«Ազգի ոգին նրա մշակույթի մեջ է»

06/05/2005

«Ոչ կոմերցիոն արվեստն ու ֆունդամենտալ գիտությունը, իմ խորին
համոզմամբ, պետք է ֆինանսավորվի պետական դոտացիաներով»: Այս տեսակետին է
ռուսական «Առաջին ալիքի» հեռուստառեժիսոր Հարություն Ջինանյանը, որը
վերջերս էր Հայաստանում, ինչպես ինքն է մեկնաբանում, եկել էր «Հայրենիքի
էներգիայով լիցքավորվելու»: Հարությունը խոստովանում է, որ Հայաստան
կատարած իր այցելության ժամանակ չզգաց ազգային մշակույթի նկատմամբ պետական
հոգածությունը: Նրա խոսքերով, երկրի ղեկավարությունն ու նախագահը մեծ
ուշադրություն են դարձնում երկրի «մարմնին», ինչը գուցե այսօր եւս ճիշտ է,
բայց առանց հոգու ազգն ու երկիրը լիարժեք չեն: «Կուզեի, որ հայկական
մշակույթը քայլեր նույնքան հպարտ, որքան Հայկական բանակը»,- ասում է
Հարություն Ջինանյանը: Ռուսական «Առաջին ալիքի» ռեժիսորի պաշտոնը լքելով,
նա այժմ զբաղվում է նկարչությամբ: Այդ կերպարանափոխումն, իր կարծիքով,
միստիկական իրադարձությունների արդյունք էր, որոնք սկսվեցին խորհրդավոր
երազներից ու տարան նրան Միացյալ Նահանգներ: Նյու Յորքի «111»
պատկերասրահում կայացած ցուցահանդեսի ժամանակ Հարությունը ծանոթացավ բժիշկ
բիոէներգետիկ Սոֆիա Բլանկի հետ, որը եւ բացահայտեց նկարչի համար
նկարներում պատկերված նշանների իմաստը: «Պարզվում է, որ ես նկարում էի
«կոսմիկական նշաններ», «խաղաղության նշաններ», ինքս էլ չիմանալով այդ
մասին: Այդ նշանները Սոֆիա Բլանկի հետազոտությունների առարկան են: Նա ինձ
ցույց տվեց իմ նկարներին շատ նման գծանկարներ, որոնք, ըստ նրա՝
խորհրդանշում են սեր, ներդաշնակություն, արարչություն: Այս նշաններն
ուժեղացնում են մարդու աուրան»: Հ. Ջինանյանի վերջին աշխատանքները
կատարված են հին սրբանկարչական տախտակների վրա, որոնց վրա պատկերվածն
այլեւս ջնջված է: Նկարները ցուցադրվել են ԱՄՆ-ում ու Ռուսաստանում, գնվել
մեծահարուստ ճանաչված մարդկանց կողմից: Սակայն նկարչին զգուշացրել են, որ
իր ստեղծագործություններից նա դրամական շահ չպետք է հետապնդի, դրանք
դրական լիցքեր հաղորդելու ունակություն ունեն եւ պետք է նվիրաբերվեն, ոչ
թե վաճառվեն: Այսուամենայնիվ, Հարությունը համոզված է, որ հեռանալով
հեռուստատեսությունից, ոչինչ չի կորցրել, այլ ընդհակառակը, բացահայտել ու
վերագտել է ինքն իրեն: «Մարդը պետք է շարժվի ինքնաճանաչման ուղով, միայն
այդ ճանապարհն է բերում նրան տուն»:

Մ.Վ.