Սեպտեմբերի 15-ին երիտասարդ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հայ հանդիսատեսին ներկայացրեց իր առաջին` «Մեծ պատմություն փոքր քաղաքում» գեղարվեստական ֆիլմը: Ամերիկայում ապրող երիտասարդ ռեժիսորը նոր է ավարտել իր ուսումը եւ այս ֆիլմը որպես իր դիպլոմային աշխատանք է ներկայացնելու:
Երեւանում հումորով լի «Մեծ պատմությունը…» շատ ջերմ ընդունվեց, ֆիլմը շատ դինամիկ ու զվարճալի է: Թեեւ ռեժիսորը այն «տրագիկոմեդիա» է անվանում, ֆիլմում ողբերգականությունը չի շեշտվում, իսկ հերոսներն ու սյուժեն բարի ծիծաղի մեծ չափաբաժնի են արժանանում: Մեր իրականության մեջ ծեսի մակարդակի հասած թաղման արարողությունը կարող է միայն այսպես` ժպիտով ու ծիծաղով ընդունվել: Սովորական հայկական մի ընտանիք պատրաստվում է անհեթեթ միջադեպի պատճառով (գլխին դաշնամուր է ընկել) մահացած ընտանիքի հոր դին հողին հանձնել: Սակայն պարզվում է, որ դին դիահերձարանում շփոթել են եւ պետք է շուտափույթ վերականգնել ճշմարտությունը: Տիպիկ այս անեկդոտային իրավիճակը ի պատիվ ֆիլմի հեղինակների` որպես անեկդոտ չի ներկայացվում, այլ պարզապես պատմվում է: Պատմվում է շատ թեթեւ ու դինամիկ: Առանց չափազանցումների։ Իսկ այն անեկդոտները, որոնք հերոսներից մեկը ջանասիրաբար պատրաստ է բոլորին պատմել, ընդհակառակ՝ շատ տափակ ու անհամ են երեւում։ Ֆիլմում կան հումորի գտնված նմուշներ, որոնք կարող են թեւավոր խոսքեր դառնալ։ Մեծահարուստ ու կիսագողական տղամարդիկ՝ պատրաստվելով թաղման սեղանի գնումներին, չեն մոռանում հիշեցնել, որ «Ջերմուկը» ոչ թե «մայր գործարանից», այլ՝ ուղղակի «մայր աղբյուրից» պետք է բերվի։ Խիստ ու սեւազգեստ տղամարդկանց համար դա ամենաճիշտ քայլն է թվում… Իսկ այդ «աղբյուրի» շեշտումը ինքներս մեզ՝ ամեն ինչ «ճշտով» անելու պատրաստ մարդկանց, կողքից նայելու հնարավորություն է տալիս։ Ֆիլմում շատ են հերոսներն ու վառ բնավորությունները: Առանց խորը ենթատեքստերի ու բարդ հոգեբանական տառապանքների հանգուցյալի որդին ու նրա ընկերները փնտրում են «իրենց» դիակը ու հույժ գաղտնիության պայմաններում կատարում «դիակների փոխանակման» օպերացիան։ Ֆիլմում հիմնականում երիտասարդ դերասաններ են մասնակցում։ Իսկ գլխավոր՝ «դիակի» դերում սիրելի դերասան Հրանտ Թոխատյանն է, ով գրեթե միշտ կադրում է, անշարժ պառկած է արտահայտիչ դեմքի արտահայտությամբ… «Ես շատ էի ուզում, որ հանգուցյալի դերում հայտնի դերասան լիներ, դիմեցի նաեւ Ռաֆայել Քոթանջյանին, բայց նա շատ զբաղված էր, իսկ Հրանտը, ում ես մանկուց ճանաչում եմ եւ նույնիսկ «քեռի Հրանտ» եմ կոչում, համաձայնվեց, ինչի համար ես շատ շնորհակալ եմ նրան»,- ասում է Գոռը, ով նշում է նաեւ, որ ֆիլմի նկարահանումները կայացել են նաեւ «ընկերական» աջակցության շնորհիվ։ Գոռը նշում է, որ եթե «ընկերական» հարաբերությունները գործի չդրվեին, ֆիլմի բյուջեն մի քանի մլն դոլար կկազմեր։ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի պրոդյուսեր Կարո Կիրակոսյանը (Գոռի հայրը) թեեւ վաղուց է ապրում ԱՄՆ-ում, մշտական կապի մեջ է իր ընկերների հետ, որոնք էլ օգնել են նրան իրենց խորհուրդներով եւ անվարձահատույց տաղավարներ, ստուդիա տրամադրելով։ Ընդ որում, ֆիլմի բյուջեն, որը մոտ 100 հազար դոլար է կազմել, Կարո Կիրակոսյանի անձնական փողերից է գոյացել։ «Հիմա մենք պատրաստվում ենք ֆիլմը փառատոների ուղարկել։ Շուտով այն պետք է ներկայացվի ամերիկյան «Սանդանս» անկախ ֆիլմերի փառատոնին»,- ասաց Կ. Կիրակոսյանը, ով հայաստանցիներից շատ-շատերին ծանոթ է իր ստեղծած «Արայի դանս շոու» պարային խմբով։ Իսկ «Սանդանս»-ը անկախ եւ սակավաբյուջե ֆիլմերը խրախուսող ու նման ֆիլմերի համար դեպի մեծ էկրան ճանապարհ բացող փառատոն է, որը ստեղծել է հայտնի ամերիկացի դերասան Ռոբերտ Ռեդֆորդը։ Այդ փառատոնը կարող է լավ մեկնարկ լինել «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի հեղինակների համար։ Իսկ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը լի է սպասումներով, քանի որ առջեւում նոր նախագծեր կան։ Թաղումը մեր կյանքի միայն մեկ բեւեռն է, իսկ մյուսը՝ ծնունդն է։ Սիրո ծնունդը…
