Սփյուռքը՝ որպես գյուղացու հարստացման տեխնոլոգի

22/09/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Այս շաբաթ տնտեսության շուրջ կատարվող իրադարձություններից ամենակարեւորը, հարկավ, «Հայաստան-Սփյուռք» համաժողովն է: Ընդհանրապես սփյուռքի հետ կազմակերպվող ցանկացած միջոցառում իր հիմքում, ի վերջո, տնտեսական է: Միջոցառման ընթացքում, վաղ թե ուշ, հնչելու է «մեզ փող տվեք» արտահայտությունը: Եվ այս միօրինակությունն արդեն ձանձրացրել է թե սփյուռքահայերին, թե մեզ` հայաստանցիներիս: Նախորդ համաժողովների փորձն ամփոփելով` այս տարի ՀՀ իշխանությունները հստակության աստիճանի կոնկրետացրել են փող ուզելու իրենց ծրագիրը: Հատուկ համաժողովի մասնակիցների համար տպագրվել է «Գյուղական աղքատության վերացում» գրքույկը: Այն հայտարարում է, որ Հայաստանի մոտ 900 գյուղական համայնքներից 50-ի բախտը բերել է: Հավանաբար, ճիշտ այդքան սփյուռքահայեր համաձայնել են դառնալ այդ գյուղերի խնամակալներ: Մեր իշխանությունների մշակած ծրագրի համաձայն` հետայսու սփյուռքահայերը բաժանվելու են երեք խմբի: Առաջինում հովանավորողներն են` նրանք ովքեր «հանձ կառնեն վճարել իրենց ընտրած գյուղի ողջ ենթակառուցվածքային համակարգի վերականգնման արժեքը»: Գործընկերոջ խմբին կդասվեն «այն անհատները կամ կազմակերպությունները, որոնք գյուղական համայնքին կներկայացնեն որոշակի ծրագիր»: Գրքույկում որպես օրինակ բերվում է գյուղական համայնքի համար հեռուստատեսային աշտարակ կառուցելու առաջարկը: (Իսկապես, հո չի՞ կարելի թույլ տալ, որ որեւէ գյուղական համայնք դուրս մնա Հանրային հեռուստատեսության քարոզչության դաշտից): Երրորդ պատվավոր խմբի անդամները կստանան դոնոր համեստ տիտղոսը: Դոնորները ձեր իմացած արյուն հանձնողները չեն, այլ «նրանք, ովքեր նվիրատվություն կանեն համայնքային կյանքի որոշակի ոլորտի համար»: Այս դեպքում, որպես օրինակ, նշված է «դպրոցի, լսարան նորոգելու կամ նույնիսկ գրասեղան գնելու» առաջարկը:

 Համաժողովի աշխատանքներին ու քննարկվող հարցերին հետեւողը կհամոզվի, որ Հայաստան-Սփյուռք կապերը ներսում մեր աչքն են հանում, դրսում` ուրիշի: Գյուղական համայնքներին օգնելու առաջարկն իր մեջ, կարծես, վտանգավոր ոչինչ չի պարունակում: Ճիշտ այնպես, ինչպես Աղետի գոտում բնակարանների գնման վկայագրերի համակարգը: Այն, ինչպես հայտնի է, ծառայեց մտահղացմանը տրամագծորեն հակառակ նպատակի եւ ի վերջո դարձավ արտագաղթը խթանող գործոն: Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող կազմակերպությունների տվյալներով` սփյուռքահայերն այս տարի հետաքրքրվում էին ոչ միայն քաղաքի կենտրոնի շենքերով: Նրանց հետաքրքրությունների ոլորտում հայտնվել են նաեւ գյուղատնտեսական հողերը` առայժմ միայն Արարատյան դաշտավայրի տարածքում: Երեւանի կենտրոնում բնակարանի համար 2-3 հարյուր հազար դոլար վճարողի համար մայրաքաղաքի հարեւանությամբ հողամաս ձեռք բերելը ֆինանսական առումով բարդ բան չէ: Այս տարածքներում հողի արժեքն ամենեւին էլ բարձր չէ: 3 հեկտար տարածք ունեցող ծիրանի այգին վաճառվում է մինչեւ 4 մլն դրամով: Այն իր գինը կհանի երկու-երեք տարում: Գյուղատնտեսական հողերի լայնամասշտաբ առուծախը խոչընդոտող միակ գործոնն առայժմ հողային օրենսգիրքն է: Այն ամրագրում է, որ ՀՀ տարածքում գյուղատնտեսական հողեր կարող են գնել միայն ՀՀ քաղաքացիները: Հայտնի է, որ մոտ ապագայում, կատարելով իրենց նախընտրական խոստումը, խորհրդարանական կուսակցություններն ընդունելու են երկքաղաքացիության մասին օրենքը: Այս դեպքում «Դեպի գյուղ» կարգախոսը բոլորովին այլ բովանդակություն կստանա: Հողազրկելով գյուղացուն` այս գործընթացը նրան կապահովի նաեւ արտագաղթելու համար անհրաժեշտ դրամով: Այսօր մեր մամուլը տիրաժավորելով «Հայաստան-Սփյուռք» համաժողովում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հնչեցրած ելույթը` դժվարությամբ է թաքցնում իր բացասական վերաբերմունքը: Ֆեոդալական ժամանակաշրջանին բնորոշ բառապաշարով պարոն Օսկանյանը մեծահարուստ սփյուռքահայերին առաջարկում էր «մեկական գյուղ վերցնել»: Մեր իշխանություններին, պարզվում է, խիստ անհանգստացնում է այն փաստը, որ երկիրն անհամամասնական է զարգանում: «Գյուղական աղքատության վերացում» գրքույկում հենց այդպես էլ գրված է. «Այսօր Հայաստանի աղքատների կեսն ապրում է … գյուղական համայնքներում»: Փաստորեն իշխանությունները վստահ են, որ երկնիշ տնտեսական աճով իրենք կլուծեն աղքատների ընդամենը կեսի «հարստացման» գործընթացը: Գործի մյուս կեսը նրանք վստահում են Սփյուռքին: «Եկեք շենացնենք Հայաստանը` գյուղ առ գյուղ» առաջարկում են մեր իշխանությունները Սփյուռքին: Հավանաբար` իրենց մենաշնորհը համարելով երկիրը քաղաք առ քաղաք շենացնելը:

Այս ամենը տեղի է ունենում երկրի անկախության 15-ամյակի տոնակատարություններին զուգահեռ (թե՞ շրջանակներում): Մինչդեռ ճիշտ այս օրերին կատարվեց մի դեպք, որի արժեքը, ընդունված բառապաշարով ասած, դժվար է գերագնահատել: Հենց այդ փաստն էր պետք ներկայացնել մեր հայրենակիցներին: Սեպտեմբերի 19-ին կայացած աճուրդում վաճառվեցին մեկ ու կես մլրդ դրամ արժեքով պարտատոմսեր` պետական երկարաժամկետ պարտատոմսեր: Մեր բանկային համակարգը մեր պետությունից գնեց 11 տարի մարման ժամկետ ունեցող տոմսեր: Փաստորեն Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ իշխանություններին դրամ են պարտք տալիս` վստահ, որ 11 տարի հետո ետ կստանան: Այսինքն, մենք` հայաստանցիներս (կամ մեր մի մասը), վստահ ենք, որ 11 տարի հետո` նախագահական առնվազն 2, խորհրդարանական 3 ընտրություններից հետո էլ կլինի Հայաստանն իր ազգային վճարամիջոցով: Այս փաստն արժեւորելու փոխարեն` մեր դրամավարկային ու քաղաքական իշխանությունները դրսում են միջոցներ փնտրում: Կարո՞ղ է` հաշվարկում են, որ դրսից եկած գումարները յուրացնելն ավելի հեշտ է: Տրանսֆերների նման: