Անկախությունը՝ տաքսու վարորդների աչքերով

22/09/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տաքսիստների հետ մեր զրույցի թեման այս անգամ Հայաստանի անկախության 15-ամյակն էր: Արդյոք նրանք մասնակցելո՞ւ են տոնակատարություններին, գիտակցո՞ւմ են արդյոք անկախության արժեքը եւ ինչպե՞ս են վերաբերվում Խորհրդային Միության փլուզմանը: Վարորդների մոտեցումները շատ հետաքրքիր են, եւ ամենակարեւորը՝ շատ անկեղծ:

Մեր զրուցակից երիտասարդ վարորդները հիմնականում խուսափում էին հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով, որ՝ «Մեր մոտ ամեն ինչ քրեական ա, եթե ավել բան խոսամ, պրոբլեմներ կունենամ թե ես, թե իմ շեֆությունը: Անկախությունն էն ա, որ մարդը սոցիալական պրոբլեմներից ազատ լինի: Եթե երկիրը անկախ ա, բայց քաղաքացին ամեն ինչից կախում ունի, ուրեմն՝ էդ անկախությունը արժեք չունի: Առավոտյան արթնանում եմ, էրեխես սոված ա, բայց ես անքուն գիշերներ եմ անցկացնում, էշի պես աշխատում եմ, ուրեմն կարա՞ք ասեք՝ ես անկախ երկրի քաղաքացի եմ,- հարցնում է 28-ամյա Էդուարդը, ավելացնելով,- եթե եղբայրս ինձ արտասահմանից գումարով օգնում ա, ու էդ գումարը Հայաստան մտնելով արժեքը կորցնում ա, հիմա ասե՛ք, ես ու իմ ընտանիքը Կենտրոնական բանկի Տիգրան Սարգսյանի տրամադրությունից կախվա՞ծ ենք, թե՞ չէ»:

«Բրազիլիայի խաղը Նոր տարվա լիմոնադ էր»

60-անց վարորդ Գեւորգ պապին անկախության մասին հարցը շատ է դուր գալիս, ու նրա պատասխանը նույնքան օրիգինալ է, որքան ինքը. «Իհարկե, անկախությունն աննկարագրելի արժեք է, որովհետեւ էսօր ես Իսպանիայի, Արգենտինայի ֆուտբոլ եմ նայում: Պատկերացնո՞ւմ ես՝ ես, Հայաստանի քաղաքացի լինելով, իմ տանը նստած, ոտքերս սեղանին փռած՝ նայում եմ Բրազիլիայի ֆուտբոլը: Բերանով ես ասում է՝ Բրազիլիայի խաղ, բայց էն տարիներին ֆուտբոլ նայելը Նոր տարվա լիմոնադի պես մի բան էր: Էսօր մենք անկախ ենք ու նայում ենք ֆուտբոլ, նայում ենք բոքս, շախմատ, բիլիարդ, ձյուդո… Մեզ հրամցնում են ամենահեռավոր երկրների խաղերը, իսկ էն ժամանակ էրնեկ էինք տալիս, որ մի հատ ֆուտբոլ նայեինք: Մոսկվան տարին մեկ անգամ ֆուտբոլ էր հեռարձակում ու որպես ողորմություն` Հայաստանին էլ էր թողնում ցույց տալ: Մենք էլ խղճուկի նման՝ բան ու գործերս թողած, վազում էինք տուն, որ Մոսկվայի ողորմությունից օգտվեինք, նայեինք: Իսկ հիմա բոլոր հեռուստաալիքները ցույց են տալիս ուզածդ հաղորդումը, ուզածդ սպորտաձեւը: Անկախությունը սա է, եղբայր»,- տարերքի մեջ ընկած ասում է Գեւորգ պապը: Բայցեւ, տհաճությամբ զուգահեռներ անցկացնելով սովետական հասարակարգի հետ, հիշում է իր քենուն: «Ուրեմն՝ քենիս աշխատում էր Կարամելի գործարանում: Աշխատողներին մի հատ փոքր պայոկ կանֆետ էին տալիս, բայց ինքը մեշոկներով գողանում էր: Համ իրանք էին հարստանում, համ էլ սաղ հարազատներին էր պահում: Ով ոնց կարար՝ գողանում էր: Իսկ հիմա, թող «Գրանդ քենդիի» աշխատողներից մեկը 2 հատ կանֆետ գողանա՝ տուտ ժե դուրս կշպրտեն: Հիմա ասա, ո՞րն էր լավ, որ պետական էր, բայց սաղ գողանո՞ւմ էին, թե՞, որ սեփական ա ու գողություն չկա: Մի բանն ա վատ, որ էս վայ օլիգարխները սաղ թալանում են ու ժողովրդին փշրանքներ էլ չի մնում: Ես քեզ անկեղծ կասեմ. էն տարիներին էլ ես տաքսու վարորդ էի աշխատում, ու ինձ ընդունելու համար պիտի տնօրենը մինիստրության թույլտվությունը ստանար: Աղայի պես տուն եմ պահել, բայց հարցրա՝ ո՞նց. Նախ էն ժամանակ սենց չէր, որ գնայիր ավտոյով մտնեիր պադյեզդ, որ ուղեւորին նստացնեիր: Կանգառում կանգնում էի ու միանգամից մի 3-4 տարբեր ուղեւոր էի վերցնում: Մեկի փողով պլանն էի մուծում, մյուսներինն ինձ էի պահում»,- անկեղծանում է Գեւորգ պապը: «Սովետի տարիներից մի հատ խոսք կա, որ ասում են` Նոր տարվա լիմոնադ: Ամեն ինչ տակից էր: Տղուս հարսանիքի համար 2-3 ամիս օրը 4-5 անգամ ընկել եմ Կոնյակի գործարանի դռները, որ կարողանամ մի քանի հատ կոնյակ առնեմ: Վերջը ծանոթ եմ մեջ գցել, նոր առել եմ, այ տենց, ամեն ինչ Նոր տարվա լիմոնադ էր: Իսկ հիմա հարսանիք անելու համար կես ժամվա մեջ ամեն ինչ կառնես: Բա էդ անկախության պտուղները չի՞, ո՞նց կարաս չասես, որ անկախությունն ազատություն ա»:

«Մի օր էլ մեզ են վաճառելու»

40 տարեկան վարորդ Վարդանին անկախության մասին մեր հարցը վրդովվեցրեց: Զայրույթից դեմքը կարմրում է. «Ինձ համար անկախությունը ոչինչ է: Ոչ մի արժեք էլ չի ներկայացնում, որովհետեւ ես շատ կուզենայի ապրել սովետի ժամանակաշրջանում: Առաջին հերթին պաշտպանվածություն կար, անհատը պաշտպանված էր: Կարող էիր ցանկացած օղակի դիմել եւ չմերժվել: Սովետական Միությունում, իր թերություններով հանդերձ, օրենքը գործում էր, իսկ հիմա օրենքը զրոյական է»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ իր համար բոլոր օրերն էլ սովորական աշխատանքային օրեր են, իսկ սեպտեմբերի 21-ը ոչնչով չի տարբերվում մյուս օրերից: Սովետական տարիների առանձնահատկություններից կարեւորագույնը նա համարում է մեկը մյուսի հանդեպ ունեցած հարգանքը, ինչը, սակայն, ներկայումս իսպառ բացակայում է. «Մարդը հարգել գիտեր: Հիմա ուրիշ է, մարդիկ իրար հարգելու փոխարեն իրար շահագործում են: Մարդը մարդուն ինչքան հնարավոր ա օգտագործում ա: Մարդիկ անկուշտ են դարձել, ինչքան ունենում են, մեկ է, ասում են՝ էս էլ ձեռքից խլենք: Էն տարիներին էլ էի ես տաքսու վարորդ աշխատում ու հոյակապ ձեւով ընտանիք էի պահում, իսկ հիմա մի կերպ գոյատեւում ենք: Չեմ ասում, թե սոված ենք, բայց չես կարող 2 կոպեկ հետ գցել, մի բան ավելացնել»: Վարդանն իր երեխաներին անկախության մասին