– Գոռ, ինչո՞ւ ֆիլմի հիմքը դարձավ թաղումը:
– Մենք ցանկացել ենք այդ ամենը կողմնակի մարդու հայացքով նկարահանել: Ես երբեք անձամբ թաղում չեմ կազմակերպել: Բայց շատ թաղումների հետեւել եմ: Նույնիսկ ծիծաղելի աստիճանի է հասել, երբ խնդրում էի իմ պապիկիս ինձ հարեւան շենքերում կատարվող թաղման արարողությունների ուղեկցել: Գալիս էի մի տուն, ուր ոչ մեկին չէի ճանաչում, եւ ինձ համար շատ հետաքրքիր էր մարդկանց ուսումնասիրելը: Ասեմ, որ ֆիլմի հիմքում իրական պատմություններ են, որոնք ինձ պատմել են իմ ընկերները։ Իրական դեպքերի վրա է արված այն դրվագը, որտեղ, երբ հոգեհանգստի երաժշտությունն ավարտվում է, կասետը շրջվում է, եւ հանկարծ ուրախ, պարային երաժշտություն է հնչում… Բայց ամեն դեպքում ֆիլմը թաղման մասին չէ, այլ` իմ շատ սիրելի Երեւան քաղաքի մասին է:
– Չե՞ս կարծում, որ Երեւանի նման փոքր քաղաքում ապրելն ավելի հեշտ ու ուրախ է։ Ամեն քայլափոխին ծանոթների ես հանդիպում…
– Ես շատ սիրում եմ փոքր քաղաքները։ Ինքս շատ մեծ Լոս Անջելեսում եմ ապրում, բայց Երեւանում ինձ շատ լավ եմ զգում։ Կարող եմ քայլել փողոցով, մարդկանց հանդիպել, նստել, զրուցել։ Եվ այդ ժամանակը ես կորուստ չեմ համարում, քանի որ այստեղ ժամանակն ուրիշ է։ Մեծ քաղաքներում ոչ ոք ոտքով չի քայլում, տարածությունները շատ մեծ են, բոլորը շտապում են։ Ամերիկայում մարդիկ սրճարան են գնում միայն սուրճ խմելու համար, ռեստորան են գնում միայն ուտելու համար, երաժշտություն լսելու համար հատուկ վայրեր են գնում։ Երեւանում այդ բոլորը կարելի է իրար խառնել։ Ո՞րն է լավը, իսկ ո՞րը վատը, ասել չեմ կարող։ Երկուսն էլ կարոտում եմ։
– Թեթեւ դիտվող այս ֆիլմում ոչ մի սենտիմենտալ, փիլիսոփայական միտք կամ դրվագ չկա: Դա հատո՞ւկ է արված:
– Սենտիմենտալ դառնալու համար ինձ, երեւի, մեծանալ է պետք: Հիմա ես այսպես եմ պատկերացնում իմ ֆիլմը: Կադրերի, անցումների մոնտաժն այնպես եմ արել, որ հանդիսատեսը չկարծի, որ այս պատմությունն իրական է: Ընդհակառակը, մոնտաժով փորձել եմ ասել, թե այդ ամենը հեքիաթ է։ Մեծահասակ մարդիկ, ովքեր դիտել են այս ֆիլմը, ասում են, որ այն նման է 60-70 թվականների իտալական ֆիլմերին։
– Սպասո՞ւմ եք, որ ֆիլմը կոմերցիոն հաջողություն կունենա։
– Ամեն դեպքում շատ ենք ցանկանում, քանի որ նոր ֆիլմ նկարահանելու համար մեզ գումար է պետք։ Իհարկե, փորձելու ենք ներդրված գումարը ետ բերել։
– Միգուցե փառատոներից հետո, դու՝ արդեն որպես ռեժիսոր, այլ նախագծերում մասնակցելու հրավե՞ր կստանաս։
– Միգուցե։ Համենայնդեպս, այն համալսարանում, որտեղ սովորել եմ, ֆիլմի ցուցադրումից հետո արդեն առաջարկել են կատակերգական գովազդներ նկարահանել։ Երբ վերադառնամ Ամերիկա, երեւի, կնկարահանեմ։ Գովազդը շատ մոտ է կինոյի ասպարեզին։
– Թաղումը հայկական ծես է, բայց ծես է նաեւ հարսանիքը։ Գուցե հաջորդ ֆիլմը հարսանիքի՞ մասին նկարահանեք։
– Կոնկրետ հարսանիք կարող է չլինել, բայց անպայման պետք է սիրո մասին լինի։ Եվ ֆիլմի գործողությունները պետք է որեւէ հեռավոր հայկական գյուղում կատարվեն։ Գյուղ կայցելի մի ամերիկացի տղա, որը հայ աղջկա կսիրահարվի եւ չի կարողանա հետ վերադառնալ… Շատ պարզ ու հասարակ պատմություն կլինի։