Արցախյան ազատամարտին կամավոր մասնակցած տարբեր զորամիավորումների հրամանատարները նախաձեռնել են կամավորական շարժում: Իսկ նպատակը, ինչպես իրենք են ասում` «սրբենք աղբը, մաքրենք այս երկիրը, դարձնենք Հայաստան»: Երեկ «Փաստարկ» ակումբում շարժման նախաձեռնողներ «Արցախ» գնդի հրամանատար Միքայել Ապրեսյանն ու Ռոլանդ Ղազարյանը հայտարարեցին, որ իրենք ոչ կազմակերպություն են դառնալու եւ ոչ էլ լինելու են քաղաքական միավոր: Անգամ չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին: Ինչպես իրենք են ասում ԱԺ-ի մասին` «Սա բարդակ է, որ մեկին նայում ես` սիրտդ խառնում է»: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ազատամարտիկները գտնում են, որ «պատմական հայրենիքից չի կարելի զիջել ոչ մի թիզ հող: 12.000 դի` զոհված ենք բերել, ո՞վ պիտի դրա պատասխանը տա»: Փոխարենը` նրանք օրախնդիր են համարում Լիբանան խաղաղապահներ ուղարկելը: Ըստ Միքայել Ապրեսյանի, Թուրքիան Լիբանան է ուղարկել հատուկ զորքերի` ծովային հետեւակի 1000 զինծառայող, ովքեր տեղակայվելու են հայկական բնակավայրերի մատույցներում: Ազատամարտիկները պատրաստ են եւ խաղաղապահ դառնալ, եւ իրենց մարտական փորձը կիսել մյուսների հետ:
Ներքին խնդիրների լուծման համար ազատամարտիկները պատրաստվում են համագործակցել բոլորի` մտավորականների, գիտնականների, պատգամավորների հետ, ովքեր պատրաստ են քննարկել իրենց գաղափարները, առաջարկել սեփական մոտեցումները: «Այս երկրում չի մնացել մարդ էությամբ, այս երկրի մասին մտածող մեկը: Այս երկրում ոչ մի տեղ արդարություն չկա»,- հայտարարեց Մ. Ապրեսյանը:
Ա.Գ.