ոչինչ չի պատմում, որովհետեւ նրանք ծնվել են անկախ Հայաստանում. «Իրենք էս են տեսել, ու իրանց թվում է` սա է լավը, էսպես էլ պիտի լիներ, որ ճիշտը սա է: Թող էդպես էլ լինի, որ կարողանան հարգել մեր իշխանություններին ու մեր երկիրը: Կմեծանան, դժվարությունների առաջ կկանգնեն ու կճռռան մեր նման: Հայ ընտանիքում միշտ էդպես է՝ ծնողն իրան կոտորելով պաշտպանում է երեխային, բայց հետո երեխեն ինքը բեռն իր ուսերին կրելով կոտրվում է: Երեխայի համար լավ է, քանի դեռ էդ դժվարություններն իր մաշկի վրա չի զգում»: Ասում է, որ, եթե շարունակեն երկիրն այսպես կառավարել՝ ՀՀ քաղաքացու հիասթափությունն ավելի է մեծանալու, եւ անկախ պետականության պտուղները ստորադասվելու են: Վարդանի կարծիքով՝ Հայաստանը հիմա էլ Ռուսաստանից կախման մեջ է, այնպես որ, դժվար է ասել՝ Սովետը փլուզվե՞լ է, թե՞ ոչ. «Մենք միայն խոսքերով ենք անկախ: Ոչինչ չունենք, ամեն ինչ վաճառել են: Որպես քաղաքացի մենք կախված ենք օտարերկրացիներից: Ի՞նչն է մերը. հոսա՞նքը, ջո՞ւրը, կա՞պը, ի՞նչը… Ամեն ինչ անում են Պուտինի դաբրոյով: Մեծ-մեծ խոսքեր են, բայց իրականությունը ցույց է տալիս, որ անկախությունը նեղ մասսայի համար է, որոնք ամեն ինչ վերցրել են իրենց ձեռքը: Սովետական տարիներին մարդն իրեն լավ էր զգում, քաղաքն իրեն լավ էր զգում, բնությունն իրեն լավ էր զգում: Կարծում ես` էն ժամանակ լավ ու վատ տղերք չկայի՞ն, բայց էդ լավ ու վատ տղերքը օրենքին ենթարկվում էին, օրենքը նրանց սանձում էր, շատ չէին թպրտում հիմիկվա պես: Կարծում ես` էն ժամանակ Ռայկոմի քարտուղարը չէ՞ր կարող ճանապարհները փակել, ամբողջ մի շարասյուն հետեւից գցեր ու ասեր՝ ես եմ գալիս, սաղդ փախեք… Պաշտոնյան մի տեղ է գնում իր շարանով, հլը դու փորձես ընկնես իրա «կալոննայի» մեջ կամ ճանապարհ չտաս: Կամ պիտի տրորեն, վրայովդ անցնեն, կամ էլ էնքան ծեծելով լխկեն, որ դառնաս հաշմանդամ: Ո՞վ քեզ կպաշտպանի, տենց էլ պիտի լիներ՝ կասեն»,- վիրավորված է Վարդանը: Նա ասում է, որ սովետական տարիներին բանվորն էլ, պաշտոնյան էլ, արհեստավորն էլ ապրել են, ոչ թե այսօրվա պես գոյատեւել: Վարորդի կարծիքով՝ մարդն այսօր կորցրել է իր արժեքը, միջին խավի ՀՀ քաղաքացին այսօր ուր էլ գնա՝ դիմացը պատ է տեսնելու. «Եթե ծանոթ կամ շրջապատ չունեցար, ուրեմն՝ կորած, խղճուկ մարդ ես: Օրինական ճանապարհով անգամ մի փաստաթուղթ չես կարող դասավորել, վերցնել: Երբ շարժումը սկսվեց` ես մեծ հավատով մասնակցում էի միտինգներին, հավաքներին, մենակ ես չէ, շատերը: Շատ էի հավատում մեր լիդերներին, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ էս աստիճանի երկիրը շուռ կտան ու կողոպուտ կսկսեն: Սրտանց, իմ վերջին կոպեկով մասնակցել եմ, որ գումարներ հավաքեն զենքեր գնելու համար, նոր էր պատերազմը սկսել, արել