35 մլն դոլար՝ վառված Ա-320-ին

22/09/2006

«Մալակուտ» ապահովագրական բրոկերն ապահովել է 35 մլն դոլար ապահովագրական փոխհատուցման վճարումը Բելգիայում «Արմավիայի» Ա-320 ինքնաթիռի կործանման առնչությամբ: Ինչպես նշվում է «Մալակուտ» ընկերության մամլո հաղորդագրության մեջ, «Արմավիա» ընկերության ԿԱՍԿՕ ռիսկերն ապահովագրվել էին հայկական «Գրանդ» ապահովագրական ընկերության կողմից եւ վերաապահովագրվել էին «Մալակուտ» եւ Lloyd United Insurance Brokers ապահովագրական բրոկերների կողմից` միջազգային ապահովագրական շուկայում: Ա-320 ինքնաթիռն այրվել էր մայիսի 5-ի գիշերը Բրյուսելի «Զավենտեմ» միջազգային օդանավակայանում ծագած խոշոր հրդեհի հետեւանքով: Հրդեհի պահին ինքնաթիռը գտնվում էր օդանավակայանի անգարում` բելգիական «Սաբենա-տեխնիկ» ընկերությունում` տեխզննման նպատակով: