Հայաստանին մենինգիտը չի սպառնում

22/09/2006

Այս օրերին Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում ինֆեկցիոն-վիրուսային մենինգիտով հիվանդացության մեծ բռնկում կա: «Ռեգնում»-ի փոխանցմամբ, ընթացիկ տարվա հուլիսի 1-ից սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում երկրամասի կլինիկաներում մենինգիտի նախնական համախտանիշով հոսպիտալացված 1490 հիվանդներից 1022-ի մոտ հաստատվել է լուրջ ինֆեկցիոն վարակը: Երկրամասի առողջապահական մարմինները ձեռնարկել են մեծածավալ կանխարգելիչ միջոցառումներ` մասնավորապես մանուկ ազգաբնակչության շրջանում, որովհետեւ, ինչպես տեղեկացնում է «Ռեգնում»-ը, վարակը տարածված է առավելապես 3-6 տարեկան երեխաների մոտ: Մասնագետների գնահատմամբ, մենինգիտի տեղային բռնկման պատճառ հանդիսացել է բացօթյա ջրային տարածքներում լողալը:

 Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության (ԱՆ) գլխավոր նյարդաբան Գ. Հովհաննիսյանի, Հայաստանին նման էպիդեմիա չի սպառնում: Նրա խոսքերով, վերջին մեկ ամսվա ընթացքում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են դիմել երկու քաղաքացի, որոնցից մեկի մոտ ախտորոշվել է վիրուսային, մյուսի մոտ` թարախային բնույթի մենինգիտ: Ի դեպ, վերջինս եղել է ազգությամբ պարսիկ: «Մեզ մոտ միայն մենինգիտի էպիզոդիկ դեպքեր են արձանագրվում: Մենինգիտի ոչ ծանր դեպքերում մարդիկ հաճախ չեն դիմում հիվանդանոց, այլ բուժվում են տնային պայմաններում: Հիվանդության ախտանիշներն են` ուժեղ գլխացավ, սրտխառնոց, լուսավախություն, ձայնային գրգռվածություն եւ գիտակցության մթագնում»,- նշում է ԱՆ գլխավոր նյարդաբանը: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն Է. Զարդարյանի հավաստմամբ, մենինգիտ հիվանդության ցածր տոկոսայնությունը պայմանավորված է հայկական կլիմայով` ինֆեկցիայից մեզ պաշտպանում են բարձր աշխարհագրական դիրքն ու կիզիչ արեւը: Վերջին երեք ամսվա ընթացքում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գրանցվել է ինֆեկցիոն մենինգիտի 1-2 դեպք: Ինչպես նշում է Է. Զարդարյանը, մեր երկրում մենինգիտն «ակտիվանում» է ձմռան ամիսներին: