Երեխայի խաղալիքը` իրեղեն ապացույց

22/09/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական բաժնի պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով նախաքննության ընթացքում բավական ուշագրավ զարգացումներ են գրանցվել: Փոխվել է քննչական խմբի ղեկավարը: Բագրատ Պետրոսյանի փոխարեն` քննչական խմբի ղեկավար է նշանակվել Գլխավոր դատախազության հատուկ եւ կարեւորագույն գործերով քննիչ Հեկտոր Սարդարյանը: Նշենք, որ Հ. Սարդարյանը ղեկավարել է նաեւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով քննչական խումբը:

Շ. Հովասափյանի սպանության մեջ կասկածվող Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանների փաստաբան Հովիկ Արսենյանը երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում է բողոքարկել նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը: Ընդ որում, փաստաբանն այդ որոշումը բողոքարկելու է մինչեւ ՍԴ: Քանի որ, Արսենյանի համոզմամբ, իր պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը ոչ միայն արդարացված չէ, այլեւ` այս հարցում հակասություն կա ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի միջեւ: ՀՀ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ անձին կարող են կալանավորել միայն դատարանի որոշմամբ: «Սա ենթադրում է, որ դատարանը պետք է ուսումնասիրի եւ տեսնի, թե արդյոք կա՞ն բավարար հիմքեր` անձի նկատմամբ խափանման միջոցն ընտրելու մասին»,- ասում է Հ. Արսենյանը: Իսկ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ դատարանը նախաքննական մարմնի միջնորդության հիման վրա որոշում է կայացնում կասկածյալի նկատմամբ խափանման միջոցը բավարարելու կամ չբավարարելու մասին: Սակայն այդ որոշումը կայացնելիս նա ոչ թե ուսումնասիրում է հիմքերը, այլ` հանցագործության ծանրության եւ հասարակական վտանգավորության աստիճանը, անձի ով լինելը, կենսամակարդակը: «Այստեղ, դժբախտաբար, խոսք չկա, թե ի՞նչ ապացույցների հիման վրա կարող է որոշում կայացնել: Դատարանին զրկել են նախաքննական մարմնից ապացույցներ պահանջելու լիազորությունից: Եվ ստացվում է, որ նախաքննական մարմինը ում համար միջնորդություն ներկայացրեց, ապա դատարանն այն բավարարելու կամ մերժելու է առանց կոնկրետ ապացույցների: Եթե դատարանին խափանման միջոցը որոշելու իրավունք է տրված, ապա նրան պետք է նաեւ ապացույցները ուսումնասիրելու, վերլուծելու եւ գնահատելու իրավունք վերապահվի: Փաստորեն, մեր ներպետական օրենքը հակասում է Սահմանադրությանն ու միջպետական այն փաստաթղթերին, որոնց միացել են»,- երկու օրենսդրական ակտերի միջեւ եղած հակասությունն է ներկայացնում փաստաբանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ Արմեն եւ Գուրգեն Վիրաբյաններին, ապա ըստ Հ. Արսենյանի, նախաքննական մարմինը պարտավոր է նրանց ազատ արձակել, քանի որ նրանք ունեն հիմնավոր ալիբիներ: Միայն թե հարկավոր է ստուգել այդ ալիբիները: Առաջիկայում փաստաբանը միջնորդելու է, որ նախաքննական մարմինը հարցաքննի մի քանի հոգու: Թե ո՞ւմ` պարոն Արսենյանը, ելնելով նախաքննության շահերից, չի ասում: Սակայն դրանք այն մարդիկ են, ում տված ցուցմունքներն ավելի են հաստատում պաշտպանյալների ալիբիները: «Եթե կասկածներ կային, ապա պետք է օպերատիվ-հետախուզական լայնածավալ աշխատանքներ կատարեին: Վերջին հաշվով, նպատակը մեկն է` ձեռք բերել հիմնավոր, օբյեկտիվորեն գոյություն ունեցող ապացույցներ: Իմ համոզմունքն է, որ նախաքննական մարմնի մոտ անգամ փաստական տվյալներ չկան, ո՜ւր մնաց ապացույցներ: Մինչդեռ, զուտ ենթադրության, զուտ մշակված վարկածի հիման վրա ձերբակալում են, գցում են քննիչների առաջն ու պահանջում, որ գործը քննեն»,- ասում է Հ. Արսենյանը: Փաստաբանի խոսքերով, իրավապահ համակարգի համար դժբախտություն է, երբ գործում են հետեւյալ սկզբունքով. «սկզբից պետք է ձերբակալել, մեղադրանք առաջադրել, եւ հետո նոր մտածեն, թե որտեղի՞ց՝ ի՞նչ ապացույցներ ձեռք բերեն»: Ըստ նրա` նախաքննական մարմինը Վիրաբյանների մեղքն ապացուցող ոչ մի ապացույց չունի: Վիրաբյանների բնակարանից ու օֆիսից խուզարկության ժամանակ ապօրինի զենք-զինամթերք չի հայտնաբերվել: Ինչ վերաբերում է Եղվարդի ամառանոցում հայտնաբերված հեռակառավարման վահանակներին, ապա դրանք եղել են Վիրաբյանի երեխայի խաղալիքինը: Ըստ պարոն Արսենյանի` Արմեն Վիրաբյանը Շահեն Հովասափյանի առաջխաղացման հետ է կապել իր հետագա կարիերան: Հետեւաբար, նրա մտքով անգամ չէր կարող անցնել կազմակերպել այդ զազրելի սպանությունը: Ըստ Արսենյանի, հարկավոր է սպասել Շ. Հովասափյանի ավտոմեքենայի փորձաքննության եզրակացությանը, որպեսզի վերջնականապես պարզ լինի, թե պայթուցիկը տեղադրված է եղել դրսի՞ց, թե՞ մեքենայի մեջ:

«Ես հույս ունեմ, որ ի վերջո կկարողանան գտնել իսկական մարդասպանին եւ իմ պաշտպանյալներին ազատ կարձակեն եւ ոչ թե քավության նոխազ կդարձնեն»,- ասաց Արսենյանը: