Պայծառ մարդը, տաղանդավոր արվեստագետը

24/09/2006 Սեդա ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբերի 19-ին Գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց գրաֆիկ եւ գեղանկարիչ, գրքարվեստի (գլխավորապես մանկապատանեկան) հազվագյուտ վարպետ Անդրանիկ Կիլիկյանի գրաֆիկական եւ գեղանկարչական աշխատանքների հետմահու ցուցադրությունը։ Հատկապես մեծ են գրքարվեստում Անդրանիկ Կիլիկյանի նվաճումները, որոնք արժանացել են ոչ միայն իր հայրենակիցների ուշադրությանը, այլեւ դուրս են եկել Հայաստանի սահմաններից (Ճապոնիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Լիտվա, Լիբանան), իսկ Մոսկվայի Պոլիգրաֆիայի ինստիտուտում ուսումնառության տարիները, որտեղ Ա. Կիլիկյանը եղել է ոչ միայն Ֆավորսկու, այլեւ գրքարվեստի նշանավոր վարպետ Ա. Գոնչարովի սանը, վճռորոշ են եղել նկարչի կայացման գործում։ Հաղթահարելով պահպանողական այն ժամանակվա մտայնությունը` նա իր ուսուցիչներից մյուսի` Վ. Լյախովի պատվերով, թերեւս, առաջիններից էր, որ իր աշխատանքներում ներկից եւ թղթից բացի ներմուծել է տարբեր գործվածքներ` դրանք օրգանապես կապելով իր պատկերներին։ Անդրանիկ Կիլիկյանի ստեղծագործության մեջ ռուսական դպրոցից ստացած փորձառությանը զուգահեռ ընթանում է այն գիծը, որը հայ արվեստում շարունակում է առավելապես Հարություն Կալենցի արվեստին բնորոշ քնարականությունն ու նրբությունը։ Եթե գրքի ձեւավորման ասպարեզում, որ գործ ունի գրական տեքստի մատուցման հետ, Ա. Կիլիկյանը գլխավորապես տուրք էր տալիս վերջինիս հետ պատկերների հարաբերությանն ու համապատասխանությանը, ապա իր գեղանկարչական աշխատանքներում նա գրական-սյուժետային գործոնը հասցնում էր նվազագույնի` առարկաների կարգաբերման ու գունային ներդաշնակումների միջոցով հասնելով նուրբ գեղանկարչական ակորդների։ Ա. Կիլիկյանը նաեւ ջրաներկի փայլուն վարպետ էր եւ վարժ տիրապետում էր այդ քմահաճ տեխնիկայի նուրբ գունաթափանցումներին։ Բազմազան են Ա. Կիլիկյանի կատարած գրքի ձեւավորումները (Տոկիոյում հրատարակված «Արջի որդին» հեքիաթը, Վիլնյուսում մրցանակ շահած «Մկների ժողովը», Բեյրութում` ութ գրքույկով տպված «Սասնա ծռերը», ռուսական եւ հնդկական հեքիաթները եւ այլն), որ հագեցած են ճոխ պատկերներով, սրտաբաց հումորով, կենդանական եւ մարդկային զավեշտական կերպարներով։ Անդրանիկ Կիլիկյանը երկար տարիներ Գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր էր եւ գրաֆիկայի ամբիոնի վարիչ։ Ցուցահանդեսի բացմանը հատկապես շատ խոսվեց Անդրանիկ Կիլիկյան անձնավորության մասին, որն իր մեջ միավորում էր պայծառ մարդուն, տաղանդավոր նկարչին եւ բնածին մանկավարժին։