատարվում ընտրակեղծիքների մի մասը: Ընդ որում, աշակերտների գիտությամբ:

Տգիտությունը, քաղքենիությունը, կեղծիքների եւ կոմպրոմիսների գնալը, ուսուցիչներին աշխատանքի ընդունելու համար կաշառք պահանջելը՝ նախապես ամոթխածորեն աչքերը գետնին հառելով եւ հիմնավորելով, թե դրա մի մասն էլ «վերեւ» է գնում, «էլիտար» համարվող կենտրոնական դպրոցներում մայրաքաղաքի ծայրամասերից աշակերտ ընդունելու համար երեխայի ծնողներից գումար ակնկալելը, բարձր դասարանցիներին 200 դոլարով դասերից ազատելը դպրոցների տնօրենների վերջին «զանցանքները» չեն: Ժամանակին ՀՀ նախագահին կից Կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունը՝ մեր սիրելի Բագրատ Եսայանի (ներկայումս՝ գիտության եւ կրթության փոխնախարար) գլխավորությամբ, կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթությունների շարքում նշում էր հանրակրթական դպրոցը: Դպրոցում կոռուպցիան ու հասարակության բոլոր արատները նույնքան տարածված են, որքան, ասենք, դատարանում, պետական այլեւայլ գերատեսչություններում, բուժհիմնարկներում: Դա հատկապես ցայտուն երեւում է տոն օրերին, երբ աշակերտների ծնողները երկուհազարական դրամ են հավաքում՝ ուսուցիչներին սպասք, կոսմետիկա կամ բիժուտերիա (բայց անպայման «Սվորովսկի») նվիրելու համար: Կան ուսուցիչներ, ովքեր նախապես խնդրում են իրենց փոխանցել ոչ թե նվերը, այլ դրա գումարը: Ու սա գիտեն բոլորը. թե՛ նախարար Լեւոն Մկրտչյանը, թե՛ քաղաքապետարանի Կրթության վարչության հավերժ պետ Օնիկ Վաթյանը եւ թե՛ ոլորտի մյուս պատասխանատուները: Քանի որ այն ամենն, ինչ նշեցինք, հանրահայտ ճշմարտություն է, եւ քանի որ այդ ճշմարտությունը հայտնի է բոլորին, մեզ թույլ ենք տալիս պնդել, որ կրթական համակարգում կոռումպացված են բոլոր օղակները՝ ուսուցչից՝ նախարար:

Գուցե տեղին կլիներ Ուսուցչի օրվա առիթով նաեւ հաճելի բաներ գրել, սակայն այն ամենից հետո, ինչ նշեցինք, դա անելն այնքան էլ անկեղծ չի լինի: Գործող տնօրեններին ու նրանց ենթակայության տակ աշխատող ուսուցիչներին իրենց մասնագիտական օրվա կապակցությամբ, վստահ ենք, կշնորհավորեն երկրի նախագահը՝ ընթերցելով անցած տարվա տեքստը, վարչապետը հեռավոր մի գյուղից ուսուցիչներից մեկին մեքենա կնվիրի, քաղաքապետ Երվանդ Զախարյանը կհրավիրի քաղաքապետարան՝ ընտրյալներին ծրարներ հանձնելու (ծրարների մեջ, հասկանալի է, շնորհավորական բացիկներ չեն): Եվ վաղն ամեն ինչ կսկսվի նորից: