«Հայաստան-Սփյուռք» երրորդ խորհրդաժողովի օրերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ տեղի էր ունենում խորհրդաժողովը, Արցախյան պատերազմի մասնակիցների համահավաքի նախաձեռնող խմբի անունից «Պատերազմի օրենքներին հակառակ մենք հաղթեցինք» վերնագրով մի հայտարարություն էր տարածվում, որի տակ նշված էին կամավորական «Արցախ» գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանի եւ Ղարաբաղի պատերազմի վետերանների «Երկրապահ» միության նախագահ Արկադի Կարապետյանի անունները: Հայտարարությունը թվագրված է 2006թ. հուլիսի 25-ով: Հայտարարության մեջ նշված է, թե երկիրն ունի հաղթանակ, սակայն չունի հաղթող, եւ մարդիկ, ովքեր պատերազմել են, զոհվել են հայրենիքի համար եւ հաղթել, չունեն հաղթանակ: «Խեղաթյուրվում է շարժման պատմությունը, ազատագրական պատերազմի պատմությունը: Մարդիկ, ովքեր բացարձակապես կապ չունեն այդ շարժման եւ պատերազմի հետ, որոշում են, թե ով ինչ է արել, եւ գնահատում են մասնակիցների արժանիքները»,- նշված է հայտարարության մեջ, ուր ասված է նաեւ, թե ազգային արժեքները պահանջարկ չունեն, եւ այս շեղումները հասարակական գիտակցության մեջ իրենց ազդեցությունն ունեն կյանքի բոլոր ոլորտներում` «ծնելով անպատժելիություն եւ ամենաթողություն, խմբակային երաշխավորություն, դարձնելով հասարակ մարդկանց կյանքը երկրում անտանելի»: «Մեր երկրում կարգավորվում եւ ղեկավարվում է ամեն մանրուք եւ յուրաքանչյուր անձ, սակայն այդ կարգավորումն ուղղորդված է առանձին վերցված յուրաքանչյուր անձի թալանմանը»:
Ռ.Թ.