Երկաթե շերեփի իմիտացիան

22/09/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Զինվորական շքերթն, իհարկե, լավ բան է։ Այն պիտի ցույց տա պետության հզորությունը, բանակի մարտունակությունը, սեփական սահմանները պաշտպանելու կարողությունը, եւ այլն։ Մի խոսքով` պիտի ոգեւորի մեր քաղաքացիներին եւ վախեցնի մեր թշնամիներին։ Եվ այս իմաստով 90-ականներին կազմակերպված զինվորական շքերթները միանգամայն հասկանալի էին։ Ի վերջո, Ղարաբաղյան պատերազմում մենք հաղթել ենք ոչ թե շնորհիվ մեր հայրենասիրական բարձր ոգու եւ պատմական արդարության գիտակցման (թեեւ ավելի հաճախ հենց այս պատճառներն են շեշտվում), այլ շնորհիվ նրա, որ Խորհրդային Միության փլուզումից հետո մեզ հաջողվել է կանոնավոր բանակ ձեւավորել եւ զինակոչ իրականացնել, իսկ Ադրբեջանին չի հաջողվել։

Բայց ժամանակները փոխվում են։ 90-ականներին արտաքին աշխարհի համար մեծ հաշվով միեւնույն էր, թե ով կհաղթի պատերազմում, որովհետեւ այն ժամանակ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը միջազգային հանրության «լիարժեք անդամներ» չէին` ոչ քաղաքականապես, ոչ տնտեսապես ինտեգրված չէին միջազգային հանրությանը։ Այսօր պատկերը փոքր-ինչ այլ է։ Ադրբեջանն արդեն միջազգային էներգետիկ ցանցի կարեւոր օղակներից մեկն է, եւ եթե հանկարծ նոր պատերազմ սկսվի, միջազգային հանրության համար արդեն միեւնույնը չի լինի, թե ով կհաղթի։

Իսկ մենք զինվորական շքերթ ենք անում։ Հրապարակ է մտնում տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պարծանքը` 70-ական թվականների խորհրդային տեխնիկան։ Բայց մի անհագստացեք։ Նախ` ամենայն հավանականությամբ, մենք 80-ականների սկզբի տեխնիկա էլ ունենք (պարզապես դա, որպես «գերժամանակակից զենք», գաղտնի է պահվում), եւ երկրորդ` ադրբեջանական բանակի տեխնիկան ճիշտ նույնպիսին է։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք շեշտում «70-ականների տեխնիկա» արտահայտությունը։ Հենց այնպես։ Պարզապես ուզում ենք տեղեկացնել, որ դեռեւս 70-ականներին եւ՛ Խորհրդային Միությունը, եւ՛ ԱՄՆ-ը ի վիճակի էին տիեզերքից արված լուսանկարներով հայտնաբերել զինվորական կամուֆլյաժի վրա կանգնած մոծակը։ Միանգամայն հասկանալի է` 30 տարվա ընթացքում տեխնիկան այնքան է զարգացել, որ հիմա տիեզերքից հնարավոր է պարզել այդ նույն մոծակի արյան անալիզը։ Սրան ավելացնենք նաեւ, որ Ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում միջազգային հանրությանն այլեւս միեւնույնը չի լինելու, թե ով կհաղթի…

Չէ, զինվորական շքերթն իսկապես կարեւոր բան է։ Պարզապես փոքր երկրները, որպես կանոն, իրենց արտաքին անվտանգությունն ապահովում են ոչ միայն եւ ոչ այնքան հզոր բանակով, որքան ճշգրիտ արտաքին քաղաքականությամբ։ Այսինքն` աշխատում են այնպիսի արտաքին քաղաքականություն իրականացնել, որ գերտերությունները հարկ եղած դեպքում վերոհիշյալ մոծակի արյան անալիզը ոչ թե հակառակորդին հանձնեն, այլ իրենց։ Խնդիրն այլ կերպ ձեւակերպենք։ Հայաստանի արտաքին անվտանգությունը կախված է ոչ թե նրանից, թե որքանով է հզոր մեր բանակը, այլ նրանից, թե որ հակառակորդը կհարձակվի մեզ վրա։ Ուստի շատ ավելի ճիշտ կլիներ, եթե որպես մեր անվտանգության հիմնական «պատվար եւ երաշխիք» հրապարակով ոչ թե զինվորները քայլեին, այլ դիվանագետները։

Իսկ տարբերությունն ակնհայտ է։ Մի դեպքում դու ունենում ես հարեւանների հետ բնականոն հարաբերություններ, տնտեսական ինտեգրացիա եւ ելք դեպի ծովերը, մյուս դեպքում` ունենում ես թշնամական միջավայր, գրեթե լիակատար շրջափակում եւ լեռնային ճանապարհներով մի կերպ տեղ հասցված փայտե նավ։ Սա, իհարկե, ավելի գեղեցիկ է, ավելի ռոմանտիկ եւ ավելի խորհրդանշական, բայց ճիշտն ասած` մի քիչ հիշեցնում է Խրիմյան Հայրիկի «թղթե շերեփի» պատմությունը։ Եվ թող որեւէ մեկը փայտե նավի շուրջ զինվորական շքերթը վկայակոչելով չառարկի, թե «տեսեք` հիմա մենք նաեւ երկաթե շերեփ ունենք»։ 1918-20 թվականներին նույնպես մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն էր։

Բայց լավ է, որ զինվորական շքերթ է արվում։ Համենայն դեպս` «ներքին օգտագործման համար» հաստատ լավ է։ Խոսքը մեր հասարակության մասին չէ։ Բանակում մեր զավակներն են ծառայում, եւ շքերթով չէ, որ մենք պիտի պատկերացում կազմենք բանակի վիճակի մասին։ Խոսքը Հայաստան-Սփյուռք համաժողովի մասին է։ Դրա մասնակիցներն, իհարկե, ներկա կգտնվեն շքերթին եւ կհամոզվեն, որ անկախ Հայաստանը կա եւ ճիշտ այնպիսին է, ինչպիսին իրենք էին պատկերացնում։ Սփյուռքում այդպես է ընդունված, չէ՞։ Որեւէ «վարժարան» կամ «դպրանոց» տարին մեկ հավաքում է հոգաբարձուներին, սաները բարձրանում են բեմ, սիրուն հագնված` ոտանավորներ արտասանում չքնաղ հայրենիքի եւ Մասիս սարի մասին, իսկ վերջում «պզտիկ հանգանակություն» է կազմակերպվում։ Եվ հասկանալի է, որ առանց չքնաղ հայրենիքի մասին ոտանավորների ոչինչ չի ստացվի։ Հոգաբարձուները պիտի իմանան, թե ինչի համար են փող տալիս։ Եթե հայրենիքի մասին ոտանավորների փոխարեն սաները քվանտային ֆիզիկայի բանաձեւեր ներկայացնեն, որեւէ մեկը փող չի տա։

Այնպես որ, պետք է ըմբռնումով մոտենալ մեր զինվորական շքերթին։ Դա էլ մեր ամենամյա հանդեսն է։