1.Արդեն ավարտվել են բուհական ընդունելության քննությունները կամ էլ պայքարը հանուն արդարության, կամ, ավելի ճիշտ, ուսանողների ընտրությունը…: Որերորդ անգամն է՝ Հայաստանն ապրում է արդար ընտրությունների այս պայքարն ընդունելության քննությունների մեխանիզմի միջոցով: Եվ ամեն անգամ նույն ուժերն են հանդես գալիս` երիտասարդ սերունդը, ծնողները, քննություն ընդունողները, «պետքական մարդիկ ու հարկավոր կապերը»: Եվ, իհարկե, ֆինանսները: Այս պայմաններում երիտասարդներն առաջին անգամ սթրես են ապրում եւ միաժամանակ զգում հայ հասարակության անարդար լինելու ողջ իրականությունը: Նոր սերունդը, որը դեռ մինչեւ վերջ չի հիասթափվել հասարակությունից, հույս ունի, որ իր ազնվությունն ու գիտելիքները կօգնեն հասարակությանը, իսկ հասարակությունն անաչառ գնահատական կտա իր աշխատանքին, ինտելեկտին եւ դիրքորոշմանը: Սա հատկապես վերաբերում է երիտասարդության այն հատվածին, որն արդարության ու գիտելիքի կրողն է, ստորացվածների պաշտպանը, ճշմարտության ջատագովը: Այս վառ անհատականությունները` կյանքի նկատմամբ ակտիվ դիրքորոշմամբ, կամ այլ կերպ ասած` սերնդի առաջնորդներ դառնալու համար ծնվածները, առաջին անգամ հասկանում են այնպիսի հասկացությունների ողջ կեղծիքը, ինչպես՝ ասել ու պաշտպանել ճշմարտությունը, աներեր լինել եւ պաշտպանել սեփական տեսակետը, լինել հպարտ եւ միաժամանակ համեստ, չձեւացնել, մարդկանց սիրել ըստ նրանց արժանիքների, ոչ թե, ըստ կասկածելի հնարավորությունների, եւ այլն: Ազգի այս ապագա առաջնորդները հասարակության կողմից դեֆորմացվում են այդ ընդունելության քննությունների ժամանակ, եւ մտածում են` կամ մնալ եւ ընդունել հասարակության կյանքի զզվելի պայմանները, այսինքն` հարմարվել դրանց, կամ էլ լքել հայրենիքը եւ արդարություն որոնել այլ էթնո-պետական համակարգերում, օտարության մեջ: Չէ՞ որ նրանք հասկանում են, որ կան երկրներ, որտեղ ավելի շատ է ճշմարտությունը, ընտրության եւ գնահատականի արդարությունը, մարդկային բարությունն ու ազնվությունը, եւ ցանկանում են ապրել այդպիսի հասարակության մեջ: Իրենց միլիոնավոր հասակակիցներ ազատ են ապրում, եւ նրանց հնարավորությունների առջեւ բաց են բոլոր դռները: Մեր երիտասարդ առաջնորդները ձգտում են դեպի ավելի ազատ հասարակություն, քան հայկականն է, եւ արդեն իրենց կյանքի այս փուլում նրանց մեջ սկսում է ջարդվել իրենց մրցակցին ճիշտ գնահատելու մեխանիզմը, քանզի նրանք հայտնվել են դաժան ու անարդար հասարակության մեջ: Սա շատ լուրջ խնդիր է այնպիսի ազգերի համար, ինչպիսին հայերն են, որոնք կանգնած են հսկայական ու, որոշ դեպքերում, անլուծելի դժվարությունների առջեւ, իսկ ինտելեկտուալ ռեսուրսներն այնքան էլ մեծ չեն: Եվ այսպես, ամեն տարի նոր ընդունելության քննությունների ժամանակ մենք խոսում ենք ընդունակ եւ վառ երիտասարդության մասին, խոսում ենք ու ձգտում շտկել ընտրության մեխանիզմի ճչացող կոռումպացվածությունը, ասել է թե՝ դիմորդների տվյալ հատվածի ներսում անարդար ընտրությունը, դիմորդներ, որոնց մեծ եւ լավագույն մասը կլքի երկիրը…
2.Երրորդ հազարամյակի սկզբին հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության մեջ առաջին անգամ դարձել է սփյուռքի ազգ: Այսինքն` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախության այս 15 տարիների հայ ժողովրդի էթնիկական ու պատմական տարածքներում մնացել է ազգի կեսից քիչը, ավելի ճիշտ` մեկ քառորդը: Հնարավորությունների շուկայում հետեւյալն է` մեկնել օտար էթնո-պետական միջավայր եւ այնտեղ գտնել իրեն կամ էլ մնալ ու պայքարել հանուն սեփական արդար պետության: Մարդիկ գերադասեցին առաջին տարբերակը: Եվ դա օբյեկտիվ պատճառներ ունի. հայ ժողովուրդը պետականության բացակայության այս դարերի ընթացքում դժվար ապրելու, վերապրելու հսկայական փորձ է կուտակել: Միջին վիճակագրական հայն այլ ազգի ներսում ագրեսիվ է այն աստիճան, որ կարողանում է իրեն գտնել օրենքի շրջանակներում: Հենց այդ պատճառով Հայաստանի բնակչության մոտ կեսը (1989թ. մարդահամարի տվյալները՝ գումարած Ադրբեջանից եւ Տաջիկստանից փախստականները` մոտ 3,5 մլն մարդ) տարբեր երկրներ մեկնեց` երջանկություն որոնելու: Սա հսկայական սթրես է, որ ապրել եւ ապրում է հայ ժողովուրդը: Այս ամենը ցույց է տալիս, որ միջին վիճակագրական հայը, որը ցանկանում է ապրել հասարակության շահերով, գերադասում է ուրիշ երկրի օրենքը, քան թե սեփականը ստեղծելը: Նա չի հավատում սեփական հասարակության արդարությանը: Այս փաստը իշխանություններին չի անհանգստացնում, ավելին, ուրախացնում է: Իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն անկեղծ զրույցի ժամանակ լրագրողներին մի տեսակ ուրախությամբ ասում էր (փոխանցում եմ նրա խոսքի իմաստը). «Ոչ մի վատ բան չկա, որ այդքան մեծ թվով Հայաստանի քաղաքացիներ հեռանում են, հայերն աշխատասեր են, այնտեղ փող կաշխատեն ու կվերադառնան»: Հետաքրքիր է իմանալ, թե ինչո՞ւ են նրանք կարողանում այդ փողն աշխատել օտար երկրում, որտեղ դեռ պիտի ադապտացվեն, հոգեբանական սթրեսներ ու իրավական ճնշումներ ապրեն, եւ ի վիճակի չեն այդ ամենն անել իրենց հայրենիքում: Եվ սա` այն դեպքում, երբ շատ ու շատ կարեւոր ռազմավարական ու տակտիկական խնդիրների հարցում երկրին չեն բավականացնում մարդկային ռեսուրսները:
3.Մենք վերադարձանք երկրի կառավարման մեր ազգային-էթնիկական մոդելին, որտեղ ընտրության կարեւորագույն ՉԱՓԱՆԻՇԻ ՄԵՋ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ հարկ եղածից քիչ է: Իսկ չէ՞ որ արդար ընտրությունը (ոչ միայն մարդկանց, այլեւ օրենքների, գաղափարների, պլանների, ֆինանսական եւ այլ հաշվարկների, գործընկերների, եւն) հասարակության դեֆորմացված լինելու ամենակարեւոր ցուցանիշն է: Պետական ապարատի կոռումպացվածությունը, պետական մեխանիզմի քիչ արդյունավետությունը, հասարակ քաղաքացիների վրա հոգեբանական ճնշումը եւ պետական պաշտոնյաների երկիմաստ պահվածքը, միջնորդներ որոնելը, իշխանությունից կախված դատարանները` տվյալ դեֆորմացիայի մի քանի ցուցանիշներ են:
4.Այո, արդարությունը չի կարող գոյություն ունենալ սոցիումի առանձին վերցրած հատվածում, այն ժամանակ, երբ մնացած հատվածները մեծ կախվածության մեջ են գտնվում հայ ժողովրդի հավերժական հիվանդությունից` ոչ օբյեկտիվ լինել կամ չտեսնել իրականությունը: Եթե ուսումնասիրենք Հայաստանի ողջ քաղաքական պատմությունը քննադատական վերլուծության տեսակետից, ապա դարերի միջով «կարմիր թելի» պես երեւան կգա ազգի գլխավոր թերությունը` իրականության աղավաղված պատկերացում, այսինքն` ոչ օբյեկտիվ ինքնագնահատական կամ վերլուծություն, շրջապատող աշխարհի ոչ իրական գնահատական, այդ թվում եւ` թշնամիների, բարեկամների, համաշխարհային ասպարեզի խաղացողների… Այդպես է եղել նույնիսկ Տիգրան Մեծի օրոք: Չէ՞ որ պետական դոկտրինան`«Չլինել Հռոմի հետ, բայց չլինել նաեւ Պարսկաստանի հետ», մատնացույց է անում, որ արքան երկիրը տեսնում էր իբրեւ կայսրություն, այն դեպքում, երբ Հայաստանը դեռ չուներ ասիմիլյացիայի համար կարեւոր բաղադրիչներ` սեփական կրոնական դոկտրինա, լեզու, մշակույթ, անգամ կենցաղ… Կարելի է համոզված ասել, որ հայ ժողովուրդը խրոնիկ հիվանդ է այդ արատով:
Այսպիսով, պետության ներսում սելեկցիան եւ ազգային երեւակայության ներսում իրականության վերակառուցման, դրա վերլուծության դեֆորմացվածությունն ազգը դարձնում է ոչ միայն ոչ օբյեկտիվ, այլեւ ծայրահեղ խոցելի: Ազգի կյանքի ներսում միշտ հաղթում էր հասարակական գիտակցության այն մասը, որը մտածում եւ վճիռ էր կայացնում ոչ միայն պահպանողական կերպով, այլեւ շատ թույլ պատկերացում ուներ հասարակության ու երկրի շահերի մասին: Պատկերավոր ասած` հաղթում էր ազգի ստամոքսը, որը ղեկավարում էր ուղեղը, իսկ ավելի ճիշտ` պետության ուղեղը (սա հատուկ տեսակ է, այն առանձնահատուկ է եւ՛ մասշտաբով ու կամքով, եւ՛ հոգեվերլուծական վիճակով) մեր պետության մեջ ստամոքսի ծառան է: Այո, ստամոքսը եւս մտածում է ընդհանուրի մասին, բայց ուշադրություն դարձրեք, թե բնությունն ինչքան բարձր է տեղադրել գլուխը, ինչ հզոր, համալիր ապարատ է տվել ուղեղին, ինչպես է այն պաշտպանում գանգատուփով…
5.Մենք չենք հասկանում, որ ցանկացած ժողովուրդ չափազանց քիչ է ծնում հասարակական կյանքի համար իսկական անհատականություններ կամ պետական գործիչներ: Եվ ժողովուրդը, որպես միակ, պետության մեջ սահմանադրական լիիրավ իրավունքներ ունեցող սուբյեկտ, պետք է առաջ մղի ու պաշտպանի իր ընտրյալներին, հասարակության ներսում արդարության իրական պաշտպաններին: Չէ՞ որ երբ իշխանության սելեկցիան սխալ է ընթանում, մենք տեսնում ենք այդ պետական իշխանության իրոք ականավոր գործիչներին այլ պետություններում: Այդպես հայերն իշխանության մեջ մտան Բյուզանդիայում, եւ հայերը` հզոր տերության կայսրերը, իրենց ցասումը թափում էին այն Հայաստանի գլխին, որն իրենց վտարել էր իր սահմաններից: Նրանք վիրավորված էին երկրից, որը ոչ օբյեկտիվ էր վարվել իրենց հետ, այնպես էր արել, որ իրենք հազիվ էին փրկվել: Այսպիսի հետեւություններ պետք է այսօր անենք մեր քաղաքական պատմությունից, ոչ թե առանց մտածելու պարծենանք այն բանով, ինչն իրականում ազգի դժբախտությունն է:
6.Այժմ վերադառնանք եւ խոսենք այն ՉԱՓԻ մասին, որ նշեցինք վերեւում: Պետական մեխանիզմում ճիշտ սելեկցիայի համար պետք է դրված լինեն մարդկային որակների հիմնական չափանիշները, որոնք պետք է ունենան հստակ ձեւ ու բովանդակություն: Օրինակ` ինչպե՞ս ենք տեսնում մարդկային բարությունը, կամ ո՞վ է մեր պատկերացմամբ բարի մարդը: Մեր հասարակության համար բարի մարդը ճնշված, խեղճուկրակ, ամեն ինչում զիջող եւ ուժի առջեւ նահանջող մարդն է: Այդպիսին է եւ համեստ մարդը: Բայց չէ՞ որ բարի մարդը բարեկեցիկ հասարակության մեջ ուժեղ մարդն է, նա, ով ոգու ուժ ունի եւ խելք, միեւնույն ժամանակ` իր մեջ բարություն է կրում: Բարգավաճող ազգերի մեջ համեստ մարդը բարեպաշտ մարդն է, եւ համեստությունը հաճախ կանգնած է այնպիսի արժանիքների կողքին, ինչպես ազնվությունն ու պատիվը: Մենք չենք կարող պատկերացնել, որ մարդը կարող է համեստ լինել եւ միաժամանակ իր ուժերի վրա վստահ… Հիմա ուրիշ օրինակ բերենք. ո՞վ է մեզ համար գործունյա մարդը: Այդպիսի մարդը հասարակության մեջ առանձնանում է իր արկածախնդիր բնավորությամբ, նպատակամղվածությամբ, հոգեբանական կամքով, մարդկանց հետ հարաբերություններում ռիսկի գնացող բնավորությամբ, երբեմն նա հոգեպես ուժեղ մարդ է: Նա կրթություն չունի, չափազանց կասկածամիտ է, բութ եւ, բնականաբար, ագրեսիվ եւ ուղղամիտ: Սա հիշեցնում է ամերիկյան կովբոյներին` պետության կայացման սկզբում: Սակայն չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ը այն ժամանակ ոչինչ չուներ` բացի հողից, ընդերքից, աշխատելու ցանկությունից եւ այն օբյեկտիվ գնահատականից, որը հիմա էլ շատ երկրներից դեպի Նահանգներ է ձգում աշխատուժը: Եվ առաջին հերթին` ինտելեկտուալ: Բայց մեր դեպքն այլ է: Մենք այս 70 տարիներին կուտակել ենք մեծ քանակությամբ նյութական, ինտելեկտուալ եւ այլ արժեքներ, այնինչ դրանց տիրացել է հենց վերը նկարագրված մարդկանց մի խումբ, որոնք իրենց բիզնեսմեն են կոչում: Թեեւ հանուն արդարության ասենք, որ որոշ մարդիկ շատ բան են սովորել եւ շատ բան են կարողանում: Սակայն ընդհանուր պատկերն այնպիսին է, ինչպես նկարագրում եմ, նույնն են նաեւ իշխանության մեջ միտումները: Թեեւ կարծում եմ` այսօրվա խոշոր կապիտալին ձեռնտու է ստվերից դուրս գալը եւ ի բարօրություն երկրի ու իրեն` ազնիվ աշխատելը:
7.Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են: Մնացած հետեւություններն ինքներդ կարող եք անել: Եվ հենց նման ընկալումով ենք մենք կառուցում մեր դեֆորմացված հասարակությունը: Մենք կորցնում ենք հասարակության կառուցողական ուժերին, այնինչ արարման, ստեղծման խելացի, ռացիոնալ էներգիան անսահման չէ: Մենք ուզում ենք ծայրահեղ ագրեսիվ, ոչ խելացի եւ ագահ էներգիայով մեզ ենթարկել պետական մեքենան, որը, ցավոք, բազմաթիվ արատներ ու թերություններ ունի: Պատկերավոր ասած` մենք հրամանատար ենք ընտրում` հաշվի առնելով փողոցային ձեռնակռվի մեջ մարդու պահվածքը… Մեր հասարակությունը, սա պետք է միանշանակ ասել, ներսից է հիվանդ, եւ ցանկացած արտաքին ցնցում, հատկապես ռազմական հակամարտությունները, ողբերգական հետեւանքների են հանգեցնում:
8.Ո՞վ է այսօր միջին վիճակագրական հայը: Ո՞վ է հայության այդ կրողը, որն առանձնացնում է ավանդույթն ու պահպանում այն: Ո՞վ է ազգի ներսում պահպանել իր տեսակը: Ո՞վ է հայության կրողը: Ո՞վ է ժողովրդին ապրելու հնարավորություն տվել եւ ո՞վ նրան հնարավորություն չի տալիս իր տեղը գտնելու զարգացած հասարակության մեջ:
Միջին վիճակագրական հայը ազգի մեջ սկիզբ է առնում ցեղասպանությունից հետո՝ երեք հարթություններով՝ գյուղացիություն, արհեստավորներ եւ առեւտրականներ: Որտեղի՞ց կարող ենք այսօր էլիտա ունենալ: Միջին վիճակագրական հային կարելի է բնութագրել որպես միջակ-ունիվերսալ տեսակ: Ի՞նչ է կանգնած դրա հետեւում:
9.Մենք պետք է տեսնենք, թե պետականությունը կորցնելուց հետո հայի որ տեսակն է կարողացել դարերի ընթացքում վերապրել էթնիկ եւ պատմական այս տարածքներում, եւ ինչպիսի բնորոշ գծեր ունի նա: Եվ այսպես, վերապրել է այն տեսակը, որը հույսն իր վրա էր դնում: Այստեղից էլ գալիս է ամուր ընտանիքը, բայց քայքայվող հասարակությունը: Այդպիսիները մեր հասարակության մեջ մեծամասնություն են: Այն դեպքում, երբ մյուս ազգերի մեջ դրանք ընդամենը 10-15% են կազմում: Նա կենսունակության մեծ իմունիտետ ունի, նա տիրապետում է (կամ գաղափար ունի) տարբեր հմտությունների (սակայն պրոֆեսիոնալ չէ եւ դժվար թե դառնա), մի քանի մասնագիտությունների: Միայն նա է մնացել հայրենի հողում, չի լքել Հայրենիքը, բայց այլադավանների մեջ նրա վայրիացած կյանքը նրան զրկել է բազմաթիվ կարեւոր հատկանիշներից: Իրականում նա ոչ գյուղացի է, ոչ արհեստավոր, ոչ էլ առեւտրական, նա այդ մասնագիտությունների խառնուրդն է, սակայն վատթարագույն ձեւով: Նա ամբողջովին իրավիճակի վերլուծության մեջ է. դժվար թե կարելի է հույս դնել նրա խոսքի վրա, քանի որ նա իրեն չի կապում տվյալ իրավիճակի հետ, քանզի խորը պատկերացում չունի ապագայի մասին: Նա զուրկ է հպարտությունից եւ արժանապատվությունից, դրա փոխարեն նա ունի ազգային սնապարծություն եւ ինքնահավանություն: Նրան Երեւանում կոչում են «գեղցի», հենց նա էլ այս դժվարին դարերի ընթացքում թույլ չի տվել, որ ազգը մահանա, թույլ չի տալիս, որ մահանա: Նա գրեթե աթեիստ է, թեեւ դեմքի աստվածավախ արտահայտություն ունի եւ նույնիսկ կարող է, ելնելով սեփական սնափառությունից, եկեղեցի կառուցել: Նա ապրում է միայն սեփական ընտանիքի ներսում. խոսքը մեծ ընտանիքի մասին է. ընտանեկան կապերը շատ հզոր են: Նա երբեք չի համախմբվում լավ կազմակերպված սոցիումի մեջ, ձեւացնում է, թե հարգում է օրենքը, սակայն լավ գիտե բյուրոկրատիայի գինը, քանի որ հենց այդ միջավայրից են ծնվում մեր ղեկավարները: Նա ծայրահեղ խնայող է, անգամ ժլատ, թեեւ «առատաձեռնություն» թույլ է տալիս իրեն: Եվ հենց այդ միջակ-ունիվերսալ տեսակն է խոչընդոտում ազգային կյանքի մեխանիզմը՝ թույլ չտալով նրան մոդեռնացվել: Պետք է հիշել նաեւ այն մասին, որ այդ միջակ-ունիվերսալ տեսակը սեփական կարծիք չունի այնպիսի կարեւորագույն հարցերի շուրջ, ինչպես պատմության զարգացումը, գիտությունը կամ մշակույթն են: Այսինքն՝ նա չգիտի, թե ում որ աստիճանին պետք է բարձրացնել գործունեության ցանկացած ոլորտում: Նա չարացած եւ միաժամանակ ամենաբարի մարդն է: Նա ինդիվիդուալիստ է: Նա լավ է կարողանում հաշվել փողը: Նա առիթը բաց չի թողնի ծիծաղելու քաղաքացու, հատկապես կրթված մարդու վրա՝ ինտելեկտը համարելով վնասակար եւ ավելորդ բան: Այստեղից էլ «շատ կարդալուց խելքը թռցրել է» արտահայտությունը: Նա քծնանքով է նայում հայտնի մարդկանց, հանրահայտ հային, որն ինչ-որ տեղ ինչ-որ բանում հռչակ է ձեռք բերել, կարծես այլ ազգերից ողորմություն է ստացել: Նա չի կարողանում գնահատել իր ժամանակակիցներից ոչ մեկին, ինչպես, թերեւս, պատմությունից որեւէ մեկին: Քանզի նրա գեղարվեստական պատկերացումն այնքան էկլեկտիկ է եւ զուրկ իրական կողմնորոշիչներից, որ ռաբիսից բացի նա ոչ մի բան իրականում չի հասկանում եւ չի զգում: Սա վերաբերում է անգամ ֆոլկլորին, որն, ինչքան էլ տարօրինակ է, ինքն էլ ստեղծում է:
11.Եվ այսպես, նա կազմում է այն ՉԱՓԻ չափանիշները, որի մասին վերը խոսում էի: Բայց միաժամանակ այդ «գեղցին» կամ միջակ-ունիվերսալ տեսակը թույլ չի տալիս ազգին զարգանալ: Նա դեռ պատրաստ չէ պետական իշխանության սեփական համակարգին, քանզի դարերով նա արհամարհել է իրեն ստրկացնողի կամ օտարի օրենքը, շրջանցել այն, եւ նրա՝ ստրկացնողի իշխանությունը, ինչ-որ տեղ համարում էր իր սեփական շահերի շրջանակներից դուրս: Նա միանշանակ եւ հստակ հասկացել է՝ եղունգ ունես, գլուխդ քորիր: Այսպիսին է ազգային կյանքի ողջ մեխանիզմը: Ի դեպ, սա շատ լավ գործող մեխանիզմ է, եւ դրա փլուզումը մեծ ջանքեր կպահանջի, ու ժողովրդի եւ պետության համար բավականին կորուստների պատճառ կդառնա:
12.Ուշադրություն դարձնենք հետեւյալ փաստերին եւ համեմատենք: Ժողովուրդը ստեղծում է երեք համակարգ՝ ընտանիք, ազգ, պետություն: Եկեք համեմատենք այդ երեք համակարգերը մի քանի մեզ ծանոթ ազգերի մեջ: 1. Ռուսներ. ընտանիքը ազգից թույլ է, ազգը պետությունից է թույլ: Այսինքն՝ ամենաուժեղ օղակը պետությունն է: 2. Հրեաներ. ընտանիքը ազգից թույլ է, ազգը պետությունից ուժեղ է: Ամենահզոր օղակը ազգն է: 3. Զարգացած եվրոպական երկրներ. ընտանիքը ազգից թույլ է, ազգը հավասար է պետությանը: 4. Հայեր. ընտանիքը ազգից ուժեղ է, ազգը ուժեղ է պետությունից: Մեզ համար ամենաուժեղ օղակը ընտանիքն է:
13. Այս պայմաններում ինչպե՞ս կարող է օբյեկտիվ աշխատել սելեկցիայի մեխանիզմը ազգային պետության կամ, ավելի լայն իմաստով, ազգի մեջ: Այնպես որ, հաջորդ ընդունելության քննություններին հատուկ անհամբերությամբ ենք սպասելու, քանզի այն պահին, երբ մենք սովորենք գնահատել մեր ապագան, մեր երիտասարդության տաղանդավոր հատվածին, այն ժամանակ ազգային կյանքի մեխանիզմում երեւան կգան ավելի ճշգրիտ կողմնորոշիչներ եւ իշխանության ընտրության, եւ մնացյալի հարցում: