Համաձայն կենդանական աշխարհի մասին օրենքի՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված
կենդանիների որսը թույլատրվում է միայն կառավարության որոշումով՝ գիտական
եւ վերարտադրություն կազմակերպելու նպատակներով: Կարմիր գրքում գրանցված
կենդանիներից միջերկրածովային կրիայի ու բեզոարյան այծերի մասին հատուկ
որոշումը թույլատրել է 2 առանձնյակ կրիայի եւ 15 բեզոարյան այծի որս:
Միջերկրածովային կրիաները գրանցված են ոչ միայն ՀՀ, այլ նաեւ Միջազգային
Կարմիր գրքում: Կրիաների որսն արդեն կատարվել է: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության
ինստիտուտի ու ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի ինտեգրացիոն բազմազանության
ֆակուլտետի միջեւ կնքված գիտական համագործակցության պայմանագրի
շրջանակներում կրիաները Հայաստանում որոշ հետազոտություններ անցնելուց
հետո կուղեւորվեն Կալիֆոռնիա, որովհետեւ մեր գիտական հաստատությունների
հնարավորություններն առայժմ բացառում են ամբողջական հետազոտության
իրականացումը: Շուրջ 20 տարի գիտական որեւէ աշխատանք չի կատարվել նաեւ
բեզոարյան այծերի վերաբերյալ: 15 բեզոարյան այծեր շուտով իրենց հետագա
գիտական կյանքը կանցկացնեն հարեւան Վրաստանում: Այստեղ կկազմակերպվի դրանց
վերարտադրության գործընթացը: Կենսառեսուրսների կառավարման գործակալության
բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի
հավաստմամբ՝ այս կենդանիների ապօրինի որսի ու արտահանման հետ կապված
դեպքերը սակավաթիվ են, որովհետեւ հայրենական խոհանոցում, ասենք, կրիայի
միսը պահանջարկ չի վայելում: Ըստ Մաքսային պետական կոմիտեի լրատվական
ծառայության՝ 2003-2004 թվականներին կենդանիների ապօրինի արտահանման որեւէ
դեպք չի գրանցվել:
Ն. Ա.