Կառլոսի անտառներ

06/05/2005

Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահության անդամ եւ հայտնի
գյուտարար Կառլոս Դանիելյանը 160 գյուտերի եւ գիտական առաջարկների հեղինակ
է: Նրա հերթական գաղափարը մի պարզ եւ հետաքրքիր հայտնագործություն էր:
Մտահոգված ողջ աշխարհում եւ հատկապես Հայաստանում ծառերի ու անտառների
մասսայական ոչնչացման իրողությամբ` նա պատրաստել է մի սարք, որի
օգնությամբ ընդամենը 15 վայրկյանում կարելի է ծառ «տնկել»: Այս պարզագույն
եւ մատչելի եղանակով հնարավոր է անտառներ տնկել նաեւ քարքարոտ վայրերում`
այնպիսի տարածքներում, որտեղ ավանդական եղանակով ծառատունկ կազմակերպելը
մեծ խնդիրների հետ է կապված:
Եղանակի էությունը կայանում է հողում կենսաբանական նախապատրաստուկներ`
հատուկ «պարկուճներ» տեղադրելու մեջ: Առաջարկվող սարքն այս գործողությունն
իրականացնելու համար է: Իսկ պարկուճներն իրենցից ներկայացնում են թղթի մեջ
փաթաթված ծառի սերմեր, սեւահող, պարարտանյութ, հնարավորության դեպքում՝
կարելի է ավելացնել նաեւ խոնավությունը պահպանող նյութ, օրինակ՝ պոլիֆեր:
Չոր վիճակում պարկուճի միջի սերմերը կպահպանվեն երկար ժամանակ թե հողում,
թե դրսում: Գյուտարարը պնդում է, որ ամեն ինչ ճիշտ անելու դեպքում
գարնանային անձրեւների ժամանակ, երբ պարկուճը թրջվի եւ թուղթը քայքայվի,
նրա միջի սերմերը ծիլ կտան, կաճեն ու կմեծանան: Այսպիսով, բոլորովին էլ
կարիք չի լինի 1-2 տարի վատնել ջերմոցում ծառերի սերմեր ցանելու, տնկիներ
մեծացնելու, այնուհետեւ՝ դրանք արմատով տեղափոխելու, տնկափոսեր փորելու եւ
տնկելու վրա:
Զարգացած երկրներում կանաչ տարածքների ծածկույթը կազմում է 25 տոկոս,
մինչդեռ Հայաստանում այն 6 տոկոս է, եւ այս թիվը դեռ շարունակում է
նվազել: Այս խնդրի լուծմանն են ուղղված մի շարք հասարակական
կազմակերպությունների ջանքերը, որոնց թվում է նաեւ «Armenian tree
project»-ը: Վանկուվերի համալսարանի անտառագիտության ամբիոնի պրոֆեսոր
Գեւորգ Ներսիսյանը Հայաստանում գործող ամերիկյան այս կազմակերպության
խորհրդատուն է: Վերջերս իր այցելության ժամանակ նա ծանոթացավ Կ.
Դանիելյանի առաջարկին եւ հավանություն տվեց այն կիրառելու մտքին: Նրա
խորհրդով գյուտն արդեն արտոնագիր է ստացել:

Մ. Վ.