եմ էն, ինչ որ կարողացել եմ, որովհետեւ սրտանց հավատացել եմ մեր առաջնորդներին: Որպես մարդ` հոգով չեմ զղջում, որովհետեւ իմ ու իմ երեխաների համար եմ արել, սրտիս թելադրանքն եմ արել, իսկ որպես ՀՀ քաղաքացի` ուզում եմ մեր ղեկավարներին ասել՝ բավական է, մինչեւ կոկորդներս կուշտ ենք էս անբարոյականությունից, էլ հանդուրժելու տեղ չկա: Էսօրվա լիդերներն իրենց շահի համար ժողովրդին օգտագործում են. Վազգեն Մանուկյանը տարավ ժողովրդին ծեծել տվեց, Ստեփան Դեմիճյանը տարավ ծեծել տվեց, բոլորն էլ օգտագործում են ժողովրդին: Ոչ ոք հավատացող ժողովրդին մինչեւ վերջ չտարավ: Իրենց բուն նպատակը վաճառելն է, վաճառում, վաճառում են: Բոլորն էլ մի սանրի կտավ են՝ տարբեր ամանների մեջ: Էնքան կվաճառեն, որ էլ բան չի մնա, կսկսեն մարդկանց վաճառել: Պարտքի դիմաց` գույք, գումարները քամուն տալ ու ասել՝ ժողովուրդ, բյուջեն դատարկ ա: Մի խոսքով՝ ապրում ենք դեղին քաղաքում: Ես անկեղծ վիրավորված եմ, որովհետեւ հիմա էս սկզբունքն է գործում. եղունգ ունես՝ գլուխդ քորիր: Թոշակառուների գումարը 500-1000 դրամով ավելացնում են, բայց էնքան հարկ են դնում վզներին, որ խեղդում են, մնում են նույն ցամաք հացի վրա: Վայ էն ընտանիքին, որ աշխատող չունեն: Տարին 12 ամիս, բացի հացից, ուրիշ բան չեն ուտում»:

«Ով որ չաղ էր՝ ասում էին` սպեկուլյանտ»

Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Հրայրը եկել է Երեւան՝ տաքսու վարորդ աշխատելու, որովհետեւ իր երկու երեխաներն այստեղ են սովորում: Բնակարան է վարձել եւ ժամանակավորապես ապրում է այստեղ: «Անկախությունն անգնահատելի է, ու էսօր պետք է բարձրաձայն գնահատել դա: Հայրս մեր գյուղի կոլտնտեսության նախագահն էր սովետի տարիներին, երազում էր անկախ լինելու համար: Մեր գյուղի անունը չասեմ, որովհետեւ բոլորն իրար ճանաչում են: Էդ մարդը շատ էր խղճում իր գյուղացիներին, որովհետեւ մարդուն ռոբոտ էին սարքել, առավոտից իրիկուն պետության համար էին աշխատում: Գյուղացին ոչինչ չուներ, շան պես աշխատում էր, բայց իրան մնում էր մի փոր ուտելու հաց: Պլան էին դնում: Ով որ պլանը լավ էր կատարում՝ ժողով էին կազմակերպում ու ոտքի վրա ծափահարում էին, իսկ ով չէ՝ գլուխը չէին շոյում: Խեղճ գյուղացին արձակուրդը վերցնում, գնում էր խոտ էր հնձում, ու աշխօրի համար 3 ռուբլի փող կամ բերք էին տալիս: Երբ որ կոլտնտեսությունը ցրվեց` պետության հողերը բաժանեցին գյուղացիներին: Ծխին 1,5-2 հա հող է տվել ու ամեն տարվա համար հարկ է սահմանել: Գյուղացու տրամադրության տակ հող կա, ինչը սովետի տարիներին անհասանելի մի բան էր: Պետությունն անասուններին բաժանեց գյուղացիների միջեւ, բայց շատ անխելք մարդիկ միանգամից վաճառեցին: Հարեւան ունենք, որ 1990-1991թթ. կովերը ծախեց ու էսօր պանիր, կաթ, մածուն, կարագ չունի: Մեր գյուղում մարդ կա, որ զրոյից հարստացել ա հենց անկախության շնորհիվ ու հալալ քրտինքով: Պետության տված էդ 10 հատ կովերից հորթեր, սերունդ ու սննդամթերք ստանալով՝ էսօր տուն ու տեղ ա դրել, անասնապահական ցանց ա ստեղծել: Պետությունն էսօր գյուղացուն մեծ շանսեր ա տվել, որ սեփականություն տնօրինի, բայց մարդիկ իրենց անխելքության պատճառով ոչ մի բանի չեն հասնում, որովհետեւ սովոր էին, որ իրանց կառավարեին ռոբոտի պես: Այ, էդ անհաջողակներն են, որ անկախությունը թերագնահատում են»,- պատմում է Հրայրը: Սովետական տարիների մասին խոսելիս հիշում է գյուղի իրենց մի հարեւանին, ով բարկացած է եղել ինչ-որ մարդկանց վրա ու գիշերը քնած ժամանակ Բրեժնեւին երազի մեջ հայհոյել է: Պատից այն կողմ մի անցորդ լսել է ու լուրը հասցրել է ղեկավարներին: Երազում Բրեժնեւին հայհոյած մարդուն աքսորել են Սիբիր: «Գյուղացին էսօր ոչ թե պիտի դժգոհի իշխանություններից կամ անկախությունից, այլ իր խելքից, որովհետեւ էսօր գյուղացուն լավ ապրելու հնարավորություն է տրված: Օրինակ՝ 2 տարի առաջ մեր գյուղացիներից շատերը տոկոսով հսկայական գումարներ վերցրին ու հազարավոր հեկտար հողատարածքներում ցորեն ցանեցին, որ միանգամից շատ եկամուտ ունենան: Պարսկական առնետները հողերի մեջ հայտնվեցին ու բերքը հնձեցին-տարան: Մարդ կա` ավտոյով, տնով-տեղով վաճառեց, որ տոկոսները փակի, իսկ ես 100 հա հող էի ցանել ու տուժեցի իմ սեփական փողով, պարտքի տակ չընկա: Մարդ պիտի խելքով, հաշվարկով քայլ անի: Պետությունը հիմքը՝ հողը, անասունը, մեղվի փեթակն անգամ բաժանել է գյուղացուն ու ասեց՝ ապրի ազատ, կառավարի քո տնտեսությունն ինքնուրույն: Նույնիսկ առաջին 2 տարին ազատեց հարկերից»,- պատմում է Հրայրը՝ հիշելով սովետական ժամանակաշրջանը, երբ գեր մարդկանց անվանում էին «սպեկուլյանտ». «Ասում էին՝ էս ինչո՞վ ա չաղացել, ուրեմն՝ սպեկուլյանտ ա: Քույրս Մոսկվայից երեխայի համար շոր էր բերել, բայց փոքր եղավ: Վաճառեց ու ամբողջ գյուղով տարածվեց, որ ինքը սպեկուլյանտ ա, տակից շոր ա ծախում: Մեր գյուղում մի աշխատասեր մարդ կա, որը կոմունիստների օրոք ոչնչի չէր հասնում, իսկ հիմա գիշեր-ցերեկ աշխատում է ու կարգին տնտեսություն է ստեղծել: Ինքը տրակտորիստ էր ու 1 տրակտորի փոխարեն հիմա 4-5 հատ տրակտոր ունի, հսկայական տուն-տեղ է դրել: Էդ մարդն ասում էր, որ «նույնիսկ կնոջս հետ չէի կարում քնեի, առավոտյան 3-ից պիտի աշխատեի, որ պլանս գերակատարեի: Էն ժամանակ կոլխոզը մարդու պոտենցիալն ու ժամանակը խլում էր իր համար ու մարդուն ոչինչ չէր թողնում: Մարդը կոմունիստների ստրուկն էր: Իսկ ով որ էն ժամանակ գողանալով, բարձր պաշտոն ունենալով լավ ապրել է՝ էսօր չի կարողանում խելացի, ինքնուրույն ու ազնիվ ապրի, դրա համար էլ անկախությունը չի գնահատում»: